Եվրոպայի խորհրդի դիտորդական առաքելությունը կհետևի Երևանի ավագանու ընտրություններին
ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Հայաստանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկին:
Հանդիպմանը Օ. Պավլյուկը տեղեկացրեց, որ մայիսի 1-ին Հայաստան կժամանի Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելությունը՝ Երևանի ավագանու ընտրություններին հետևելու համար: Առաքելության կազմում ընդգրկված կլինեն նաև ԵՄ համապատասխան կառույցների ներկայացուցիչներ:
Այցի ընթացքում դիտորդական պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ կառավարությունում, ԿԸՀ-ում, հանդիպումներ են նախատեսվում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Զրուցակիցներն անդրադարձան նաև Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության ընթացքում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտներում նախատեսվող միջոցառումներին:
Ա. Գևորգյանը նշեց, որ հունիսին Երևանում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի բյուրոյի նիստը, այնուհետև կհրավիրվի միջազգային համաժողով՝ նվիրված տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության խնդիրներին, իսկ աշնանը նախատեսվում է ԵԽ անդամ երկրների մայրաքաղաքների ղեկավարների հանդիպում Երևանում: ԵԽ-ում Հայաստանի նախագահության շրջանը զրուցակիցները փոխգործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու լավ հնարավորություն համարեցին:
Կողմերը քննարկեցին նաև տեղական ինքնակառավարման համակարգի հետագա բարեփոխումներին առնչվող հարցեր: Ա. Գևորգյանը տեղեկացրեց, որ առաջիկա բարեփոխումները վերաբերելու են համայնքների խոշորացման, ֆինանսական համահարթեցման, տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության ընդլայնման, ավագանու ինստիտուտի ամրապնդման, համայնքային ծառայության համակարգի կատարելագործման ուղղություններին: Այդ գործընթացում Հայաստանն ակնկալում է նաև ԵԽ գործընկերների աջակցությունը:
Oլեքսանդր Պավլյուկը կառույցի անունից աջակցության ու սերտ համագործակցության պատրաստակամություն հայտնեց: Այս մասին տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել