
Բացահայտվել է սոցիալական կայքի օգտատերերի անահատական էջերին տիրացած անձի ինքնությունը
Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում բացահայտվել է այն անձը, ով ապօրինի տիրանացել է odnoklassniki.ru սոցիալական կայքի 2 օգտատերերի անհատական էջերին և դրանք անվանափոխել:
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում 2013թ. փետրվարի 18-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել էր, որ 2013թ. հունվարի 22-ին «Nar» անհատական էջի օգտատերը odnoklassniki.ru սոցիալական կայքում Հ.Ներսիսյանի հետ ունեցած նամակագրության ընթացքում հայտնել է, որ կկոտրի նրա անհատական էջը, եթե վերջինս հրաժարվի ընդունել ընկերանալու իր հրավերը:
Հետագայում Հ.Ներսիսյանը, չկարողանալով մուտք գործել իր անհատական էջ, նկատել էր, որ այն անվանափոխված է:
Բացի դրանից՝ պարզվել էր նաև, որ նույն ժամանակահատվածում անհայտ անձն ապօրինի տիրացել է նաև Հ.Ներսիսյանի ընկերոջ՝ Ս.Համբարձումյանի՝ odnoklassniki.ru սոցիալական կայքի անհատական էջին:
Հանցագործության բացահայտմանն ուղղված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ odnoklassniki.ru սոցիալական կայքի վերոնշյալ անհատական էջերին տիրացել է Ն.Գրիգորյանը, ով օգտագործել է ընկերոջ՝ Գ.Հակոբյանի համակարգիչը:
Նախաքննության ընթացքում Ն.Գրիգորյանը խոստովանել է կատարած արարքը:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազությունը:
Մեկնաբանել