«Առավոտ». որտե՞ղ է Խաչատուր Սուքիասյանը եւ ինչո՞վ է զբաղվում
Վերջերս հանրության շրջանում լուրեր են տարածվել, թե «Բջնի» հանքային ջրերի գործարանը վերադարձրել են Սուքիասյան ընտանիքին: Այդ կապակցությամբ «Առավոտը» պարզաբանումների խնդրանքով դիմել է «Սիլ կոնցեռնի» բաժնետեր Սարիբեկ Սուքիասյանից:
«Ոչ, գործարանը, ինչպես գիտեք, խլեցին մեզնից ավագ եղբորս՝ Խաչատուր Սուքիասյանի քաղաքական դիրքորոշման պատճառով: Եվ ոչ միայն գործարանը, այլ նաեւ «Բջնի» եւ «Նոյ» ապրանքանիշերը, բրենդը: Օտարեցին՝ ոտնահարելով մեր քաղաքացիական եւ գործարար արժանապատվությունը, գրված եւ չգրված բոլոր օրենքները:
Սակայն մենք պայքարել ենք եւ պայքարելու ենք սեփականության մեր իրավունքը վերականգնելու համար: Եվրոպական դատարանը տեւական ժամանակ է, ինչ վարույթ է ընդունել եւ ուսումնասիրում է մեր հայցը, եւ ես համոզված եմ, որ մենք կհասնենք հաջողության:
Այս պարագայում մեր նպատակը ոչ միայն մեր գույքը վերադարձնելն է: Իշխանությունները պետք է սովորեն հարգել եւ պաշտպանել մասնավոր սեփականության իրավունքը, առանց այդպիսի վերաբերմունքի ավելորդ է խոսել երկրի զարգացման մասի»,- ասել է Սարիբեկ Սուքիասյանը:
«Առավոտը» հետաքրքրվել է նաեւ, թե որտե՞ղ է Խաչատուր Սուքիասյանը եւ ինչո՞վ է զբաղվում:
«Խաչատուրն արտերկրում է, աշխատում է մեծ համացանցային ծրագրի վրա, որի մասին շուտով բոլորս տեղյակ կլինենք: Նրա դիրքորոշման մեջ որեւէ փոփոխություն չկա»,- պատասխանել է Սարիբեկ Սուքիասյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել