HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրեցի կանայք ձգտում են հաստատվել ՏՏ ոլորտում

Ամբողջ աշխարհում տարվա 4-րդ ամսվա, 4-րդ շաբաթվա, 4-րդ օր նշվում է որպես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կանանց միջազգային օր: Այս տարի տոնը նշվում է ապրիլի 25-ին: Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Ամալյա Եղոյանի համոզմամբ՝ ոլորտը բարդագույններից է  ու կանանց ներգրավումը` բավական խրթին գործընթաց ոչ միայն Գյումրիում, այլեւ հանրապետության ողջ տարածքում:

«Այս ոլորտում աշխատող կանայք խնդիր ունեն ընտանիքներում,-նկատում է Ամալյա Եղոյանը,- որովհետեւ ոլորտը պահանջում է շատ ժամանակ, նվիրվածություն, էներգիա: Մեր ոլորտում աշխատող կանանց մեծ մասը մի քիչ դժվարությամբ է համատեղում ընտանիքն ու աշխատանքը: Կան կարծրատիպեր, որ այդպես էլ մինչեւ վերջ մնում են անհաղթահարելի, եթե խոսքը վերաբերում է գյումրեցի ընտանիքներին: Ինչքան պիտի համբերատար, կարծրատիպերից զերծ տղամարդ լինի՝ նրբազգաց, հանդուրժող, որ համակերպվի կնոջ՝ տղամարդկանց շրջապատում աշխատելու եւ ուշ տուն գնալու հետ: Այսինքն` եթե կա պատվեր, ուրեմն դու պարատավոր ես մնալ ու ավարտել ծրագիրը, որովհետեւ պատվիրատուն սպասում է ու չես կարող ուշացնել: Բնականաբար, ոչ մի պատվիրատուի չի հետարքրում, թե պատվեր իրականացնողն ինչ խնդիրներ ունի»:

Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը հիմնվել է 2005թ-ին: Այդ տարի կենտրոն դիմած ուսանողների 50 տոկսը իգական սեռի ներկայացուցիչ է եղել: Ամալյա Եղոյանի փոխանցմամբ՝ տարեցտարի աղջիկ դիմորդների թիվն ավելանում է: ՏՏ կենտրոնի ներկա 25 աշխատակիցներից 14-ը կանայք են: «Սա լավ ցուցանիշ է Գյումրիի համար,-ասում է Ամալյա Եղոյանը,-սա խոսում է այն մասին, որ աղջիկները սկսել են հասկանալ՝ իրենք ոչ միայն երեխա դաստիարակելու, տնային տնտեսուհի լինելու համար են, այլ նաեւ իրավունք ունեն կրթվելու, զարգանալու, մասնագիտություն ձեռք բերելու եւ այս ոլոտում իրենց մտավոր ունակությունները ցուցաբերելու»:

Կենտրոնի 28-ամյա տնօրենը առաջին բարձրագույն կրթությունը ստացել է Գյումրիի մանկավարժական ինստիտուտում: Ընտրել էր անգլերեն բաժինը: Սովորելուն զուգընթաց փորձել է աշխատանք գտնել տեղական հեռուստաընկերություններից մեկում: Վեց ամիս աշխատելուց հետո համոզվել է՝ լրագրությունն իրենը չէ:

«Շատ բարդ ու իրարամերժ աշխարհ էր իմ համար հեռուստատեսության ոլորտը,-խոստովանում է Ամալյան,- լրագրության ասպարեզը չձգեց ինձ ու ես տեղավորվեցի աշխատանքի «Նարեկ» հոգեբանական կենտրոնում: Համակարգչի վրա աշխատել այնտեղ եմ սովորել: Հենց այնտեղ էլ սովորեցի պայքարելու, դժվարություններ հաղթահարելու ձեւերը: Հետո որպես թարգմանիչ աշխատել եմ «Մուզունգու» շինարարական կազմակերպությունում:

19 տարեկանում ամուսնանում է: Մեկ տարի անց ծնվում է դուստրը: Ինստիտուտի հինգերորդ՝ ավարտական կուրսում, դասախոսներից մեկը տեղեկացնում է, որ կարող է աշխատանքի համար դիմել Գյումրիի նորաբաց Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն: «Վերջին կուրսում էի, նույնիսկ դիպլոմայինս չէի պաշտպանել, եկա, երեք փուլով հարցազրույցն անցա ու ընդունվեցի աշխատանքի ՏՏ կենտրոնում,-պատմում է Ամալյան,-ամուսինս, որ մասնագիտությամբ տնտեսագետ էր, այդ ժամանակ ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի: Հենց վերադարձավ, համոզեցի, որ գա ընդունվի կենտրոն, սովորի: Եվ հիմա նա աշխատում է մեր ոլորտում, «Դ-լինք» կազմակեպությունում»:

Ամալյան սկզբում աշխատում է որպես ադմինիստրատիվ ասիստենտ, հետո` կրթական ծրագրերի համակարգող, այնուհետեւ՝ փոխտնօրեն եւ հիմա արդեն՝ տնօրեն: «2007թ.-ին եմ ես եկել ՏՏ կենտրոն եւ մի-մի տարի կտրվածքով իմ աշխատանքը փոփոխություն է կրել: Խորհրդային տարիների բառապաշարով եթե արտահայտվելու լինեմ՝ բանվորից մինչեւ գործարանի դիրեկտոր»,-Ամալյան ծիծաղում է:

Ամալյան ասում է, որ աշխատավայրում առաջխաղացման հարցում ամենակարեւորը տեխնիկականը չէ: Դա հնարավոր է յուրացնել ժամանակի ընթացքում: Ամենակարեւորը վերաբերմունքն է մարդկանց նկատմամբ, հաղորդակցվելու ընդունակությունը: Ժամանակին հոգեբանական կենտրոնում աշխատելն հիմա մեծապես օգնում է երիտասարդ տնօրենուհուն:

 «Եթե մարդ լավ է հաղորդակցվում, եթե մարդկանց հետ նորմալ շփվում է, եթե չի մեծամտանում, շատ բաների է հասնում: Ես շատ օրինակներ գիտեմ, երբ մարդն աշխատանքը կորցրել է հենց մեծամտանալու պատճառով,-պնդում է Ամալյա Եղոյանը,-մարդ կա, որ երկրորդ հարկից տեղափոխում եմ երրորդ հարկ աշխատելու, սենյակն եմ փոխում ընդամենն, ու շատ հաճախ ապշում եմ, թե ինչ արագությամբ դեպի վատն է փոխվում այդ մարդը: Մտածում եմ, միթե այս սեղանը կամ աթոռն ի զորու են մարդուն այդ աստիճան փոխելու: Նման աշխատակիցների ձգտում ենք կենտրոնում չպահել, որ բարոյահոգեբանական մթնոլորտը չխաթարվի»:

Գյումրիի ՏՏ կենտրոնի տնօրենին ամենաշատն ուրախացնում է, որ իրենց դիմում են ամուսնական զույգեր: «Կարող եք զարմանալ, բայց վերջին շրջանում հենց գյումրեցի տղամարդն է շահագրգիռ դարձել այդ հարցում ու ինքն անձամբ է կնոջ հետ գալիս եւ ասում, որ ցանկություն ունեն մեզ մոտ սովորելու: Ամուսինն ինքն է ցանկանում, որ կինը դուրս գա տնից, աշխատի, չգիտեմ, ասենք երկրորդ մասնագիտություն ձեռք բերի եւ այլն»,-պատմում է Ամալյա Եղոյանը:

