HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Աշոտյան. «Եվրոպայի կրթական տարածքում «սև բծերի» առկայությունը պատիվ չի բերում ԵԽ-ին»

Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում ապրիլի 25-27-ը տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի կրթության նախարարների մշտական հանձնաժողովի 24-րդ նստաշրջանը, որի աշխատանքներին մասնակցել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը:

Նստաշրջանի ընթացքում քննարկվել են Եվրոպայի կրթական ռազմավարություններին, որակյալ կրթության ապահովմանը, կառավարմանը և որակյալ կրթության ժամանակակից մարտահրավերներին վերաբերող հարցեր:

Եվրոպայի խորհրդի նախագահության ընթացքում Հայաստանը նույնպես իր առաջնահերթությունների մեջ է դիտարկում կրթական ծրագրերը, և Հայաստանի նախագահության ընթացքում շարունակական են լինելու արդեն մեկնարկած նախագծերը:

Արմեն Աշոտյանը՝ որպես համաժողովի հիմնական բանախոսներից մեկը, խոսել է կրթության որակի, կրթական ոլորտում կոռուպցիոն ռիսկերի դրսևորման և կրթության կառավարման խնդիրների մասին, հիմնավորել է համաժողովի եզրափակիչ փաստաթղթում ներառելու համար Հայաստանի ներկայացրած առաջարկները:

Արմեն Աշոտյանի խոսքով՝ կրթության իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է, որը սահմանված է օրենքներով և մարդու իրավունքների միջազգային տարատեսակ կոնվենցիաներով և վերաբերում է կոնկրետ մարդկանց, քաղաքացիներին և ոչ թե պետություններին:

«Եվրոպայի կրթական տարածքում «սև բծերի» առկայությունը պատիվ չի բերում Եվրոպայի խորհրդին: Խնդիրը բարձրաձայնում եմ՝ մտահոգ լինելով այն հարյուր հազարավոր մարդկանց ճակատագրերով, ովքեր բնակվում են Եվրոպայի տարածքում, սակայն ներկայացված չեն Եվրոպայի անդամ երկրներով»,- ասել է Արմեն Աշոտյանը:

«Կրթություն առանց խտրականությունների» միջազգային բոլոր փաստաթղթերը վերաբերում են բոլոր քաղաքացիներին՝ անկախ նրանց բնակավայրից: Ըստ Արմեն Աշոտյանի՝ կրթության իրավունքը ենթադրում է կրթական որակավորումների փոխճանաչում, որակյալ կրթություն ստանալ, միջազգային կրթական նախաձեռնություններում ինտեգրում, հավասար իրավունքներ և հնարավորություններ:

Եվրոպայի խորհրդի կրթության նախարարների մշտական հանձնաժողովի 24-րդ նստաշրջանի եզրափակիչ փաստաթղթում միաձայն ընդունվել են հայկական կողմի ներկայացրած առաջարկները՝ ԵԽ համապատասխան կրթական ենթակառուցվածքների և ինստիտուտների կողմից ուսումնասիրություններ անցկացնել և զբաղվել այն մարդկանց կրթության իրավունքի հետագա ճակատագրով, ովքեր բնակվում են Եվրոպայի տարածքում, սակայն դուրս են Եվրոպայի խորհրդի անդամ երկրների սահմաններից:

Համաժողովի վերջնական փաստաթղթում ամրագրվել է կրթության որակը բարելավելու և որակյալ կրթություն ստանալու ԵԽ անդամ երկրների քաղաքական կամքը՝ նպատակ ունենալով կանխել ցանկացած խտրականություն՝ գործընթացից դուրս մնացող մարդկանց, քանի որ վերջիններս ունեն կրթության նույն իրավունքները, ինչ համաժողովի դահլիճում նստած նախարարները: Նմանատիպ պետություն է նաև ԼՂՀ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter