HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Առաքելյան

Բեռլինում Մեծ եղեռնին նվիրված միջոցառումներն սկսվեցին

Բեռլինում Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշ-միջոցառումների շարքը մեկնարկել են տեղի հայկական դպրոցի սաները` Բեռլինի Կայսեր Վիլհելմի անվան Հիշատակի եկեղեցու մատուռում «Կոչե՛մ ապրողաց» խորագրով: Խորհրդանշական է այն, որ միջոցառումը սկսվել է ՀՀ պետական հիմնով, որը կատարել է 5-ամյա Հասմիկը` ոտքի հանելով հանդիսատեսին:

Ներկաների շարքում են եղել Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ սրբազան Գարեգին արքեպիսկոպոս Բեկճեանը, Գերմանիայում ԼՂՀ ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը, Բեռլինի մշակութային միության ատենապետ Վարդգես Ալյանակը, Բեռլինի եկեղեցական և մշակութային միության վարչության անդամները և տեղի հայ բնակիչներ:

«Փոքրիկի կատարմամբ հիմնը անսահման հուզիչ էր, բայց և ապրեցնող, հուսադրող և պայքար ներշնչող: Սա ապրողաց ձայնն էր՝ Եղեռնից մոտ մեկ դար հետո փոքրիկ «Մայր Հայաստանի» խորհրդանիշով,- պատմում է բեռլինաբնակ Սրբուհի Մարտիրոսյանը,- ավելացնելով,- վերջին 10 տարիներին արտերկրում ապրելով բազմիցս եմ մասնակցել ապրիլ 24-յան հիշատակի երեկոներին, սակայն այս անգամ Ցեղասպանության ցավը վերապրելու հետ միասին ներքին պայքարի ուժ ու հավատի նոր լիցք հաղորդեցին դպրոցի սաները՝ իրենց ասմունքով և երգով շաղախված հուզիչ ելույթներով»:

Այնուհետև, բացման խոսք հնչեցնելով, դպրոցի հիմնադիր տնօրեն Միքայել Մինասյանը միջոցառման մեկնարկն է տվել՝ բեմ հրավիրելով դպրոցի 25 աշակերտ-աշակերտուհիներին: Երեխաների կատարմամբ հնչել են հատվածներ Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից, որոնք մեկընդմեջ ընդահատվելով իրենց տեղն են զիջել երգեցողության ուսուցիչ Արտակ Կիրակոսյանի խմբավարմամբ կատարումներին:

Միջոցառման գրական-երաժշտական մասն ավարտելով՝ սաները կազմել են  կիսաշրջան, ուս-ուսի տված, բռունցքներն օդ են պարզել` միավորման և պայքարի կոչ անելով ներկաներին և ողջ հայությանը:

Ելույթի իր խոսքն է ունեցել Բեռլինի Ազատ համալսարանի դասախոս դր. Ժիրայր Քոչարյանը՝ շեշտելով Ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին: Վերջում աղոթքով հոգեհանգստի տուրք է մատուցել Գերմանիայի թեմի առաջնորդ սրբազան Գարեգին արքեպիսկոպոս Բեկճեանը և միջոցառումը եզրափակել տերունական «Հայր մեր» աղոթքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter