
«Նոր Հայաստանի» երկընտրանքը
Նախագահական ընտրություններից հետո ընդդիմության օրակարգում, ըստ էության, իշխանափոխության երկու հիմնական տարբերակ է քննարկվում: Մեկն առաջ է քաշել Րաֆֆի Հովհաննիսյանը, մյուսը՝ Լևոն-Տեր Պետրոսյանը: Առաջինի իմաստը ընդդիմադիր միասնական ճակատի ստեղծումն է, որտեղ գլխավոր գործող անձը ոչ թե քաղաքական ուժերն են՝ իրենց մասնավոր ամբիցիաներով, այլ ՀՀ պահանջատեր քաղաքացին: Այսինքն՝ քաղաքական միավորների խնդիրը դառնում է ընդամենը սկսված քաղաքացիական շարժման ծավալման համար նպաստավոր պայմաններ ստեղծելը և պաշտպանելը:
Երկրորդի իմաստը, այսպես կոչված, բուրժուադեմոկրատական հեղափոխության իրականացումն է, երբ հայրենի բուրժուազիան միավորում է ժողովրդական լայն զանգվածներին ու համատեղ ուժերով ստիպում իշխանություն ունեցող քաղաքական ուժին հեռանալ ասպարեզից: Այսինքն՝ մոտավորապես այն, ինչ տեղի ունեցավ Ռուսաստանում 1917թ. փետրվարին: Եվ հիմա հայաստանյան քաղաքական միտքը ճգնում է հասկանալ, թե այս տարբերակներից որն է կենսունակ, որովհետև, ըստ էության, դրանք դիտարկվում են որպես միմյանց փոխբացառող գաղափարներ: Սակայն, դրանց հիմնական նմանությունն այն է, որ երկուսն էլ ուտոպիստական են ու անիրագործելի այն ձևի մեջ, որն առաջարկվում է և այն իրականության պայմաններում, որտեղ փորձ է արվում կիրառել:
Քաղաքացու հեղափոխության ուրվականը
Այսպես կոչված «Ազգային ճակատի» ձևավորումը՝ որպես գաղափար և ճանապարհային քարտեզ, կարելի է ելակետային, բազիսային համարել: Այնտեղ երևում է վերջնանպատակը, պատկերանում է վաղվա օրվա այն Հայաստանը, որը ցանկանում է տեսնել յուրաքանչյուր քաղաքացի: Սակայն ո՞րն է դրան հասնելու ճանապարհը՝ պարզ չէ. Րաֆֆի Հովհաննիսյանին ոչ մի կերպ չի հաջողվում ցույց տալ այդ ուղին և համոզել, որ այն, ինչ ինքն է առաջարկում, դրա ամենաճշմարիտ ու արդյունավետ տարբերակն է: Րաֆֆին առաջարկում է որակական, բարոյական վերափոխում: Բայց իշխանափոխությունը և դրան նպատակաուղղված շարժումը ոչ այնքան բարոյականության, որքան քաղաքականության կատեգորիաներ են, որովհետև ենթադրում են բացառապես քաղաքական գործիքակազմի կիրառում: Հենց այդ գործիքակազմն է, սակայն, որ չի տեսնում քաղաքացին:
Մյուս կողմից` քաղաքացիական շարժման հաջողության գրավականը քաղաքացիական գիտակցության հստակ ձևավորումն է: Իսկ դա հնարավոր է միայն այն ժամանակ, երբ այդ արժեքներն իր մեջ կրող իրական քաղաքացին, քաղաքացիական հանրույթը եթե անգամ մեծամասնություն չէ հասարակության մեջ, գոնե արդեն կարողացել է մթնոլորտ փոխել: Այդ հանրությունը մեզանում, որքան էլ ակտիվ, դեռևս փոքրամասնություն է: Այսինքն՝ նման շարժում ունենալու համար նախ անհրաժեշտ է ստեղծել այդ քաղաքացու` իբրև միջին հայաստանցու կերպարը, որը որակ կդառնա եւ կտրանսֆորմացվի քաղաքականության մեջ:
Իսկ դա ենթադրում է երկարաժամկետ, հետևողական ու պլանավորված գործողությունների համակարգ: Արդյոք ներկայիս քաղաքական ընդդիմությունն ի վիճակի՞ է ստանձնել այդ առաքելությունը, երբ ինքնին քաղաքական համակարգն է փտած ու արժեզրկված, երբ քաղաքացին այսօր գրեթե չի հավատում կուսակցություններին: Այս տեսանկյունից կարող են ժամանակավոր հենապատնեշի դեր կատարել իր իրական ձգտումներում Րաֆֆի Հովհաննիսյանի անկեղծությունը, ամբիցիաներից զերծ լինելն ու նվիրումը, որոնց հասարակությունն իսկապես հավատում է:
Հենց դա է պատճառը, որ ապրիլի 9-ին Հովհաննիսյանի և իր թիմի արած կոպիտ մարտավարական սխալներից հետո անգամ հասարակությունը նրա ետևից գնալու պատրաստակամ սպասողականության մեջ է: Սակայն «Բարևի շարժման» առաջնորդը գտնվում է մի այնպիսի հանգրվանում, երբ արդեն հայրենասիրական զեղումներն ու ռոմանտիկական բաց զգացումների արտահայտումը բավարար չեն կարող լինել: Եթե Հովհաննիսյանը չկարողանա թվարկել քաղաքական այն գործիքակազմը, որով ձևավորելու, միս ու արյուն է տալու քաղաքական այդ ճակատին, ներկայացնել վերջինիս կառուցվածքային ու ֆունկցիոնալ գծապատկերը, չի կարող դուրս գալ փետրվարի 18-ի՝ արդեն իրեն սպառած տրամաբանությունից:
Բուրժուադեմոկրատական հեղափոխության մարտիկները
Տեր-Պետրոսյանի առաջարկի պարագայում լրիվ հակառակն է. դրանում կա տրամաբանություն, քաղաքական գործիքակազմը, մարտավարությունն առավել քան տեսանելի ու պարզ են: Սակայն հասկանալի չէ նպատակը. ինչի՞ կամ ո՞ւմ համար է նախատեսում այդ բուրժուադեմոկրատական հեղափոխությունը: Որպեսզի Տեր-Պետրոսյանը համոզի, որ դա ամենաճիշտ ճանապարհն է, պետք է ապացուցի ընդամենը երեք բան.
1. Որ Հայաստանում ունենք ազգային բուրժուազիա, այլ ոչ թե ֆեոդալների հավաքածու, և որ այդ բուրժուազիան ի վիճակի է դուրս գալ սեփական կաշվի ու նեղ ստամոքսային մտահորիզոնի շրջանակներից, տեսնել հասարակական, ընդհանուր շահը, առավելևս առաջնորդվել դրանով: «Բուրժուազիայի» այն շրջանակը, որի վրա հույս է դրել Տեր-Պետրոսյանը, իրականում այս իշխանության գենետիկ ողջ բազայի կրողն է, նրա զավակը: Այն ունի նույն մշակույթը, առաջնորդվում է նույն կարծրատիպերով, ավանդույթներով, ընկալումներով, ինչ իշխանությունը: Եթե այն ունի իշխանությունը տապալելու ցանկություն և կամք, ապա ոչ թե քաղաքացիական հասարակություն ձևավորելու, մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների վրա հիմնված պետություն ստեղծելու, այլ ընդամենը նրան փոխարինելու համար: Եթե Տեր-Պետրոսյանի նպատակը պարզապես գումարելիների տեղերը փոխելն է, ապա նրա արած խաղադրույքը լրիվ արդարացված է: Բայց դա երբեք որակական հեղափոխության չի կարող հանգեցնել:
2. Որ ինքը տիրապետում է այն «դեմոսին»` այդ արժեքներով առաջնորդվող հասարակական զանգվածին, որը պատրաստ է գնալ իր ետևից: Իրականում այդ զանգվածին Տեր-Պետրոսյանը կորցրեց հենց հանուն ազգային բուրժուազիայի կամ նրա «սերուցքի» արած քաղաքագիտական իր հայտնի վերլուծություն-մանևրներով: Այդ զանգվածը հիմա կրկին Ազատության հրապարակում է, որտեղ, սակայն, արդեն չկա ինքը՝ Տեր-Պետրոսյանը: Իրավիճակի ամբողջ ողբերգականությունն այն է, որ դա վաղուց հասկանում են բոլորը՝ անգամ նրա շրջապատը, բացի Տեր-Պետրոսյանից, ում մեջ ԲՀԿ-ի միջոցով իշխանափոխության իրականացման գաղափարը դարձել է մտասևեռում: Այն քաղաքական թիմը, հասարակությունը, բարոյական արժեքները, որոնք ժամանակին թևեր էին տալիս Տեր-Պետրոսյանին, հիմա մերժված են վերջինիս կողմից:
3. Որ կարող է երաշխավորել, որ այդ հեղափոխությունը ոչ թե օլիգարխիայի իշխանություն է բերելու Հայաստանում, այլ իրական ազատություններ հասարակությանը և պետությանը: Տեր-Պետրոսյանը կարծում է, թե բուրժուական հեղափոխությունից հետո կարող է դառնալ երկրորդ Լենինը` իրականացնելու նաև երկրորդ հեղափոխությունը՝ իշխանությունը բուրժուաներից խլելու համար: Մոլորությունը գալիս է այն թյուր համոզմունքից, թե ինքն է իրավիճակի տերը և այդպիսին լինելու է միշտ: Անցած երկու տարում ԲՀԿ-ի հետ սկսած սիրախաղերից, սակայն, պարզ դարձավ, որ դա ընդամենը մուկնուկատվի սիրախաղ է, որտեղ «կատվի» դերում հաստատ ինքը չէ: Ուժերի նման դասավորության պայմաններում Տեր-Պետրոսյանը կարող է ընդամենը բարեհաջող կերպով մեկ օլիգարխի իշխանությունը դարձնել մի քանի օլիգարխներինը՝ ինքը դառնալով մարգինալ: Եվ ոչ ոք բացարձակապես չի կարող երաշխավորել, որ դա ավելի լավ է, քան այն, ինչ կա հիմա:
Դժվար է ասել՝ այս երկու սցենարներից որն ավելի կենսունակ կլինի, ու որ ուղղությամբ կզարգանան իրադարձությունները, եթե առհասարակ որևէ զարգացում լինելու է: Բայց պարզ է, որ, այսպես կոչված, «Նոր Հայաստանի» տեսլականը կախված է մեկ երկընտրանքից. գնալ որակակա՞ն փոփոխությունների ճանապարհով, թե՞ դրա իմիտացիան ստեղծելով` զուտ ռոտացիոն տեղափոխությունների:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել