HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կառավարությունը կարո՞ղ է մեզ կոմունալ վճարներից ազատել». «Նաիրիտի» աշխատակցի հարցը կառավարության ներկայացուցչին

«Պարոն Ղազարյան, կառավարությունը կարող է մեզ կոմունալ վճարներից ազատել»,- ՀՀ կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանին հարց ուղղեց «Նաիրիտ գործարանի» աշխատակիցներից մեկը: «Ոչ»,- պատասխանեց Ա. Ղազարյանը: «Ուրեմն թող վճարի, որ մենք մուծենք,- արձագանքեց աշխատակիցը,- ժամանակին պահանջում են, բայց եթե մենք չենք ստացել, ոնց տամ էդ ծախսերը»: 

«Ժողովրդի 30 %-ի լույսն ու գազն անջատած է»,- լրացրեց մեկ այլ աշխատակից: 

«Ազգային ժողովում տեսագրված է, որ երեք տարի առաջ մեր հարգարժան էներգետիկայի նախարարն ասաց` 20 օրում «Նաիրիտի» հարցը լուծվում է: Ու տենց էս 3 տարի է «Նաիրիտի» հարցը լուծվում է. ասում են` 3 ամիս հետո, 2 ամիս հետո, հիմա էլ ասում են` 2 ամիս հետո, իմանանք մեր վերջը ի՞նչ է գալու: Մենք հասկանում ենք, որ էսի Հայաստան է, լվացքի մեքենայա փողերի լվացման, հասկանում ենք էդքան բան, էտի պահելու բան չէ, էսի մի հատ մեխանիզմ է գործարանի լուծարման»,-շարունակեց առաջին աշխատակիցը: 

«Եթե գործարանը լուծարելու լինեին` Ձեր ասած սնանկացմամբ, ձեզ ոչ մեկ էլ փող չէր տա, կգնային սնանկացման ճանապարհով, խնդիրն ամբողջ նրանում է, որ էդ գործարանի կապիտալը, արժեքը դուք եք, էս բանվորական ձեր մասնագետները, դրա համար է, որ ամեն ամիս ինչ-որ գումար տրվում է, ձեզ չկորցնելու համար են տալիս»,- ասաց Ա. Ղազարյանը և վստահեցրեց, որ սնանկացման խնդիր չկա, և նոր կառավարչի հետ բանակցային գործընթացը դրական է ընթանում: 

Նույն աշխատակիցը նաև հարց ուղղեց, թե ինչու գործարանի սխալ տնտեսվարողներին պատասխանատվության չեն ենթարկում: Այդ հարցերին Ա. Ղազարյանը այլ ոլորտի բնորոշեց և չպատասխանեց:

«Հետքի» հարցին, թե ինչ միջոցներից է վճարվելու գործարանի աշխատակիցների աշխատավարձը, Ա. Ղազարյանը պատասխանեց, որ ինքը տեղյակ չէ: Միևնույն ժամանակ հավաստիացրեց, որ վարչապետին խնդրի մասին զեկուցվել է: 

Կառավարության շենքի մոտ հավաքված «Նաիրիտ գործարանի» աշխատակիցներին չբավարարեց կառավարության պատասխանը` այս շաբաթ մեկ, մինչև ամսվա վերջ` երկրորդ աշխատավարձը վճարելու մասին: Հավաքվածների մի մասը շարժվեց նախագահական նստավայր, նրանց չմիացավ գործարանի Արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը: 

«Ճիշտ չի մեր գնալը»,-այսպես էր հարցի մասին «Նաիրիտի» աշխատակիցների հետ զրուցելիս բնութագրում Արհմիության նախագահը` նշելով, որ Արհմիությունը նաիրիտցիների երթը մինչև կառավարություն էր կազմակերպել, այլ ոչ թե մինչև նախագահական: «Թող գնան ընդեղ իրենց գլխի ճարը տեսեն»,- ասում էր նա: 

«Հետքի» հարցին, թե արհմիությունն արդյոք կոչված չէ՞ գործարանի աշխատակիցների շահերը պաշտպանելու և նրանց պահանջները տեղ հասցնելու, Հ. Թադևոսյանը այսպես արձագանքեց. «Լավ էլի, լավ էլի...դու քո գործը լավ գիտես, ես էլ իմ գործը»,- ասաց Հ. Թադևոսյանը և վստահեցրեց, որ «անգիր գիտի» արհմիության օրենքը, կանոնադրությունը և չի պատրաստվում միանալ նախագահական շարժվող աշխատակիցներին: 

Արհմիության նախագահի պահվածքը միակը չէր, որ զայրացրեց այսօր հավաքված նաիրիտցիներին: Ավելի շուտ գործարանի մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանն էր վեճի մեջ մտել աշխատակիցների հետ: Քլորի լաբորատորիայի աշխատակիցը լրագրողներից մեկի հետ զրուցելիս դժգոհել էր նաև ցածր աշխատավարձից, իսկ Անուշ Հարությունյանը լսել էր դա և փորձել միջամտել և ուղղորդել աշխատակիցներին, թե իրենք հավաքվել են ոչ թե աշխատավարձերի չափից բողոքելու, այլ աշխատավարձ պահանջելու: Ըստ Անուշ Հարությունյանի՝ գործարանում միջին աշխատավարձը 157 հազար դրամ է:

Գործարանի աշխատողներն էլ զայրացան, թե ինչու չի կարելի աշխատավարձի չափի վերաբերյալ էլ դժգոհություն արտահայտել, եթե «Քլորի լաբորատորիայում աշխատող և ամեն օր քլոր շնչող» աշխատակիցը ստանում է ընդամենը 60 հազար դրամ, իսկ ինքը` մամուլի քարտուղարն ու ղեկավարները բարձր աշխատավարձ` ընդուպ մինչև մի քանի մլն-ի հասնող: 

Լուսանկարում` ձախից Հ. Թադևոսյանն ու Ա. Ղազարյանը