HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարոն Մարգարյանի քարոզչական պաստառները, «ապաքաղաքականացված» համատիրությունը և նախընտրական խոստումները

Երեւանի 4419 բազմաբնակարան շենքերի կառավարումն իրականացվում է 286 համատիրությունների, 117-ը՝ լիազորագրային կառավարիչների, 175-ը՝ վարչական շրջանների ղեկավարների եւ 9-ը՝ ԿԷՉ-ի կողմից։ Համատիրությունները կոչված են բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքը կառավարելուն: Այդպես, համենայնդեպս, «Համատիրության մասին» օրենքն է սահմանում: 

Սակայն բնակիչները տարբեր առիթներով դժգոհություններ են արտահայտում համատիրությունների աշխատանքից` նշելով, որ դրանք չեն ծառայում իրենց նպատակին: Գումարը հավաքում են, հավաքված գումարով համատիրության աշխատակիցներին աշխատավարձ է տրվում, սովորական բնակչի համար  արդյունքը տեսանելի չէ: Երբեմն ծառայում են որպես ընտրական արդյունավետ գործիք:

Ավագանու ընտրություններում առաջադրված և հիմնականում երիտասարդներից բաղկացած «Առաքելություն» կուսակցությունն առաջարկում է վերացնել համատիրությունների համակարգը և դրանց լիազորությունները փոխանցել վարչական շրջաններին: «Հենց էնպես չի, որ ամեն մեկը զարթնի համատիրություն փակի»,- ասում է «Կենտրոն 1» համատիրության նախագահ Սուրեն Ներսիսյանը, ով ավագանու անդամ է, այժմ էլ ավագանու թեկնածուների ՀՀԿ ցուցակում 43-րդ համարն է: Նաև ՀՀԿ անդամ է: «Քաղաքի ավագանին համատիրություն չի կարող փակել, համատիրությունը փակում է Ազգային ժողովը, Սահմանադրությունը: Փակեք այն համատիրությունները, որոնք չեն գործում,-ասում է Ս. Ներսիսյանը և հարց տալիս,- բա բնակիչների հոգսերով ով է զբաղվելու»: Սուրեն Ներսիսյանը թվարկում է այն «հոգսերը», որոնք իրենք լուծում են` մեկի տանիքն է կաթում, մյուսի խողովակն է փչացել, երրորդի՝ «ունիտազի բաչոկը»: Ըստ թեկնածուի` զանգում են նաև, երբ ջուրն է կտրվում, լույսն` անջատվում, կամ երբ հեռախոսը չի աշխատում: «Կզանգի, ասում է` ես քեզ ստեղծել եմ, դու զբաղվի»,- պատմում է Ս. Ներսիսյանը և հավաստիացնում, որ իրենք բնակիչների այդ խնդիրներն էլ են կարգավորում՝ չնայած դա իրենց լիազորությունների շրջանակներում չէ եւ օրենքով նախատեսված չէ:  

264 շենք սպասարկող «Կենտրոն 1» համատիրությունը 85 տոկոսով հավաքագրում է գումարները: Ըստ Ս. Ներսիսյանի` մյուս 15 տոկոսը հիմնականում վճարունակ չէ: 2012–ին 220 մլն-ի բյուջեի հավաքագրում են ապահովել, որից վարձատրվում է նաև համատիրության 105 աշխատակից: Ս. Ներսիսյանը նշում է, որ համատիրությունները փակելը նաև լուրջ աշխատատեղի խնդիր կառաջացնի, քանզի, Երևանից բացի, հանրապետության բոլոր մարզերում կան համատիրություններ:

«Կենտրոն 1» համատիորության մուտքից մինչեւ վերջին սենյակի դուռը գործող քաղաքապետ և ՀՀԿ ավագանու ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի քարոզչական պաստառներն են փակցված: Համատիրության նախագահին հարց ուղղեցինք, թե ինչո՞ւ են թեկնածուի քարոզչական պաստառները փակցրել համատիրության պատերին: «Դե դա համատիրություն է, Տարոն Մարգարյանն էլ էսօրվա գործող քաղաքապետն է: Սա ես դուրսը չեմ քարոզում, հիմնարկի ներսում եմ ես այս աշխատանքները կատարում»:

Բնակիչների գումարներով ստեղծված համատիրությունում ինչո՞ւ է նախագահը քարոզչություն և քաղաքական գործունեություն իրականացնում` մեր դիտարկմանը Ս. Ներսիսյանի պատասխանն ավելի հաստատուն էր. «Ոչ մի քաղաքական գործողություն էս համատիրությունում կամ տարբեր համատիրություններում չի իրականացվում, պարզապես էսօր տեսնում ենք, որ գործող քաղաքապետը քրտնաջան աշխատում է գիշեր-ցերեկ, դու ուզում ես աջակցես: Ոչ թե մենք քաղաքականացված ենք, այլ էդ մարդը աշխատում է, պիտի աջակցենք, բա ի՞նչ պետք ա անենք»:

Տեղական ինքնակառավարման մարմնի հիմնադրման 15-ամյա հոբելյանի կապակցությամբ  ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում ՀՀ-ում տեղական ինքնակառավարման մարմինների կայացման գործին էական նպաստ բերելու համար Երևանի ավագանու անդամ Սուրեն Ներսիսյանը պարգևատրվել է խորհրդարանի Պատվո մեդալով (առաջին լուսանկարում)։

Այն, որ համատիրությունները քաղաքականացված կառույց են դարձել, արձանագրել են իրենց ընդդիմադիր հռչակած 3 ուժերը` ՀՅԴ-ն, ՀԱԿԿ-ը, «Բարև Երևան» դաշինքը: Փոխարենը այդ մասին լռում են ԲՀԿ-ն և կոալիցիոն ուժերը` ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը:

Դաշնակցությունը շեշտում է, որ համատիրությունները չպետք է իշխանության համար ծառայեն իբրև ընտրական գործիք: Այնուհանդերձ, կուսակցությունն առաջարկում է բնակֆոնդի պահպանման, վերակառուցման և սպասարկման միջոցները տրամադրել համատիրությունների միջոցով` բնակիչների ուղղակի մասնակցությամբ: 

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունն արձանագրել է, որ Երևանի 4765 բազմաբնակարան շենքերը գտնվում են անմխիթար վիճակում:  Շենքերի տեխնիկական վիճակը չի համապատասխանում որևէ նորմատիվի: Վատթար վիճակում է վերելակային տնտեսությունը: Ստեղծված վիճակի հիմնական պատճառն, ըստ ՀԱԿ-ի, այն է, որ այդ շենքերի  կառավարման մարմինները (համատիրություն, լիազորագրային կառավարում, վարչական շրջանի ղեկավար) չեն իրականացնում օրենքով իրենց վերապահված լիազորությունները, շենքերի պահպանման պարտադիր նորմերի կատարման մասով բավարար վերահսկողություն չեն իրականացում։ Դրա փոխարեն կառավարման այդ մարմինները, մոռանալով իրենց հիմնական պարտականությունները, վերածվել են «քաղաքական կառույցների»՝ ընտրությունների կեղծարարության ընդհանուր համակարգի մեջ դառնալով հիմնական գործող օղակներից մեկը: ՀԱԿԿ-ն խոստանում է բացառել շենքերի կառավարման մարմինների որևէ մասնակցություն քաղաքական գործընթացներին:

Կուսակցությունը Երևանի քաղաքային իշխանությունների գործունեության մեջ կառավարման նոր մշակույթ է ուզում ներդնել, որը կհամապատասխանի ժամանակակից առաջադեմ երկրների պրակտիկային և կծառայի քաղաքացիների շահերին. «Խորհրդատվական, տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև պատշաճ վերահսկողություն իրականացնելու միջոցով համատիրություններին կպարտավորեցվի իրենց կողմից սպասարկվող բնակելի շենքերում իրականացնել տանիքների, վերելակների, ընդհանուր օգտագործման տարածքների համապատասխան սպասարկում»: 

Եթե ՀԱԿԿ-ն հաղթի այս ընտրություններում, խոստանում է մշակել բազմաբնակարան շենքերի կառավարման նոր հայեցակարգ, որով շենքերի բնակիչները հնարավորություն կստանան իրական մասնակցություն ունենալ իրենց իսկ շենքերի, հարակից տարածքների օգտագործման եւ կառավարման աշխատանքներին։ Ավելին, կառավարման գործընթացը կլինի թափանցիկ, բնակիչները մշտապես հնարավորություն կունենան ստանալ տեղեկություններ նախատեսվող, կատարված աշխատանքների, ֆինանսական ծախսերի վերաբերյալ: Նշենք, որ ներկայումս գործող օրենսդրությամբ սա նախատեսված է: Այլ հարց է, որ չի գործում կամ գործում է մասնակիորեն:

«Բարև Երևան» դաշինքն իր ծրագրում նշում է, որ համատիրությունները իրենց առաջնային պարտականություններով զբաղվելու փոխարեն, որպես կանոն, բնակչի համար ձեւական բնույթ են կրում կամ ունեն հարկահավաք նշանակություն եւ ճնշող մեծամասնությամբ իշխող կուսակցության համար կատարում են կուսակցության տարածքային ստորաբաժանման դեր` ընտրությունների ժամանակ բնակիչների քվեները կորզելու գործառույթով:

«Բարև Երևան»-ը շեշտում է, որ համայնքային ծառայության իրականացումը, համատիրությունների գործառնությունը  պետք է ապակուսակցականացվի. «Նշված հաստատությունների այն աշխատակիցները, ովքեր իրենց տնօրինած լծակները կօգտագործեն կուսակցական նպատակներով կամ անմիջական պարտականությունների կատարումը կզուգակցեն կուսակցական քարոզչության հետ, կազատվեն զբաղեցրած պաշտոններից կամ պատկան մարմինների առջեւ կհարուցվի նրանց ազատելու հարցը»:  

Շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter