HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը հրաժեշտ է տվել Հայաստանում Բրազիլիայի դեսպանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարսելա Մարիա Նիկոդեմոսին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Նախագահը բարձր է գնահատել դեսպանի գործունեությունն ու անձնական ներդրումը հայ-բրազիլական հարաբերությունների ամրապնդման գործում՝ նշելով, որ նրա պաշտոնավարման տարիներին երկկողմ հարաբերությունների օրակարգը հարստացել է նոր ծրագրերով ու նախաձեռնություններով: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ մեր երկրում Բրազիլիայի հաջորդ դեսպանը նույնպիսի եռանդով և նվիրվածությամբ կկատարի իր առաքելությունը՝ ի նպաստ հայ-բրազիլական բարեկամության: Հանրապետության նախագահը հաջողություններ է մաղթել դեսպանին հետագա աշխատանքում և հույս հայտնել, որ նա կշարունակի մնալ Հայաստանի բարեկամը՝ իր աշխատանքային հարուստ փորձն ու գիտելիքները ծառայեցնելով հայ-բրազիլական կապերի առավել ամրապնդմանը:

Բրազիլիայի դեսպանը գոհունակությամբ է խոսել միջազգային կազմակերպությունների շրջանակներում ևս բարեկամ Հայաստանի հետ արդյունավետ համագործակցության մասին: Երկկողմ կապերի ամրապնդման գործում տկն. Մարսելա Մարիա Նիկոդեմոսը բարձր է գնահատել բրազիլահայ համայնքի դերը, որը, նրա խոսքով, լուրջ և կարևոր ներդրում է ունեցել նաև Բրազիլիայի զարգացման գործում:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և երկու ժողովուրդների բարեկամության հիմքի վրա տնտեսական հարաբերությունների զարգացումը: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter