Սեյրան Օհանյան. գարնանային զորակոչի իրականացման միջոցառումներն ավելի են խստացվելու
Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2012թ. աշնանային զորակոչի արդյունքները և քննարկվել 2013թ. գարնանային զորակոչի պլանավորման աշխատանքները:
Նիստին ներկա են եղել շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները, մարզպետները ՀՀ ԶՈւ ԳՇ ղեկավար կազմը, վարչության պետեր, զորամասերի հրամանատարներ և զինծառայողներ, բժշկական հանձնաժողովների ներկայացուցիչներ:
Նիստը բացել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա կարևորել է գարնանային զորակոչի ամբողջ ընթացքում հանրային լայն իրազեկման իրականացումը, թափանցիկության և բանակ-հասարակություն լիարժեք փոխվստահության մթնոլորտի ապահովումը:
Հիմնական զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը: Ներկայացնելով 2012թ. աշնանային զորակոչի արդյունքները՝ նա անդրադարձել է գրանցված հաջողություններին և թերացումներին, ուղենշել 2013թ. գարնանային զորակոչի անելիքները:
ՀՀ ԶՈւ ԳՇ ռազմաբժշկական վարչության պետ, փոխգնդապետ Կ. Խաչատրյանը ներկայացրել է նախորդ զորակոչի ընթացքում ռազմաբժշկական ապահովման արդյունքները՝ ընդգծելով, որ առկա է զգալի առաջընթաց:
Նիստն ամփոփել է Սեյրան Օհանյանը: Նա նշել է, որ զորակոչի ուղղությամբ 2012թ. կատարված հետևողական և բարեխիղճ աշխատանքների արդյունքում գրանցվել են կարևոր հաջողություններ:
Սեյրան Օհանյանն ընդգծել է նաև, որ զորակոչային աշխատանքներին մասնակցող բոլոր պատասխանատու մարմինների համատեղ ջանքերի շնորհիվ 2012թ. աշնանային զորակոչի ընթացքում կոռուպցիոն դեպքերը շարունակական նվազել են, սակայն առկա են նաև թերացումներ:
Նրա խոսքով՝ գարնանային զորակոչի իրականացման միջոցառումներն էլ ավելի են խստացվելու: «Աշխատանքներն արդեն մեծ թափ են ստացել: Փոփոխության են ենթարկվում նորմատիվ իրավական ակտերը: Կարող են հիմնովին վարանայվել բժշկական հանձնաժողովների գործառույթները: Հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել մարզային հանձնաժողովների աշխատանքի, նախազորակոչային տարիքի երիտասարդների ռազմահոգեբանական, սոցիալիրավական նախապատրաստության իրականացման վրա»,- ասել է նախարարը:
Հանձնաժողովի նիստում նշվել են լավագույնները, ինչպես նաև թերացողները: Զորակոչի անցկացման մի շարք պատասխանատուների և զինծառայողների պաշտպանության նախարարն արժանացրել է պատվոգրերի, արժեքավոր նվերների և գերատեսչական մեդալների: Այս մասին հայտնում է ՊՆ կայքը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել