HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Հանցավոր խմբի համար Գագիկն է պատասխան տալիս՝ իր ողջ գույքով (վիդեո)

Դատապարտյալ Գագիկ Կարապետյանի մայրը՝ Սուսաննա Սարգսյանը, ԴԱՀԿ ծառայության Լոռու մարզային բաժնի Ստեփանավան-Տաշիր բաժանմունքից ծանուցում է ստացել, որ իր տունը ենթակա է բռնագանձման: Տան սեփականատերն են ինքն ու որդին:

Հարկադիր կատարողի կողմից հարուցվել է կատարողական վարույթ, եւ Գագիկ Կարապետյանի գույքի, դրամական միջոցների ու բանկային հաշիվների վրա արգելանք է դրվել 1 մլն 144 հազար 605 ՀՀ դրամ ընդհանուր գումարի չափով, որից 1 մլն 90 հազար 100 դրամը գողության հետեւանքով տուժողին պատճառված վնասի փոխհատուցման գումարն է՝ ըստ դատարանի վճռի եւ դատարանի կողմից տրված կատարողական թերթի, մնացած 54 հազար 505 դրամը՝ ԴԱՀԿ-ի կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսը:

Մինչ Գագիկ Կարապետյանի մեղավոր ճանաչվելը գործով տուժող Մարինե Վարդանյանը քաղաքացիական հայց էր ներկայացրել դատարան: Իր տնից գողացված ոսկյա զարդերի արժեքը գնահատելով 1 մլն 538 հազար դրամ՝ պահանջել էր, որպես գույքային վնասի փոխհատուցում, հօգուտ իրեն բռնագանձել նշված գումարը՝ բռնագանձումը տարածելով Գագիկ Կարապետյանի գույքի վրա: Նաեւ պահանջել էր մինչեւ պարտավորության կատարման օրը բռնագանձման ենթակա գումարի վրա հաշվեգրել տոկոսներ:

Գագիկ Կարապետյանի նկատմամբ կայացնելով մեղադրական դատավճիռ՝ դատարանը բավարարել էր նաեւ Մարինե Վարդանյանի հայցը՝ որոշում կայացնելով Գագիկ Կարապետյանից հօգուտ նրա բռնագանձել 1 մլն 90 հազար դրամ եւ արգելադրել նրան պատկանող գույքը՝ մինչեւ քաղաքացիական հայցի վերականգնումը: Հայցվորի՝ բռնագանձման ենթակա գումարի վրա տոկոսներ հաշվեգրելու պահանջը, սակայն, դատարանը թողել էր առանք քննության:

Տուժողին պատճառված վնասի չափը գործի քննության ընթացքում մի քանի անգամ փոփոխվել է:

Փաստացի հայտնաբերված գողոնի արժեքը կազմել է 146 հազար դրամ: Իր ցուցմունքներում Գագիկ Կարապետյանը նշել է, որ գողացված շուրջ 25 կտոր ոսկյա իրերի վաճառքից ստացվել է շուրջ 1500 ԱՄՆ դոլար:

Տուժողը ցուցմունք է տվել, որ իրենից գողացվել է 36 կտոր ոսկի՝ 1 մլն 574 հազար դրամ արժողությամբ: Բայց հետո դատարան հայց է ներկայացրել 1 մլն 538 հազար դրամի չափով:

Նույն չափն է նշվել նաեւ Գագիկ Կարապետյանի եւ գործում ժամանակավորապես ներգրավված Սուրեն Մանուչարյանի մեղադրանքներում: Իսկ դատարանը գողացված ոսկիների արժեքը գնահատել է 1 մլն 90 հազար դրամ եւ որոշում է կայացրել հօգուտ տուժողի բռնագանձել նշված գումարը:

Փաստորեն, գողացված ոսկու արժեքը փաստացի արձանագրված 146 հազար դրամից հասել է 1 մլն 90 հազարի: Հետաքրքիր է, որ «Հետքի» հետ զրույցի ընթացքում տուժող Մարինե Վարդանյանը չհիշեց, թե իրեն տնից կատարված գողությամբ որքան վնաս է պատճառվել:

Սկզբում Գագիկ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով գողություն կատարելու համար, այնուհետեւ մեղադրանքը փոփոխվել է, եւ Գագիկը մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել խմբակային գողության համար:

Գագիկ Կարապետյանի շահերի պաշտպան Կարինե Գասպարյանը շեշտում է, որ նա հանցավոր խմբի կողմից կատարված հանցագործության համար է դատապարտվել, այնինչ չկա հանցավոր խումբը. խմբակային հանցագործության համար պատիժ է կրում միայն  Գագիկ Կարապետյանը:

Փաստաբանը նկատում է, որ չի տրվել այն հարցի պատասխանը, թե ինչ հանգամանքներում է ձեւավորվել հանցավոր խումբը: Եվ, առհասարակ, խմբի մասին միայն Գագիկն է իր ցուցմունքներում նշել՝ վկայակոչելով խմբի կողմից իր նկատմամբ գործադրված ճնշումների, հալածանքների եւ պարտադրված գողության մասին:

Գագիկը մեղադրվել եւ դատապարտվել է զուտ ինքնախոստովանական ցուցմունքների հիման վրա: Ընդ որում՝ նա տվել է միմյանց հակասող ցուցմունքներ: Նախաքննական 2 ցուցմունքներում ընդունել է իր մեղքը հանցագործության կատարման մեջ, ինչը պնդել է նաեւ տուժողի հետ առերես հարցաքննության ժամանակ: Իսկ նախաքննության վերջում եւ դատաքննության ընթացքում փոխել է ցուցմունքը եւ իրեն մեղավոր չի ճանաչել:

Բացահայտել է անձանց (Միքայել Ամիրխանյան, Արտյոմ Մովսիսյան), ովքեր դեպքից առաջ 1 տարուց ավել հալածել են իրեն, այնուհետեւ իր կամքից անկախ ներքաշել գողության մեջ: Գողությունը կատարել է նրանց դրդմամբ, սպառնալիքների ազդեցության տակ: Գագիկն ու մայրը պնդում են, որ նշված անձանց կողմից Գագիկի նկատմամբ գործադրված ճնշումների ու հալածանքների մասին իրենք բազմիցս ահազանգել են իրավապահներին (ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետ Ա. Ավետիսյանը, 2009-10 թթ. ընթացքում նշված անձանց կողմից Գագիկին անհանգստացնելու 1 դեպք է նշել, որը, ըստ նրա, չի հիմնավորվել):

Գագիկի պատմելով՝ գողության օրը Միքայել Ամիրխանյանը զանգել դուրս է կանչել իրեն: Այնուհետեւ իրեն ստիպողաբար նստեցրել են մեքենա, որի մեջ եղել է Սուրենչիկ անունով մի տղա, որին ինքը նախկինում չի ճանաչել: Իրեն տարել են Մարինե Վարդանյանի տան մոտ, զենքի գործադրմամբ ստիպել են պատուհանը բացել, որի ապակուն մատնահետք է մնացել: Ինքը տուն չի մտել: Այնուհետեւ իրեն նստեցրել են մեքենա եւ ուղարկել են Երեւանի «Ոսկու աշխարհ» կոչվող շուկան՝ ստիպելով վաճառել գողացված ոսկիները:

Նախաքննության ընթացքում առերեսումներ են կազմակերպվել Միքայելի եւ Արտյոմի հետ, որոնք գործում որպես վկա են ներգրավվել: Փաստաբան Կարինե Գասպարյանը ներկա է եղել առերեսումներին եւ փոխանցում է, որ դրանցից մեկի ժամանակ, երբ Միքայելն ասել է, թե վերջին անգամ շատ վաղուց է հանդիպել Գագիկի հետ, վերջինս հայտարարել է, թե Միքայելը սուտ է խոսում: Նա առերես պնդել ու որպես ապացույց է վկայակոչել այն հանգամանքը, որ ինչպես դեպքի օրը, այնպես էլ դեպքից 3 օր առաջ Միքայելի հեռախոսահամարից զանգ է եղել իր հեռախոսին:

Պաշտպանը միջնորդել է դատարանին՝ տրամադրել հեռախոսազանգերի վերծանումները, բայց միջնորդությունը մերժվել է:

«Հեռախոսազանգերի վերծանումներով կճշգրտվեր՝ Գագիկին զանգե՞լ են, թե՞ ոչ, ովքե՞ր են եղել այն անձինք, որ դեպքից առաջ զանգել անհանգստացրել են, իսկ դեպքի օրը զանգել դուրս են կանչել նրան: Կարծում եմ՝ հնարավոր կլիներ ինչ-որ ձեւով բացահայտել իրականությունը»,- ասում է փաստաբան Կարինե Գասպարյանը:

Գործով վկա Մարինե Վարդանյանի հարսը ցուցմունք է տվել, որ գողության օրը Գագիկ Կարապետյանը մտել է իրենց խանութ եւ հարցուփորձ է արել Մարինե Վարդանյանի ու նրա որդիների մասին: Բայց գործով տուժող Մարինե Վարդանյանի ցուցմունքով՝ գողության օրը խանութ է մտել նաեւ Միքայել Ամիրխանյանը:

Քննչական փորձարարության ժամանակ դեպքի վայրում Գագիկը չի կարողացել ցույց տալ, թե որտեղից է վերցրել ոսկիները: Սա հիմք է տվել նախաքննական մարմնին եզրակացնելու, որ Գագիկը մենակ չի կատարել գողությունը:

Վերջինս նշել է Սուրեն Մանուչարյանի տվյալները՝ իբրեւ հանցակից: Սուրեն Մանուչարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, սակայն 4 ամիս կալանավորվելուց հետո ազատ է արձակվել: Խմբի մյուս մասնակիցները, ըստ նախաքննության՝ անձը չպարզված 3 անձ, այդպես էլ չեն հայտնաբերվել, եւ Գագիկ Կարապետյանը մենակ է դատապարտվել ազատազրկման:

Համաներման ակտի 4-րդ մասի 1-ին կետով հնարավոր կլիներ Գագիկ Կարապետյանի նկատմամբ համաներում կիրառել, եթե նրա վերաբերյալ արձանագրված չլիներ ներքին կանոնակարգի խախտում:

Փաստաբան Կարինե Գասպարյանի հարցմանը պատասխանելով՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հայտնել էին, որ Գագիկ Կարապետյանը ինքնակամ դուրս է եկել պատժախցից եւ հրաժարվել է խուց վերադառնալ:

«Խուցն ինչպես կարող է բաց լինել, որ կալանավորը ինքնակամ լքի այն: Ավելին՝ սա մտածելու տեղիք է տալիս. Ինչո՞ւ է հրաժարվել խուց մտնելուց, արդյոք նրա դեմ չե՞ն եղել հալածանքներ՝ թեկուզ հենց խցի կալանավորների կողմից»,- հարցնում է փաստաբանը:

Վերջինս գրություն է ուղարկել գլխավոր դատախազին՝ Գագիկ Կարապետյանի վերաբերյալ կարգազանցությունը վերանայելու եւ նրան համաներմամբ ազատ արձակելու հարցը քննարկելու համար:

Ուշագրավն այն է, որ այս տարվա ապրիլի 18-ին դատապարտյալ Գագիկ Կարապետյանի անվամբ կարգազանցություն է գրանցվել այն դեպքում, երբ մայիսի 20-ին Քրեակատարողական վարչությունից «Հետքին» ուղարկված գրության մեջ նշված է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Գագիկ Կարապետյան անուն-ազգանունով դատապարտյալ չի պահվում:

Լուսանկարում Սուսաննա Սարգսյանն է՝ Գագիկ Կարապետյանի մայրը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter