HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչո՞ւ ՀՔԾ-ն արգելանք չի դնում սփյուռքահայ գործարարի ընկերությունից թալանված տարածքների վրա

Բնակարանները հերթականությամբ անցնում են բանկի տիրապետմանը

Մաշտոցի 33/ա շենքից թալանված տարածքները շարունակում են մնալ ճակատագրի քմահաճույքին: Թեև դեռևս ապրիլի 2-ից ՀՀ ՊԵԿ քննչական ծառայությունից քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում, ՀՔԾ-ն ևս մինչ օրս արգելանք չի դրել այն տարածքների վրա, որոնք «Վ.Մ.Գ գրուպ» ՓԲԸ տնօրեն Վլադիսլավ Մանգասարյանն է գրավադրել բանկում:

Սա անկախ այն հանգամանքից, որ ՊԵԿ քննիչ Տիգրան Հարությունյանը Վլադիսլավ Մանգասարյանին առաջադրած մեղադրանքում հստակ հիմնավորել էր, որ սփյուռքահայ գործարարի հիմնադրած ընկերության տարածքները Վլադիսլավ Մանգասարյանը կեղծ պարտավորությունների հիման վրա է գրավադրել բանկում: Իսկ քանի որ Մաշտոցի պողոտայի վրա գտնվող, սփյուռքահայ ներդրողի միջոցներով կառուցված 33/1 շենքի այդ հսկայական տարածքները մինչ օրս արգելանքի տակ չեն վերցվել, դրանք հերթով անցնում են բանկի տիրապետմանը, ինչն էլ ավելի կդժվարացնի հետագայում բնակարանների վերադարձման գործը:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում կանխամտածված սնանկության հատկանիշներ ստեղծելու դեպքի առթիվ 2011թ. հարուցված քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավված «Վ.Մ.Գ. Գրուպ» ՓԲ ընկերության տնօրեն Վլադիսլավ Մանգասարյանին առաջադրված մեղադրանքում շատ կոնկրետ նշված է հետևյալը. «Նախաքննությամբ պարզվել է, որ Վ.Մանգասարյանը  2009թ. հունիս ամսից փաստացի ղեկավարելով «Արին կապիտալ» ներդրումային ՍՊ ընկերությունը և տնօրինելով ընկերության ֆինանսական միջոցները, սեփական շահերից ելնելով, 2010թ. ընթացքում «Արին կապիտալ» ՍՊ ընկերության տնօրեն Է.Եսայանին պարտադրել է կնքել փոխառության պայմանագրեր, «Արին կապիտալ» ՍՊ ընկերության գույքի օտարումից ստացված գումարներից 376 452 000 դրամ գումարն իբրև փոխառություն «Վ.Մ.Գ. Գրուպ» ՓԲ ընկերության միջոցով հանձնել «Արին կապիտալ» ընկերությանը, իսկ հետագայում վերը նշված պայմանագրերի հիման վրա պահանջ ներկայացնել դատարան և դատարանի որոշմամբ «Արին կապիտալ» ներդրումային ընկերությունից, որը փաստացի տնօրինվել է Վ.Մանգասարյանի կողմից, հօգուտ «Վ.Մ.Գ. Գրուպ» ՓԲ ընկերության ստացել նշված գումարին համարժեք տարածքներ»:
Ներկայումս կալանավորված Վլադիսլավ Մանգասարյանը «Արին կապիտալ» ընկերությունից ապօրինաբար անհատույց ձեռք բերած Մաշտոցի 33ա հասցեի 1708 քմ մակերեսով շինությունը, ինչպես հայտնի է գրավադրել է «Հայբիզնեսբանկ»-ում: Տարածքների գումարային արժեքը կազմում է ավելի քան 1 մլն 700 հազար դոլար: Իսկ մի քանի ամիս առաջ պարզ դարձավ, որ «Հայբիզնեսբանկն» օժանդակում է վաճառել սփյուռքահայ գործարարի ընկերությունից թալանված տարածքները:

Նախ՝ բանկը «Վ.Մ.Գ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ի փաստացի սեփականատեր Վլադիսլավ Մանգասարյանի կողմից յուրացված ևւ տարբեր անձանց անվամբ գրանցված Մաշտոցի 33ա, Մաշտոցի 33/1 հասցեների գույքերի դիմաց է վարկ տրամադրում: Այնուհետ իր կայքում տեղադրված գովազդով «Վ.Մ.Գ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ին օժանդակում է՝ Մաշտոցի 33/1 հասցեի տարածքների վաճառքի հարցում, ընդ որում` սահմանելով շուկայականից ցածր գներ:

Առնվազն զարմանալի է, որ վերոնշյալ բանկը գործ ունի մի անձի՝ Վլադիսլավ Մանգասարյանի հետ, որը 2009 թվականին նախ սնանկ է ճանաչվել, այնուհետ գլխավորել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից կազմված տվյալ տարվա անբարեխիղճ պարտապան ֆիզիկական անձանց սև ցուցակը:

Նշենք, որ Մանգասարյանն այդ գույքը 2010թ. օգոստոսի 10-ին նախ ձևակերպել է իր գործընկեր Սևակ Արզարունու անունով, այնուհետև 2010 թվականի դեկտեմբերի 10-ին այն անվանափոխել է կեղծ գնորդ Ռոբերտ Հարությունյանի անվամբ: Մանգասարյանը վերջինիցս այդ գույքը տնօրինելու լիազորագիր է վերցրել իր եղբայր Ռուբեն Մանգասարյանի անվամբ և 2011 թվականի հուլիսի 11-ին Մաշտոցի 33ա շինությունը գրավադրվել է «Հայբիզնեսբանկում»՝ «Վ.Մ.Գ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ին վարկի տրամադրման դիմաց:

Դեռ 2012 թվականի մայիսին, երբ Խուդյանի փաստաբանները դիմել են այդ տարածքները արգելանքի տակ վերցնելու համար, մերժվել են այն պատճառաբանությամբ, թե դատավարության մասնակիցներ չեն և իրենց միջնորդությունը ենթակա չէ քննարկման: Բայց միաժամանակ քննիչն այդ ժամանակ դեռ պարզած չի եղել, որ այդ տարածքները կեղծ փոխառությունների հիման վրա են գրավադրվել բանկում:

Սակայն հիմա էլ նոր քննիչները ՀՔԾ-ում թեև շարունակում են գործի քննությունը և տեղյակ են կեղծ փոխառությամբ գրավադրված տարածքների մասին, կրկին արգելանք չեն դնում տարածքների վրա և դրանք մնացել են ճակատագրի քմահաճույքին: Տուժած գնորդներից մեկը` Դավիթ Հարությունյանը, օրինակ, արդեն պարզել է, որ որ իր բնակարանը, որը գտնվում է այդ գրավադրված տարածքների մեջ, արդեն անցել է բանկի տիրապետմանը:

Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter