
Գերմանիայի Հալլե քաղաքում տեղի իշխանությունների կողմից կկանգնեցվի խաչքար եւ վրան կգրվի «Ցեղասպանություն»
Ինչպես աշխարհի բոլոր հայ համայնքներում, այնպես էլ Գերմանիայի Հալլե քաղաքի հայկական համայնքում տեղի է ունեցել հուշ երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության ընթացքում նահատակված 1,5 մլն հայորդիների հիշատակին:
Հուշ-երեկոն կազմակերպվել է Հալլեի համայնքի վարչության անդամների և հոգևորականի ջանքերով, որի ընթացքում կատարվեց հոգեհանգստյան պաշտոն` Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի և Հյուսիսային Գերմանիայի հոգևոր հովիվ՝ Տ. Գնել քահանա Գաբրիելյանի ձեռամբ:
Երեկոյին ներկա են եղել Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը, Սաքսոնիա-Անհալտի երկրամասի Ավետարանչական եկեղեցու եպիսկոպոս՝ Յոհան Շնայդերը, Հալլեի քաղաքային միգրացիայի և ինտեգրացիայի բաժանմունքի պատասխանատու Պետրա Շնոյցերը, ինչպես նաև գերմանական տարբեր կուսակցությունների պատասխանատուներ, ներկայացուցիչներ, հոգևորականներ և բազմաթիվ հայորդիներ:
Հոգեհանգստյան պաշտոնից հետո միջոցառումը բացել է Հալլե քաղաքի Մարտին Լութեր Համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Արմենուհի Դրոստ-Աբգարյանը: Ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու կոչով ելույթ է ունեցել հայ համայնքի ատենապետ Հարություն Մանուկյանը: Այնուհետև Հայոց ցեղասպանության վերաբերյալ զեկույցով հանդես է եկել Սաքսոնիայի Շկոյդիտց քաղաքի հոգևորական դոկտոր Ակսել Մայսները:
Նա իր խոսքում խստիվ դատապարտել է Օսմանայան Կայսրության կողմից հայերի դեմ կազմակերպված Ցեղասպանությունը` այն որակելով որպես 20-րդ դարում դաժանությամբ իր նմանը չունեցող ոճրագործություն, որը նախերգանք հանդիսացավ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ադոլֆ Հիտլերի կողմից կազմակերպված հրեաների Ցեղասպանության:
Զեկույցից հետո Պետրա Շնոյցերը ընթերցել է Հալլե քաղաքի կողմից պաշտոնապես ընդունված որոշումը՝ Հալլե քաղաքում Ցեղասպանության զոհերի հիշատակին հայկական խաչքարի կանգնեցման վերաբերյալ:
Միջացառման ավարտին ներկաները իրենց խոնարհումն են բերել և ծաղիկներ դրել եկեղեցու բակում Ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի առջև:
Մեկնաբանել