HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պահանջ Թուրքիային. վերադարձնել հայկական եկեղեցիները, կալվածքները և հոգևոր-մշակութային արժեքները

2015 թ. հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և ի սփյուռս աշխարհի նշելու է 100-րդ տարելիցը Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության:

1915 թ. ցեղասպանությանը զոհ գնացին ավելի քան մեկուկես միլիոն հայեր, աքսորի ճանապարհներին վերապրած հայերը ապաստան գտան Արևելյան Հայաստանում` ներկայիս Հայաստանի Հանրապետությունում, Սիրիայում, Լիբանանում, արաբական այլ երկրներում ու աշխարհի տարբեր պետություններում:

Անհատական սեփական կալվածքների հետ Օսմանյան կայսրության ենթակայության ներքո գտնվող Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում, ինչպես և Թուրքիայի այլ շրջաններում ապրող հայությունը կորցրեց նաև եկեղեցապատկան կալվածքներ` եկեղեցիներ, սրբատեղիներ, վանքեր, կրոնական, կրթական ու բարեսիրական կենտրոններ, մշակութային ու կրոնական մեծ արժեք ունեցող իրեր` խաչքարեր, ձեռագրեր, սրբանկարներ և այլն: Ցեղասպանության ենթարկված ու բռնի միջոցներով տեղահանված հայ ժողովրդին պատկանող բոլոր կալվածքները սեփականացվեցին Թուրքիո պետության կողմից` «լքյալ կալվածքներ» անվան տակ:

Ցեղասպանությունից 98 տարիներ անց Թուրքիո ներկա պետությունը` որպես իրավահաջորդը Օսմանյան կայսրության, ոչ միայն մերժում է իր նախորդների ծրագրած ու իրագործած ցեղասպանությունը, այլև շարունակում է իր հակահայ քաղաքականությունը` բռնագրավված պահելով հայ ժողովրդի կրոնական ու մշակութային արժեքները` եկեղեցապատկան կալվածքներն ու իրերը:

Հետևաբար, կոչ ենք ուղղում Թուրքիո պետությանը և պահանջում.

1) Ճանաչել Հայոց ցեղասպանությունը

2) Ամբողջապես հատուցել հայ ժողովրդի կրած կորուստների և մարդկային ու ազգային ոտնահարված իրավունքների դիմաց

3) Անհապաղ վերադարձնել հայ ժողովրդին` որպես իրավատիրոջ, հայկական եկեղեցիները, վանքերը, եկեղեցապատկան կալվածքները և հոգևոր-մշակութային արժեքները:

Աղոթքով հիշելով Հայոց ցեղասպանության զոհերին` դատապարտում ենք ամեն բռնարարք` ուղղված աստվածապարգև կյանքի, մարդու արժանապատվության և մարդկության խաղաղ համակեցության դեմ, քանզի «Աստված խռովության Աստված չէ, այլ` խաղաղության» (Ա Կորնթ. 14.33), որ մարդկանց կոչել է սիրո, համերաշխության և գործակցության:

Երախտագիտությամբ ենք հիշում բոլոր ժողովուրդներին ու պետություններին, որոնք Ցեղասպանության օրերին ապաստան տվեցին տեղահանված հայերին և հոգատարություն ու եղբայրական սեր ցուցաբերեցին հայրենազրկված ու տարագրված հայերի հանդեպ:

Հայ ժողովուրդը հավետ երախտագետ է լինելու նաև այն բոլոր պետություններին, որոնք մարդասիրության և արդարության սկզբունքներով առաջնորդված` դատապարտել և պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախասեմին մեր բոլոր կարելիությունները ի գործ պիտի դնենք` միասնաբար իրականացնելու հայ ժողովրդի պահանջները` հանուն արդարության և հայության իրավունքների պաշտպանության:

                        ԳԱՐԵԳԻՆ Բ                                                         ԱՐԱՄ Ա

     ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ              ԿԱԹՈՂԻԿՈՍ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ

Մեկնաբանություններ (1)

Վ. Առաքելյան
Չգիտեմ ով է ստորագրել Գարեգին Բ Կամ Արամ Ա անուններով այս հոդվածը, սակայն կարծում եմ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍը գիտի որ մենք երկիր ենք կորցրել և իր պահանջատիրության երկրորդ կետով ոչ թե պետք է երկիրը ծախող գործարարի նման պահանջեր փոխհատուցում որը նախապես հայտնի է թե ում գրպանը կմտնի այլ պետք է պահանջեր տիեզերական, աստվածային արդարություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter