HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առողջապահության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությունը կշարունակվի

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունեց Ֆրանսիայի Գուստավ Ռուսիի անվան Ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ալեքսանդր Էգերմանի ղեկավարած պատվիրակությունը, որը Երևանում է գտնվում «Ուռուցքաբանություն, վիրաբուժություն, բիոպաթոլոգիա` ակտուալ խնդիրներ» թեմայով հայ-ֆրանսիական գիտաժողովին մասնակցելու նպատակով։

Պատվիրակության ղեկավարը և «հայ–ֆրանսիական համագործակցություն ուռուցքաբանության բնագավառում» ծրագրի համակարգող, Եվրամիությունում PCD-ի  (Պաթոլոգիայի, ցիտոլոգիայի զարգացում հասարակական կազմակերպոթյուն)  լիազոր անդամ Այծեմիկ Ասատրյանը Դերենիկ Դումանյանին ներկայացրեցին, որ արդեն երրորդ տարին է, ինչ Գուստավ Ռուսիի անվան Ուռուցքաբանության կենտրոնը համագործակցում է ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ։

Այս ընթացքում հայաստանցի հինգ մասնագետ հյուսվածքաբանական և իմունահիստոքիմիական հետազոտությունների ասպարեզում վերապատրաստվել են Գ. Ռուսիի անվան Ուռուցքաբանության կենտրոնում: Իսկ PCD-ի կողմից նվիրաբերած իմունահիստոքիմիայի լաբորատոր սարքերի, հյուսվածքաբանական և բջջաբանական հետազոտությունների ավտոմատ սարքավորումների շնորհիվ ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության կենտրոնում զգալիորեն բարելավվել է ախտորոշման որակը:

Դերենիկ Դումանյանին նաև տեղեկացրեցին, որ այսօր ստորագրված փոխհամագործակցության հուշագրում ամրագրվել են համատեղ գործունեության հետագա ուղղությունները։

Դերենիկ Դումանյանն անդրադառնալով մարդկության առջև ծառացած ուռուցքային հիվանդությունների հաղթահարման լուրջ հիմնախնդրին, կարևորեց ֆրանսիացի գործընկերների հետ արդյունավետ փոխհամագործակցությունը։ Նա իր հյուրերին ներկայացրեց ուռուցքաբանության ոլորտում Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ծրագրերը և շնորհակալություն հայտնեց ուռուցքաբանության ոլորտին ցուցաբերած աջակցության համար։

Ֆրանսիացի մասնագետները պատրաստակամություն հայտնեցին շարունակել հայ գործընկերների հետ համագործակցությունը ամենատարբեր ոլորտներում` ընդհուպ համատեղ վիրահատություններ, մասնագետների փոխանակումներ և այլն։

Դերենիկ Դումանյանի հրամանով Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգին ցուցաբերած անգնահատելի աջակցության համար Ֆրանսիայի Գուստավ Ռուսիի անվան Ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ալեքսանդր Էգերմանը պարգևատրվել է ՀՀ առողջապահության նախարարության հուշամեդալով։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter