
Կոլյա Ղուկասյանը ձերբակալված է, Հարություն Խաչատրյանից առգրավվել է փամփշտակալ
Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնում այսօր՝ ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիում տեղի ունեցած հանցագործության մասին:
Հիշեցնենք, որ Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել էր:
Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, ինքնաձիգի 4 պարկուճ, «Մակարով» ատրճանակի 3 պարկուճ և 1 կրակված գնդակ:
Հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված Հարություն Խաչատրյանի բաճկոնի գրպանից հայտնաբերվել և առգրավվել է «Մակարով» ատրճանակի 1 փամփշտակալ՝ 7 փամփուշտով:
Հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկված Կոլյա Ղուկասյանը ձերբակալված է:
Դեպքի հնարավոր ականատեսներ հայտնաբերելու նպատակով հարցաքննվել են վկաներ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով: Նախաքննությունը շարունակվում է:
Մեկնաբանել