Երեխաների կրթաթոշակները հացի գումար են նրանց ընտանիքների համար
Ալավերդու արհեստագործական ուսումնարանի հանրակրթական ուսուցման եռահարկ մասնաշենքը նախկինում եղել է Ալավերդու մայր` Միքայել Նալբանդյանի անվան դպրոցը: Շենքն ունի 60 և ավելի տարիների վաղեմություն: Այն 88-ի երկրաշարժից հետո դարձել է վթարային: Պետբյուջեի միջոցներով արդեն 3 տարի վերանորոգվող շենքը չի շահագործվում:
«Վերանորոգումը կիսատ թողեցին, շինարական աշխատանքները իրականացնող նախկին շինարարի` Վանաձորում գրանցված «Աղաբաբյան» ՍՊԸ-ի սնանկանալու պատճառով կազմակերպությունը լուծարվել է, հիմա, իմ տեղեկություններով, կրկին պետբյուջեից 150 մլն դրամ է հատկացվել՝ վերանորոգումը շարունակելու համար»,- ասաց ուսումնարանի տնօրեն Վարուժան Սիմոնյանը: Ըստ վերջինիս՝ այս պահին վերանորոգված է շենքի տանիքը, ավարտված են սանհանգույցների տեղադրման աշխատանքները, երրորդ հարկի ամբողջ շինարարական աշխատանքները:
Այս աշխատանքները կատարելուց հետո պարզվել է, որ շենքի հեծանները վթարային վիճակում են, և հրատապ է դրանց երկաթբետոնե կոնստրուկցիաներով ամրացնելը: Զավեշտալին այն է, որ ուսումնարանի շենքի կապիտալ վերանորոգման աշխատանքների պատվիրատուն ՀՀ քաղաքաշինության նախարարությունն է, որի դեպքում, առավել ևս, նման մոտեցումները անթույլատրելի պետք է դիտել: «Ինչպե՞ս են այդ դեպքում ամրացման աշխատանքներ կատարվելու վերանորոգված շենքում, չե՞ն փչանալու արդյոք տեղադրված սանհանգույցերը, տանիքը կամ կատարված մյուս աշխատանքները, որի դեպքում նաև պետբյուջեի հատկացումները կդառնան անարդյունավետ ծախսեր»,- հարցրի Վարուժան Սիմոնյանին, ով մասնագիտությամբ շինարար է:
«Տանիքը չեն քանդելու, քանդելու են միջհարկային առաստաղները: Ամրացումը այսպես են անելու. ամրանները փռելու են՝ իրենց ամեն ինչով, բալկաներով և այլն»,- պատասխանեց նա: Թե ինչու շենքի կապիտալ վերանորոգման նախագծային աշխատանքերում շենքի հեծանների ամրացում չեն նախատեսել, Վարուժան Սիմոնյանը պատասխանեց. «Դե, երևի պետությունը գտել է, որ այդպես էլ կլինի»: Տնօրենը նաև տեղեկացրեց, որ 2012 թ.-ին ԱՅԻՍՄ-ին (նախագծային ինստիտուտ) կանչելուց հետո է պարզվել, որ պետք է ամրացվեն շենքի հեծանները` մոնոլիտ, երկաթբետոնե հեծաններ պետք է կառուցվեն: Ուսումնարանի տնօրենը տեղյակ չէր, թե ուսումնարանի վթարային շենքի վրա մինչև օրս պետբյուջեի որքան գումար է ծախսվել, սակայն ասաց, որ մոտավոր հաշվարկով արհեստագործական ուսումնարանի երկու մասնաշենքերի, այդ թվում նաև՝ անավարտ շենքի վրա պետբյուջեից 250 մլն դրամ ներդրում է կատարվել: Այսուհանդերձ, ըստ Վարուժան Սիմոնյանի, 2013 թ.-ին ուսումնարանի արտադրական մասնաշենքի վերանորոգման համար պետբյուջեից նախատեսված է հատկացնել ևս 16 մլն դրամ:
Անկախ այն բանից, թե պետական միջոցները ինչպես են ծախսվել Ալավերդու արհեստագործական ուսումնարանի շենքային պայմանների բարելավման համար՝ ուսումնարանի տնօրեն Վարուժան Սիմոնյանը իր գործին նվիրված մարդու վճռականությամբ կարողացել է 2006 թ.-ին վերաբացված ուսումնարանը կոլեկտիվի աջակցությամբ դարձնել կայացած արհեստագործական հաստատություն, որտեղ ներկայումս սովորում է 250 աշակերտ: Դասերն անցկացվում են արտադրական մասնաշենքում:
«Ուսումնարանի մեր աշակերտական կազմը հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքների այն երեխաներն են, ովքեր չեն կարողացել իրենց ուսումը շարունալել բուհերում»,- ասում է տնօրենը: Ըստ վերջինիս՝ ուսումնարան գալիս են հատկապես արհեստի նկատմամբ շատ մեծ սեր ունեցող երեխաները: Ուսումնարանում անցած 6 տարիներին բացվել են 7 մասնագիտություններով 16 խմբեր: Վարուժան Սիմոնյանն ասաց, որ արհեստագործական ուսումնարանի արտադրական արհեստանոցների մեծ մասը կահավորված են ժամանակակից տեխնոլոգիաներով: Տնօրենը տեղեկացրեց նաև, որ ներկայումս սովորող երեխաների մոտ 10 տոկոսը դժվար դաստիարակվող են, 5 տոկոսը հաշմանդամներ են, 20 տոկոսը աղջիկներ են: Ըստ տնօրենի՝ արհեստագործական ուսումնարանի սովորողների 70 տոկոսը ապրում են սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքներում:
«Երբ մենք սկսում ենք վճարել աշակերտներից յուրաքանչյուրի համար սահմանված 4650 դրամ կրթաթոշակները, շատ ծնողներ գալիս են ուսումնարան և այդ գումարը երեխաներից վերցնում են՝ հացի փող անելու համար»,- պատմեց նա: Ուսումնարանը չունի հանրակացարան: Այս դեպքում ճանապարհածախսի դժվարությունների առաջ են կանգում գյուղերից եկող աշակերտները: Վերջինիս հետ կապված Վարուժան Սիմոնյանը պատմեց, որ դերձակ-մոդելավորողների բաժնի սովորողներ Անահիտ և Սերինե Հախվերդյան քույրերը դասի են գալիս Արդվի գյուղից: Ամեն օր գյուղ գնալ գալը քույրերից յուրաքանչյուրի համար կազմում է 1000 դրամ: «Աղջիկների մայրը եկավ ինձ մոտ, խնդրեց, որ աղջիկները քիչ գան դասի: Մեր տված կրթաթոշակը նրանց համար ընդամենը 4 օրվա ճանապարհածախս է: Մոր հետ պայմանավորվեցի, որ 4 օրվա ճանապարհածախս էլ ես կվճարեմ, 4 օրվա համար էլ խնդրեցի վարպետին վճարել, 4 օրվա համար էլ մայրը վճարեց: Աղջիկները ամսվա 20 օրը արդեն դասին են գալիս: Մենք գրեթե մեր բոլոր խմբերում ունենք սոցիալական այս վիճակում գտնվող երեխաներ»,- հայտնեց պրն Սիմոնյանը:
Ուսումնարանի ուսխորհրդի նախագահի տեղակալ Անժելա Մեջլումյանն էլ ասաց, որ ուսումնարանում ընդգրկված հաշմանդամ ընկերների հետ մեծ սիրով են շփվում, ուսխորհուրդը ամեն ինչ անում է գյուղից եկող, քաղաքի, հաշմանդամ կամ ոստիկանությունում հաշվառված աշակերտների միջև անկաշկանդ ընկերություն հաստատելու համար: «Հետքի» այցելության պահին ուսումնարանում Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում էին անցկացնում: Ուսումնարանի աշակերտները հայրենասիրական մեծ զգացումով էին ներկայացնում ազգային ողբերգությունը: Աննկատելի չէր, որ նրանք արհեստագործական ուսումնարանը համարում են իրենց մեծ ընտանիքը:
Հ.Գ. Միջոցառման հոգևոր երգերի իր կատարմամբ աչքի էր ընկնում ոստիկանության Ալավերդու քննչական բաժանմունքի քննիչ Կարեն Մոսինյանի թիրախում հայտնված Աննա Բադալյանը: Ուսումնարանի տնօրեն Վարուժան Սիմոնյանը «Հետքին» հայտնեց, որ Աննան ուսումնարանի լավագույն և օրինակելի աշակերտուհիներից մեկն է և ընդունակ չէ վատ արարքի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել