HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշտարակի տարածքում կկառուցվի միջհամայնքային նոր աղբավայր

Փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար  Արմեն Գեւորգյանն  այսօր Արագածոտնի մարզում ծանոթացավ  միջհամայնքային նոր աղբավայրի կառուցման համար առաջարկվող տարածքին: 

Տեղում մարզպետ Ս. Սահակյանի, Աշտարակի քաղաքապետի, այլ պատասխանատուների հետ քննարկվեցին Աշտարակ քաղաքին եւ շրջակա  գյուղերին սպասարկող` գործող աղբավայրի փակման եւ նորի կառուցման հնարավորությունները:

Գործող աղբավայրը գտնվում է Աշտարակ-Էջմիածին մայրուղուն անմիջապես հարող տարածքում, քամիների մշտական  հոսանքի տակ, ինչը խնդիրներ է առաջացնում բնապահպանական նորմերին համապատասխան շահագործելու առումով: Նոր աղբավայրն առաջարկվում է  կառուցել Աշտարակ քաղաքի վարչական տարածքում` Երեւան-Աշտարակ մայրուղուց աջ ընկած հատվածում, խարամի նախկին հանքավայրի խորշերի տեղում:

Մարզպետը նշեց, որ տարածքն ընտրվել է տեղական մարմինների ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում: Ա. Գեւորգյանը կարեւորեց նոր աղբավայրի` սահմանված բոլոր պահանջներին եւ բնապահպանական նորմերին  համապատասխան կառուցումը: Ըստ նրա` հարցը պետք է ներկայացվի  բնապահպանական փորձաքննություն իրականացնող կազմակերպության, ինչպես նաեւ համայնքնի ավագանու քննարկմանը:

Աղբավայրի շահագործման հետ կապված պատասխանատվություն պետք է ստանձնեն նաեւ հետագայում դրանից օգտվող մյուս համայնքները:  

Ա. Գեւորգյանն այցելեց նաեւ Արագածի տարածաշրջանի Հնաբերդ համայնք, որտեղ Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրով անցած տարի ավարտվել է  համայնքային նշանակության ջրամբարի կառուցումը:  Ծրագրի արժեքը կազմել  է 123,7 մլն դրամ: Ջրամբարը կունենա 65 հազ. խմ օգտակար ծավալ եւ կկուտակի Արագածի հալոցքային սելավաջրերը` այդպիսով լուծելով բարձրլեռնային գոտում գտնվող համայնքի ոռոգման խնդիրը:  Ջրամբարի հզորությունները բավարար կլինեն համայնքի 100 հա ցանքատարածությունները ոռոգելու համար: 

Ա. Գեւորգյանը ողջունելի համարեց տեղերում առկա խնդիրների լուծմանն ուղղված նման փոքր ծրագրերի իրականացումը եւ դրանց համայնքի մասնակցությունը: Տեղում մարզպետի, համայնքապետի, այլ պատասխանատուների հետ քննարկվեցին ջրամբարի շահագործման, ինչպես նաեւ համայնքի ընթացիկ խնդիրների հետ կապված հարցեր:Այս մասին տեղեկացնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter