
Երևանի ավագանու ընտրություններ. միակ և անկրկնելի խոստումները նախընտրական ծրագրերում
Մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու և առհասարակ որևէ ընտրության մասնակցող թեկնածուների նախընտրական ծրագրի խոստումները հաճախ նման են. բարեփոխումների գոնե ոլորտները (աշխատատեղերի ստեղծում, աշխատվարձերի բարձրացում, կոռուպցիայի դեմ պայքար, բնապահպանական վիճակի բարելավում) համընկնում են: Նախընտրական ծրագրերում տարբեր են այդ բարեփոխումներին հասնելու համար խոստացվող կոնկրետ միջոցառումները և ստեղծված իրավիճակի մեջ մեղադրվողները:
Այս հրապարակման մեր ներկայացնում ենք մայիսի 5-ին Երևանում կայանալիք ընտրություններին մասնակցող 6 կուսակցության և 1 կուսակցությունների դաշինքի նախընտրական ծրագրերի այն դրույթները, խոստումները, որոնք ոչ մի ուրիշ թեկնածուի նախընտրական ծրագրում չկան:
«Առաքելություն» կուսակցությունը խոստանում է.
- մետրոպոլիտենի ուղեվարձի նվազեցում` 50 դրամ, դպրոցականներին, ուսանողներին` անվճար սպասարկում,
- տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի խստացնող նորմ պարունակող վերանայում ոչ շուտ, քան 3 տարին մեկ անգամ, մեղմացնող փոփոխությունների պարագայում՝ տարեկան մեկ անգամ:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախատեսում է.
- էկոլոգիապես վտանգավոր և վնասակար արտադրությունների վերացումը կամ դրանց համապատասխանեցումը գործող բնապահպանական պահանջներին,
- կանաչապատման ոլորտում միամյա կուլտուրաները փոխարինել բազմամյա կուլտուրաներով,
- կանոնակարգել հանրային տարածքներում իրականացվող բացօթյա ապօրինի առևտուրը,
- բացառել վերջին տարիներին մի շարք անբարեխիղճ շինարար-գործարարների կողմից նույն բնակարանները մի քանի անձանց վերավաճառելու և գերշահույթներ ստանալու պրակտիկան՝ խնդիրը կարգավորելով իրավական դաշտում, և բարեխիղճ գնորդ քաղաքացիներին վերադարձնել իրենց սեփականության իրավունքը,
- բացառել տաղավարների, կրպակների և նմանատիպ այլ ժամանավոր շինությունների անհարկի ապամոնտաժումը և այդ կարգի այլ ոտնձգությունները՝ առանց օրենքով սահմանված կարգով համապատասխան փոխհատուցումների և համարժեք քաղաքակիրթ այլընտրանքի առաջարկման,
- իսպառ բացառել դրամահավաքը դպրոցներում,
- ստեղծել 18-30 տարեկան երիտասարդների նասնակցությամբ Երիտասարդական խորհրդարան՝ խորհրդատվական գործառույթներով:
«Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը խոստանում է.
- Բազմահարկ բնակելի շենքերի բակերում կառուցված առանձնատների ապամոնտաժումը՝ բնակմակերեսի տարբերությունը փոխհատուցելու պայմանով, և ազատված տարածքների հաշվին բակային այգիների, պուրակների, մանկական խաղահրապարակների մեծացումը:
- Երևանի գլխավոր ճարտարապետին զերծ պահել բացառապես սեփական ստեղծագործական նախագծերի իրականացումից, պաշտոնի չարաշահումից ու շահերի բախումից:
- Հատուկ ուսումնասիրել, թե ինչու չթույլատրվեց աղբի վերամշակման գործարան հիմնել միջազգային տարբեր ծրագրերով, որոնք պատրաստ կլինեին ոչ միայն վերամշակել աղբը և դրանից գոյացող թունավոր արտանետումները, այլև վճարել մատակարարվող աղբի դիմաց:
- Պարտադրել հանրային ծառայություններ մատուցող ընկերություններին՝ ապահովելու շուրջօրյա սպասարկում, հատկապես գիշերային, ոչ աշխատանքային ժամերին ու հանգստյան օրերին՝ արագ արձագանքման, ջրագծի, կոյուղագծի վթարի, խցանման վերացման համար:
- Հետիոտնի անցման հարմարավետության ապահովում՝ մայթերի նախանշված լայնությունը սահմանափակող օբյեկտների տեղափոխում ոչ հետիոտնային գոտիներ:
- Հասարակական տրանսպորտում տեղադրել տոմս վաճառող սարքեր, վարորդներին ազատել տոմսի գումար հավաքելու գործառույթից, ինչպես նաև գծատիրոջը «պլան» մուծելու փոխարեն տալ արժանավայել աշխատավարձ:
- Վերագործարկել դեպի Նորք-Մարաշ տանող ճոպանուղին և ապահովել դրա պատշաճ ու անխափան գործունեությունը:
- Սահմանել սուպերմարկետների առավելագույն քանակություն, որ կարող է գոյություն ունենալ տվյալ տարածքում:
- Բնակելի հատվածներում սննդի ու գիշերային օբյեկտներում բարձրահունչ երաժշտության և աղմուկի թույլատրելի մակարդակի խախտումների համար խստացնել պատասխանատվությունը սահմանված տուգանքների չափի ավելացմամբ:
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախընտրական ծրագիրը կազմված է երկու մասից՝ Քաղաքական ծրագիր և Երևանի ծրագիր:
Քաղաքական ծրագրով ՀԱԿ-ը խոստանում է.
- կարճ ժամանակում քաղաքական մեխանիզմներով հասնել խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրությունների միջոցով երկրում լեգիտիմ իշխանության ձևավորմանը և սահմանադրական կարգի վերականգնմանը։
Երևանի ծրագրով ՀԱԿ-ը խոստանում է.
- Երևանում կստեղծվի մալուխային (կաբելային) հեռուստատեսություն, որով հեռարձակվելու հնարավորություն կստանան բոլոր ցանկացող հեռուստաընկերությունները, այդ թվում նաև նրանք, որ փակվել են իշխանությունների կողմից:
- Կձևավորվի քաղաքաշինական միասնական, բոլորի համար մատչելի տեղեկատվական շտեմարան:
- Երևանում կներդրվի առողջապահական «հիմնական ծառայությունների փաթեթից» (անվճար բուժօգնությունից) օգտվելու և անվճար դեղորայք ստանալու հնարավորություն տվող էլեկտրոնային վճարահաշվարկային անհատական քարտերի համակարգ:
- Մայրաքաղաքում խստորեն կկիրառվեն «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջները:
- Փոստային ծառայություններ իրականացնող կազմակերպությունների հետ համագործակցությամբ մայրաքաղաքում կվերականգնվի երևանցիներին անհատական փոստային ծառայություններ մատուցելու համակարգը:
Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության նախընտրական խոստումները հետևյալներն են.
- Երևանի մասին օրենքի համաձայն՝ ստեղծել հասարակական կարգի պահպանության համայնքային ծառայություն՝ մունիցիպալ ոստիկանություն:
- Համաքաղաքային նշանակության նպատակային ծրագրերի ֆինանսավորման համար կիրառել պարտատոմսերի և բաժնետոմսերի թողարկման, փոխառությունների ներգրավման և այլ ձևեր:
- ֆինանսական աջակցություն տրամադրել հաշմանդամության հիմնահարցերով զբաղվող ՀԿ-ներին:
Հայաստանի հանրապետական կուսակցությունը նախատեսում է.
- Հրանտ Մաթևոսյանի թանգարանի հիմնում,
- Կրկեսի շենքի կառուցում,
- ժամանակակից արվեստի թանգարանի նոր շենքի կառուցում,
- ժամանակակից հյուրանոցային ցանցի ընդլայնում,
- Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մասնաշենքի վերանորոգում,
- Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտի կառուցում,
- քարաթափման կանխարգելիչ միջոցառումների ծրագրեր,
- «Ուսանողական Երևան» նախագծի մշակում,
- Երևանը` եվրոպական բարձրագույն կրթության տարածքի կենտրոն,
- գեղասահքի զարգացման ծրագրի իրականացում և համապատասխան մարզադպրոցի կառուցում,
- Կենդանաբանական այգու ամբողջական վերանորոգում, արդիականացում,
- միջուկային բժշկության տարածաշրջանային գերազանցության կենտրոնի գործարկում,
- համայնքային ծառայողի առողջապահական պարտադիր ապահովագրում:
«Օրինաց երկիր» կուսակցությունը նախընտրական հետևյալ խոստումներն է տալիս.
- ստեղծել աշխատանքի տեղեկատվական կենտրոն, որտեղ կմեկտեղվեն պետական ու մասնավոր սեկտորի առաջարկությունները աշխատանք փնտրողների համար,
- հետևողական նվազեցնել ջրի սակագինը,
- բնակելի առանձնատների հոծ կառուցապատման տարածքներում կառուցել դպրոցներ, մանկապարտեզներ և պոլիկլինիկաներ,
- երթևեկության կանոնները հսկող արագաչափերի և տեսախցիկների արձանագրած վարչական տույժերի հավաքագրման արդարացի համաչափությունը ապահովելու նպատակով՝ դրանց որոշակի մասը ուղղել քաղաքային բյուջե` ճանապարհաշինական կարիքները հոգալու նպատակով,
- մշակել և իրականացնել նախազորակոչային տարիքի երիտասարդների ֆիզիկական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագիր,
- ստեղծել Երևան-սփյուռք հարաբերությունները համակարգող ստորաբաժանում քաղաքապետարանում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել