
Եթե այս տեմպերով շարունակեն, նավը հաստատ կխորտակվի. Բաբկեն Ավչյան
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Բաբկեն Ավչյանը ֆիզմաթ գիտությունների թեկնածու է, աշխատում է Երևանի պետական համալսարանի ուժեղ դաշտերի ֆիզիկայի կենտրոնում:
Զբաղվում է հզոր լազերային դաշտերով ատոմների/իոնների բազմաֆոտոն գրգռմամբ ուղեկցվող որոշ կոհերենտ երևույթների ուսումնասիրությամբ: Հիմնական նպատակը կարճալիք լազերների իրականացման համար նոր տեսական մեթոդների մշակումն է:
Ստացել է երիտասարդ գիտնականների համար նախատեսված 2 դրամաշնորհ, որոնք ֆինանսավորվել են Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի (ԳԱՏԱՀ), ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների և մշակումների հիմնադրամի (ՔՀՄՀ) և Գիտության պետական կոմիտեի (ԳՊԿ) կողմից: Դրամաշնորհների հետ կապված ասում է, որ բացի ֆինանսական աջակցությունից, դրանք իրեն հնարավորություն են տվել մասնակցելու միջազգային գիտաժողովների, ինչը շատ ուսանելի և հետաքրքիր փորձ է համարում:
Գիտության թերֆինանսավորման գլխավոր պատճառը համարում է կառավարման խիստ ցածր արդյունավետությունը բոլոր ոլորտներում: Գտնում է, որ, որպես հետևանք, ունենք աղքատություն, ունենք զգալի թերֆինանսավորում, այդ թվում նաև գիտության:
Բաբկեն, ինչպե՞ս եք վերաբերվում վերջին տարիներին իրականացվող խրախուսական մրցանակաբաշխություններին։
Լավ եմ վերաբերվում, քանի որ դրանք, ամեն դեպքում, ինչ-որ չափով օգնում են (ստացել եմ «Ծառուկյան» հիմնադրամի մրցանակը): Մյուս կողմից` չէի ուզենա գերագնահատել մրցանակաբաշխությունների կարևորությունը, քանի որ որևէ երկրի գիտության պահպանման և, առավել ևս, զարգացման վրա դրանք էական ազդեցություն ունենալ չեն կարող:
Ի՞նչ կասեք մրցանակաբաշխություններում կիրառվող չափորոշիչների մասին: Ի՞նչ պետք է անել, որ պայմաններն առավել ընդունելի լինեն։
Միայն մեկ չափորոշիչով հնարավոր չէ «նորմալ» գնահատել գիտնականին և նրա կատարած գիտական աշխատանքը, հաշվի առնել տարբեր գիտությունների ու դրանց առանձին ճյուղերի առանձնահատկությունները: Գնահատման չափորոշիչները պետք է լինեն մի քանիսը, բայց մյուս կողմից խնդիրը միայն չափորոշիչների քանակի մեջ չէ, այլ նաև որակի: Օրինակ` ինձ համար պարզ չէ, թե ինչ մատչելի չափորոշիչներով կարելի է գնահատել տվյալ գիտաշխատողի ունեցած ներդրումը այս կամ այն գիտական աշխատանքում, կամ ընդամենը 1-2 տարի առաջ կատարված աշխատանքների կարևորությունը:
Ըստ Ձեզ՝ որո՞նք են Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած հիմնական խնդիրները: Տեսնո՞ւմ եք լուծման ճանապարհներ։
Գիտնականների առջև ծառացած հիմնական խնդիրները ֆինանսական բնույթի են: Դրանց լուծման ճանապարհների մասին հումանիտար գիտությունների առումով կդժվարանամ կարծիք հայտնել, կասեմ ոչ հումանիտար գիտությունների վերաբերյալ:
Իմ կարծիքով, հիմնական լուծումները հաճախ գտնվում են գիտության շրջանակներից դուրս: Օրինակ՝ ֆինանսական խնդիրները կարելի է լուծել գիտության մեջ ներդրումների ներգրավման, կիրառական գիտության զարգացման միջոցով, բայց դրա համար անհրաժեշտ է հարմարավետ բիզնես միջավայր, որն ընդհանուր խնդիր է և վերաբերում է ամբողջ պետությանը:
Որոշ չափով խնդիրները կարելի կլինի լուծել նաև եղած միջոցների ավելի արդյունավետ օգտագործման շնորհիվ, մասնավորապես դրամաշնորհների միջոցով վերաբաշխելով առկա գումարները հօգուտ ավելի լավ աշխատող գիտական խմբերի: Ելնելով փոքր երկրների առանձնահատկություններից, շատ կարևոր է, որպեսզի առաջարկվող նախագծերն անցնեն միջազգային փորձաքննություն:
Ինչպե՞ս եք վերաբերվում գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը։ Արդյոք գիտնականի միակ գործը չպե՞տք է լինի բացառապես գիտությամբ զբաղվելը՝ առանց նյութական բաներին ուշադրություն դարձնելու։
Լավ եմ վերաբերվում: Խոսքը ճոխությունների մասին չէ, խոսքը տարրական պայմանների մասին է, որոնք անհրաժեշտ են մարդուն, որպեսզի նա կարողանա կենտրոնանալ իր գիտական աշխատանքի վրա:
Որքա՞ն է տարածված կոռուպցիան գիտական աշխարհում։ Կա՞ երիտասարդ գիտնականների աշխատանքի շահագործում լաբորատորիաների վարիչների և պաշտոնատար այլ անձանց կողմից:
Խնդիրներ, իհարկե, կան, օրինակ, կապված գիտական աստիճանների, կոչումների շնորհման հետ: Բայց, իմ տպավորությամբ, գիտության մեջ, համեմատած այլ ոլորտների հետ, կոռուպցիան մեծ չէ:
Անձամբ ես որևէ կերպ չեմ տուժել, բայց գիտեմ երիտասարդ գիտնականների, որոնք տուժել են, մասնավորապես, «սեփականաշնորհվել» են նրանց գիտական աշխատանքի արդյունքները:
Ի՞նչ հիմնական տարբերություններ կթվարկեք Հայաստանում և դրսում գիտական աշխատանքով զբաղվելու հարցում։
Արտասահմանում երբևէ չեմ աշխատել, բայց դրամաշնորհների շնորհիվ հնարավորություն եմ ունեցել մասնակցելու մի քանի միջազգային գիտաժողովների (ԱՄՆ, Իսպանիա, Հունգարիա, Շվեյցարիա), շփվելու այլ երկրների երիտասարդ գիտնականների հետ: Իմ տպավորությամբ, իրենց մոտ արդյունավետ աշխատելու համար ավելի նպաստավոր պայմաններ կան՝ կապված ավելի մեծ ֆինանսական հնարավորությունների, կազմակերպչական ունակությունների հետ: Եվ առկա է սերտ համագործակցություն՝ ինչպես խմբերի ներսում, այնպես էլ այլ խմբերի հետ:
Գիտական աշխարհում գենդերային խնդիր կա՞. սեռը որևէ ազդեցություն թողնո՞ւմ է գիտական կարիերայի վրա Հայաստանում կամ արտասահմանում։
Կա։ Գենդերային խնդրի տեսանկյունից գիտական աշխարհը առանձնապես չի տարբերվում ոչ գիտական աշխարհից:
Ի՞նչ կասեք հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգի մասին: Արդյոք մասնագիտական աճի հեռանկարների տեսանկյունից պետք չէ՞ այն արագորեն ներդնել Հայաստանում։
Հետթեկնածուական կարգավիճակի լավ կողմերը կերևան միայն պատշաճ ֆինանսավորման դեպքում: Եթե չկա նորմալ ֆինանսավորում, հետթեկնածուական կարգավիճակի ներմուծումը երկրորդային, եթե ոչ՝ երրորդային կարևորության հարց է:
Տեսնո՞ւմ եք արդյոք վերջին տարիներին դրական միտումներ՝ մեր երկրում գիտության կազմակերպման ու խրախուսման հարցում։
Ինչ-որ քայլեր արվում են, բայց եթե այս տեմպերով շարունակեն փակել նավի անցքերը, նավը հաստատ կխորտակվի: Չմոռանանք, որ մեր գիտության համար մեծ նշանակություն ունեցող միջազգային դրամաշնորհների ընդհանուր ծավալը կայուն նվազում է:
Հարցազրույցը` Մանե Հակոբյանի
Մեկնաբանել