2014-ին Արցախում կգործի կենսաթոշակային նոր համակարգ
Կառավարության նիստում
Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Արա Հարությունյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, կառավարության ղեկավարը շնորհավորեց առանձին գերատեսչությունների նոր ղեկավարներին` պաշտոններում նշանակվելու առթիվ և նրանց մաղթեց հաջողություններ պատասխանատու գործում:
Գործադիր մարմնի կողմից հաստատվեց հանրապետությունում խոզերի աֆրիկյան ժանտախտի վերացման և հիվանդության տարածման կանխարգելման միջոցառումների ծրագիրն ու կարանտին սահմանելու պայմանները: Նիստում հաստատվեց կրթության որակավորումների շնորհման կարգը, լրացումներ ու փոփոխություններ կատարվեցին ԼՂՀ պետական և ոչ պետական և ՀՀ պետական բուհերում հատկացված տեղերի ընդունելության կարգում: Սահմանվեցին քաղպաշտպանության վտանգավոր տարածքների բացահայտման, ճառագայթային, քիմիական և մանրէաբանական միջոցներից վնասազերծման ու վարակազերծման, արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի գնահատման կարգերը:
Նիստում հաստատվեց նաև պետական գույքի հաշվառման և գրանցամատյան վարելու կարգը: Փոփոխությունները անհրաժեշտ հիմքեր կստեղծեն ենթակառուցվածքների նկատմամաբ պետության իրավունքների գրանցման: Կառավարությունը հավանություն տվեց օրենքի նախագծի տեսքով ներկայացված «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012 թվականների ծրագրի կատարման 2012 թվականի տարեկան հաշվետվությանը», որը կներկայացվի ԱԺ: Պետական և համայնքային գույքի մասնավորեցումից և օտարումից համապատասխան բյուջեների մուտքերը կազմել են 106,6 մլն դրամ: Կառավարության ղեկավարը կարևորեց մասնավորեցման սուբյեկտների ստանձած պարտավորությունների նկատմամբ վերահսկողությունը, քանի որ մասնավորեցման գործընթացի արդյունավետությունը պայմանավորված է պարտավորությունների ճիշտ կատարմամբ:
Կառավարության որոշմամբ կկարգավորվի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100 տոկոս պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների, կատարվող աշխատանքների, մատակարարվող ապրանքների առավելագույն գների հաստատման գործընթացը: Հանրապետությունում 56 տեսակի մատուցվող ծառայություններից 28-ի մասով իրավական հիմքերը բացակայում էին:
Նիստում հավանության արժանացավ ԼՂՀ 2012 թվականի պետական բյուջեի կատարողականը, որը մանրամասն ներկայացրեց ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը: Հավետվությունը օրենսդրությամբ սահմանված կարգով կներկայացվի ԱԺ:
Ա. Հարությունյանը կարևորելով պետական բյուջեի կատարման հաշվետվությունը՝ որպես կառավարության կողմից իրականացրած քաղաքականությունն արտացոլող փաստաթուղթ, անդրադարձավ այն գերակա նպատակներին և խնդիրներին, որոնք ի սկզբանե դրվել էին պետական բյուջեի պլանավորման ժամանակ: Վարչապետի խոսքով` 2012թ. հանրապետությունում 9.9% տնտեսական աճը, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը, ինքնին խոսում է տնտեսության զարգացման տեմպի մասին, սակայն անհրաժեշտ է ապահովել տնտեսական աճի երկնիշ թվով արտահայտված ցուցանիշ, որպես բնակչության կենսամակարդակի բարձրացման հիմնական պայման: Հանրապետությունում մանրածախ ապրանքաշրջանառության ծավալը 2011թ. համեմատ աճել է 8.7%-ով, բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալը` 10.2%-ով: Երկրում ստեղծվել են ավելի քան 1030 նոր աշխատատեղ: Մեկ աշխատողի միջին ամսական անվանական աշխատավարձը 2012թ. կազմել է 102 հազար 777 դրամ՝ 2011թ. համեմատ աճելով 4.4 %-ով: Կառավարության ղեկավարը դա քիչ է համարում, աշխատավարձերի շարունակական բարձրացման ուղղությամբ աշխատանքների իրականացման վերաբերյալ հանձնարարական կա: Վարչապետի խոսքով` ընթացիկ տարվա հունիսի 1-ից կսկսվեն է աշխատավարձերի վերանայման աշխատանքները:
Անդրադառնալով ԼՂՀ 2012 թվականի պետական բյուջեի ծախսերին, Ա. Հարությունյանը մեկ անգամ ևս շեշտեց, որ դրանք պետք է կատարել ըստ առաջնահերթության, հնարավորինս խնայելով պետական միջոցները:
Նիստի մեծ մասը նվիրված էր հանրապետությունում կենսաթոշակային բարեփոխումների մեկնարկի նախապատրաստությանը: Նորամուծությունը, որը ԼՂՀ վարչապետը պատմական է համարում, առաջին անգամ կիրառվել է Չիլլիում, արդյունքները` գոհացուցիչ են:
Գնահատելով կենսաթոշակային ներկայիս բաշխողական համակարգում առկա հիմնախնդիրներն ու հակասությունները` կառավարությունը ձեռնամուխ է եղել իրականացնելու արմատական կենսաթոշակային բարեփոխումներ, որոնց արդյունքում ներդրվելու է բազմաստիճան կենսաթոշակային համակարգ:
Ա. Հարությունյանը նշեց, որ նոր համակարգը ներդրվելու է ի լրումն գործող կենսաթոշակային համակարգի, այսինքն` գործող բաշխողական բաղադրիչից բացի կներդրվեն ևս երկու կենսաթոշակային բաղադրիչներ` պարտադիր կուտակային և կամավոր կուտակային:
Պարտադիր կուտակային բաղադրիչը կսկսի գործել 2014 թվականից: Դրան պարտադիր կերպով մասնակցելու են 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված վարձու աշխատողները և անհատ ձեռնարկատերերը:
Համակարգը գործուն մեխանիզմներ է պարունակում կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների գործունեության նկատմամբ պետական պատշաճ հսկողություն իրականացնելու համար: Հաշվի առնելով համակարգի մեծ սոցիալական նշանակությունը` պետությունը երաշխավորում է անձի կողմից կատարած կենսաթոշակային վճարների վերադարձը:
Կենսաթոշակային բարեփոխումների շրջանակում փոփոխությունների է ենթարկվում նաև հարկային համակարգը: Ներկայումս գործող եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարի փոխարեն գործելու է մեկ միասնական` եկամտային հարկ, որը դրական կանդրադառնա հաշվետվությունների կրճատման և պարզեցման գործընթացի վրա:
Բացի սոցիալական նշանակությունից, Ա. Հարությունյանի գնահատմամբ, նոր համակարգի առանցքային դերակատարությունը կայանում է նաև նրանում, որ այն հիմք կստեղծի տնտեսությունում երկարաժամկետ ներդրումների համար:
Կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող կառավարման հանձնաժողովի կողմից արդեն իսկ իրականացվել են մի շարք աշխատանքներ‚ որոնց շրջանակներում մշակվել է օրենսդրական փաթեթ‚ որը կառավարության անդամներին ներկայացրեց ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ‚ տվյալ հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը։ Կառավարությունը ընդունեց նաև կենսաթոշակային բարեփոխումների փաթեթին առնչվող որոշումներ, մասնավորապես, անձնավորված հաշվարկը էլեկտրոնային եղանակով ներկայացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցի հաստատման մասին: Այս մասին հայտնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել