HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Իրավապահների հերթական պարտությունը Լոռիում. Շալոն արդարացվեց

2010 թ. նոյեմբերին Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Օազիս» սրճարանի դիմաց կրակոցներ էին եղել, որի արդյունքում վանաձորի բնակիչ Արսեն Փերիխանյանը ստացել էր կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածքներ ոտքի ազդրի և պոչուկային շրջաններում: Դեպքի առթիվ նույն օրը հարուցվել էր քրեական գործ` Քր. օր.-ի 118-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով` դիտավորությամբ առողջությանը  ծանր վնաս պատճառելը` խուլիգանական դրդումներով, և 235-րդ հոդվածի 1-ին մասով` ապօրինի կերպով հրազեն կրելը: Որոշում էր կայացվել Շալիկո Մանուչարյանին ներգրավել որպես մեղադրյալ, խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, և հայտարարվել էր հետախուզում: Այդ հիմքով քրեական գործով վարույթը կասեցվել էր:

2012 մայիսի 30-ին Շալիկո Մանուչարյանը հայտանբերվեց և կալանավորվեց: Նախաքննությունն սկզբում Լոռիում էր իրականացվում, հետո տեղափոխվեց Շիրակ, ապա նորից` Լոռի:  8 ամիս մեղադրյալին կալանքի տակ պահելուց հետո այս տարվա հունվարի 28-ին Լոռու մարզի դատախազության որոշմամբ խափանման միջոց կալանավորումը փոխվեց ստորագրությամբ:  Ընդ որում` դրանից մի քանի օր առաջ  նախաքննական մարմինը դիմել էր դատարան` կալանքը ևս 2 ամսով երկարացնելու միջնորդությամբ: Եվ դրան հակառակ` նախաքննական մարմնի վերադասը, նախաքննության նկատմամբ վերահսկողություն իրականացնողն իր որոշմամբ փոխեց խափանման միջոցը:  Որոշման մեջ ձևակերպում կար, որ դեռևս ձեռք չեն բերվել բավարար ապացույցներ գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համար:

«Բնականաբար այստեղ բազմաթիվ հարցեր են առաջանում` եթե չկար, ինչու էիք այսքան ժամանակ կալանքի տակ պահում, և ինչու վերջին անգամ նորից կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությամբ հանդես եկանք դատարանում,-նկատում է Շալիկո Մանուչարյանի շահերի պաշտպան Ռուբեն Հակոբյանը,-Այնուամենայնիվ փոխվեց խափանման միջոցը: Առայսօր նախաքննությունը շարունակվում էր, մի քանի անգամ ինձ ու պաշտպանյալիս էլի հրավիրեցին, դատավարական փաստաթղթերին ծանոթացան: Ի վերջո արդարությունը հաղթեց:

Ապրիլի 12-ին գործը քննող ավագ քննիչ Ռուդիկ Մինասյանը որոշում է կայացրել Շալիկո Մանուչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին` հանցակազմի բացակայության հիմքով: Վերացվել է ընտրված խափանման միջոց ստորագրությունը: Որպես  հիմնավորում նշվել է, որ օբյեկտիվ, բազմակողմանի քննության արդյունքում բավարար արդյունքներ ձեռք չեն բերվել Շալիկո Մանուչարյանի կողմից Արսեն Փերիխանյանի վրա կրակելու, նրա առողջությանը ծանր վնաս պատճառելու վերաբերյալ, և սպառվել են այդ ուղղությամբ նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները, ուստի նրա արարքում բացակայում է հանցակազմը:

Շալիկո Մանուչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացման հիմքով: Ուստի` Քր. դատ օր.-ի 66-րդ հոդվածի համաձայն` Շալիկո Մանուչարյանը ձեռք է բերել արդարացվածի դատավարավական կարգավիճակ և ունի դրանից բխող բոլոր իրավունքները` դիմելու, ստանալու պաշտոնական հերքումներ, գրավոր ներողություն, բարոյական վնասի գույքային փոխհատուցում: «Իհարկե այդ գործողությունները կախված են իմ պաշտպանյալի դիրքորոշումից, այս պահի դրությամբ դեռևս դիրքորոշումը չի հայտնել: Ինքն էլ է մտածում`անի՞, թե՞ չանի, ների՞, թե՞չների,-ասում է Ռուբեն Հակոբյանը:

Լուսանկարում` փաստաբան Ռուբեն Հակոբյանը

Մեկնաբանություններ (1)

Narek S.
Es hpart em vor pastabanakan hamakargum ir arandznaki professionalizmov achqi e @nknum im @nker Ruben Hakobyan@.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter