Տիգրան Սարգսյանն այցելել է «Մանչո գրուպ»
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է ալյուրի, հրուշակեղենի, գինու և կոնյակի արտադրությամբ զբաղվող «Մանչո գրուպ» ընկերություն: Տիգրան Սարգսյանը շրջել է ընկերության տարբեր արտադրամասերով՝ ծանոթացել արտադրական գործընթացներին, ինչպես նաև ներդրումային նոր ծրագրերին:
Մինչև 2012 թվականն ընկերությունն ալյուրի և հրուշակեղենի արտադրության ոլորտում ներդրել է 12 մլն դոլար, իսկ գինու, կոնյակի և մրգային օղիների արտադրություններում՝ 15 մլն դոլար: Նախատեսվում է ևս 8 մլն դոլար ներդնել սառնարանային տնտեսության և մրգային պահածոների գործարանի կառուցման համար:
Ընկերությունում աշխատում է 172 մարդ: 2013 թվականին նախատեսվում է աշխատատեղերի թիվն ավելացնել 100-ով:
«Մանչո գրուպը» զբաղվում է հացահատիկային բոլոր տեսակի կուլտուրաների՝ ցորենի, գարու, եգիպտացորենի խոշոր ներկրումով, ինչպես նաև տեղական արտադրանքի մթերումով և վերամշակումով, ալյուրի և հրուշակեղենի արտադրությամբ:
Ընկերությունը շահագործում են 2 ալրաղաց, որոնց արտադրողականությունը կազմում է օրական 100 տոննա:
2008-2009թթ. «Մանչո գրուպն» ընդլայնել է արտադրությունը՝ կազմակերպելով նաև գինու և կոնյակի սպիրտի արտադրություն (հնեցում), խաղողի լավագույն տեսակներից դասական տեխնոլոգիայի միջոցով: Խաղողից ստացված գինու և կոնյակի հետ զուգահեռ ընկերությունը մթերում և արտադրում է բարձրորակ նռան գինի:
2011թ.-ից սկսած արտադրվում է նաև մրգային օղի, որը պատրաստվում է թթից, հոնից, ծիրանից, դեղձից և տանձից: 2012թ.-ի նոյեմբերից «Մանչո գրուպի» գինու, կոնյակի գործարանն իր տեսականիով ներկայացված է տեղական շուկայում:
Ընկերությունը 2012 թ. ՀՀ պետբյուջե է փոխանցել շուրջ 586.5 մլն դրամ՝ զբաղեցնելով խոշոր հարկատուների ցանկի 159-րդ տեղը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել