HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Առաքելյան

Բեռլինում ապրիլ 24-յան ցույցերն ավարտվեցին «Այլևս երբեք» նշանաբանով

Գերմանիայի մայրաքաղաքում ապրող հայերը ապրիլի 27-ին նույնպես շարունակել են իրենց բողոքի ցույցերը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով: Ակցիան, որը կրում էր «Այլևս երբեք» խորագիրը, տևել է մի քանի ժամ, իսկ  գերմանացի ոստիկանները ողջ ընթացքում ուղեկցել են խաղաղ ցույցի մի քանի տասնյակ մասնակիցներին:

Ցուցարարները նախ մեկ ժամ կանգնել են թուրքիայի դեսպանատան դիմաց: Նրանց հետ են եղել նաև թուրք և քուրդ մտավորականներ, որոնցից մի քանիսն ամեն տարի են մասնակցում ապրիլքսանչորսյան միջոցառումներին: Այնուհետև նրանք շարժվել են դեպի Բրանդենբուրգյան դարպասներ, որից հետո մոտեցել են հրեական ցեղասպանության  հուշաքարերին և ծաղիկներ դրել:

«Թուրքերն ամեն տարի ճիշտ այս օրը հայտարարում են երեխաների միջազգային օր, իրենց այդ տոնը ամսի 23-ին է, բայց այսօր են արել, քանի որ շաբաթ է և լրատվամջոցների ուշադրությունը գրավեն ու հատուկ մեզ խանգարեն, հետո ինչ-որ տոնում են իրենց անկախության տոնը, - մեզ հետ զրույցում նշեց բեռլինաբնակ դոկտոր Ժիրայր Քոչարյանը՝  ավելացնելով, - երբ Հոլոքոստի քարերի մոտ էինք, մի խումբ քրդեր կային, որ միացան հայերիս, որ ասում էին` դեմ են թուրքերին»:

Իսկ Անգլիայի դեսպանատան մոտով անցնելիս ցուցարարները ստիպված են եղելծալել  բոլոր պաստառները, որովհետև «դա արգելված էր, թույլտվություն չկար»: Այնուհետև անցել են գնչուների զոհերի հուշարձանի մոտով և հասել կանցլեր Անգելա Մերկելի նստավայր:

«Թուրքերն ամեն բան անում էին, որ խանգարեին, բայց մենք հասանք կանցլեր Անգելա Մերկելի նստավայր ու հանձնեցինք մեր նամակը, որում նշել ենք մեր պահանջը, որ  երկու տարի անց կլրանա մեր ցեղասպանության հարյուրամյա տարելիցը, և քանի որ իրենք առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքերի դաշնակիցներն են եղել, պահանջել ենք, որ ճանաչեն հայոց ցեղասպանությունը: Մենք երկու նամակ ենք պատրաստել, մյուսն էլ փոստով հանձնել ենք Դավութօղլուին` մատնանշելով վերջին սպանությունները Թուրքիայում, նաև մշակութային եղեռնի մասին ենք գրել, որ եկեղեցիները մզկիթ են սարքում, այնինչ ինքը խոստացել էր՝ ոչ մի հարևանի հետ խնդիր չի ունենա, բայց բոլորի հետ ունի»,- պատմում է դոկտոր Ժ. Քոչարյանը:

Միջոցառման ավարտին շուրջ երեք տասնյակ ակտիվ մասնակիցներ քննարկում են կազմակերպել այն հարցերի շուրջ, թե մյուս տարի ինչպես և ինչ ձևաչափերով է հարկավոր անցկացնել ապրիլքսանչորսյան միջոցառումները, որ ավելի ազդու և հասանելի լինեն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter