
«Նաիրիտի» բանվորները ցույց են անում Կառավարության շենքի դիմաց (պարբերաբար լրացվող)
Այս պահին «Նաիրիտ» գործարանի մոտ 80 բանվոր հավաքվել են Հանրապետության հրապարակում: «Նաիրիտի» աշխատողների մի խումբ էլ առավոտյան դուրս է եկել գորածարանից եւ շարժվում է դեպի հրապարակ: Աշխատողներին է միացել նաեւ գործարանի Արհմիությունը:
Բանվորները պահանջում են վճարել իրենց աշխատավարձի պարտքերը եւ աշխատեցնել գործարանը: «Նաիրիտի» աշխատողները աշխատավարձ չեն ստացել 11-12 ամիս:
11:05
Արհմիության կոմիտեի անդամները մոտ 30 րոպե է, կառավարության Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչությունում են: Դրսում հավաքվածները սպասում են, թե կառավարությունում ինչ պատասխան կտան:
11:45
Կառավարության շենքից դուրս եկան «Նաիրիտի» ցեխերի պետերը, որոնք շենք էին մտել Արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանի հետ: Հրաչ Թադևոսյանը հայտարարեց, որ հանդիպել է Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանի և էնեգետիկային փոխնախարարի հետ: Նաիրիտցիներին խոստացել են այս շաբաթվա ընթացքում վճարել 1 ամսվա աշխատավարձ, իսկ մինչև մայիսի վերջ՝ ևս 1 ամսվա աշխատավարձ:
Հրաչ Թադևոսյանը նաև տեղեկացրեց, որ «Նաիրիտի» գործարկման և վաճառքի վերաբերյալ բանակցություններն ընթանում են «Ռոսնեֆտ» ընկերության հետ, և ապագայում պարզ կդառնա, թե ինչ ճակատագիր կունենա «Նաիրիտը»:
Նաիրիտցիները անհամաձայնության կոչերով ընդունեցին Հրաչ Թադևոսյանի հայտարարությունները և այժմ պատրաստվում են նախագահի նստավայր գնալ: Նրանց չի բավարարել 1 կամ 2 ամսվա աշխատավարձը տալու խոստումը. նրանք պահանջում են, որ իրենց վճարեն բոլորի ամիսների աշխատավարձերը և «Նաիրիտի» աշխատելու կամ չաշխատելու մասին հստակ տեղեկություններ տրամադրեն:
«Մի տեսակ էսօր շատ ագրեիվ եք: Նաիրիտցիները էդքան ագրեսիվ չեն լիում»,- արձագանքեց Հրաչ Թադևոսյանը, ով ակնհայտորեն չէր ուզում, որ «Նաիրիտի» աշխատակիցները գնան նախագահի նստավայր:
11:50
Այժմ աշխատակիցների մի մասը գնում է նախագահի նստավայր, մի մասին ցեխերի պետերը և Հրաչ Թադևոսյանը փորձում են բանակցությամբ հետ պահել նախագահի նստավայր գնալու մտադրությունից:
Մեկնաբանել