Կենտրոնի աշխատակիցներ Քրիստինե Գյուլբեկյանն ուԿարեն Աճեմյանը ամուսիններ են: Ծանոթացել են աշխատանքի վայրում: «Դե նույն սենյակում էինք աշխատում, սեղաններն էլ կողք-կողքի էր, էդպես էլի, ստացվեց, սիրահարվեցի հետո էլ ամուսնության առաջարկ արեցի»,-հիշում է Կարենը: Երիտասարդ ամուսինները գոհ են իրենց աշխատանքից: Քրիստինեն առաջին մասնագիտությամբ կենսաքիմիկ է, Կարենը՝ ինժեներ-շինարար: «Քանի որ մեր ներկայիս մասնագիտությունը համարվում է դարի մասնագիտություն ու արդեն մեծ տարածում է գտել, որոշեցինք անպայման յուրացնել այն: Վստահ չէինք, թե 2 տարի սովորելուց հետո անմիջապես աշխատանք կգտնենք, բայց դրական էր, որ մեզ առաջարկեցին մնալ ու աշխատել կենտրոնում»,-խոստովանում են ամուսինները:

«Սովորել, սովորել ու էլի սովորել. սա միակ պահանջն է, որ դնում է քո առաջ կենտրոնը,-ասում է Քրիստինեն,-ու հավատացեք, որ եթե այդ պայմանը բարեխղճորեն կատարես՝ աշխատանք էլ կունենաս: Լավ մասնագետին մեր կենտրոնում գնահատում են»:

«Գոհ ենք, որ ունենք մեր քաղաքի պայմաններում նորմալ վարձատրվող աշխատանք: Դե գիտեք, Գյումրիում գործազրկությունը մեծ տոկոս է կազմում, բարձրագույն կրթություն ստացած ամեն ոք չէ, որ էսօր ապահովված է աշխատանքով: Պիտի ճկուն լինես: Փաստորեն մեզ երկուսիս էլ մեր տեղը գտնելու համար հարկավոր եղավ մասնագիտություն փոխել, ինչի համար չենք ափսոսում»,-հավելում է Կարենը:

Իր մասնագիտությունից ու աշխատանքից գոհ է նաեւ կենտրոնի 22-ամյա համակարգչային ադմինիստրատորը՝ Նարինե Զիրոյանը: Մի քանի տարի առաջ տղամարդու մենաշնորհ համարվող աշխատանքի այս տեսակն հիմա սկսել են յուրացնել նաեւ կանայք: «Սիստեմ ադմինիստրատորի օգնական եմ, աշխատանքիս մեջ մտնում է ուսանողների համակարգչային ծրագրերի պատրաստում, հետեւում եմ ցանցի անխափան աշխատանքին, կաբելներ էլ կարող եմ խփել եւ այլն»,-աշխատանքի բնույթն ու ծավալն է ներկայացնում Նարինեն:

Չորս ամիս առաջ ամուսնացել է: Ամուսինն եւս ՏՏ ոլորտի աշխատակից է: Նարինեն ասում է, որ ամուսինն ամենեւին էլ դեմ չէ իր ընտրությանը: «Գիտեք, կարծում եմ անցել է այն ժամանակները, երբ ասում էին` կնոջը սա կարելի է, սա չի կարելի կամ թե` էսի աղջկա գործ չի: Իմ գործը սովորաբար անում են տղամարդիկ, բայց ես էլ վատ գլուխ չեմ հանում այդ ամենից»,-ծիծաղելով ներկայացնում է երիտասարդ մասնագետը:

«ՏՏ ոլորտը նախկինում համարվում էր մենաշնորհային,-աշխատակցուհու խոսքն է շարունակում Ամալյա Եղոյանը,-Նարինեն այդ առումով ճիշտ է, պարզապես տարիների ընթացքում մարդկանց մտածելակերպն է փոխվել: Ճիշտ է, մեր ոլորտը ղեկավարող կանայք ամբողջ աշխարհում ընդամենը 3 տոկոս են կազմում, սակայն ուրախալի փաստն այն է, որ ցանցում կին աշխատակիցների թիվը տարեց տարի ավելանում է: Կանայք ձգտում են յուրացնել նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը»:

Մեկնաբանություններ (2)

Amalya
Շնորհակալություն տիկին Սուսաննա - միայն Ձեր նման մեծերի շնորհիվ կարող ենք մենք հաջողություններ ունենալ
Susanna OHanyan
AMAlja jan, chnorhavorum em, hiacac em qeznov.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter