
Հովիկ Աբրահամյանին դուր չի գալիս, որ հարկային օրենսդրությունը հաճախակի է փոփոխվում
Ազգային ժողովում քննարկվում է կառավարության հեղինակած «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը:
Այն խորհրդարանում ներկայացնում է ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրելյանը: Ըստ նրա՝ նախագծի նպատակն է.
ա) 2013 թվականի հունվարի 1-ից զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց դրամական եկամուտները եկամտային հարկով հարկման ենթակա եկամուտների խմբում ներառելու արդյունքում եկամտային հարկի անձնավորված հաշվառման համակարգի շրջանակներում տեղեկատվության տրամադրման ու փոխանակության գործընթացների հետ կապված խնդիրները:
բ) «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ անվանական աշխատավարձի վերահաշվարկման պարտադիր պահանջի կիրառության կանոնից այն գործատուների համար բացառություն սահմանելն է, որոնք մինչև 2013 թվականի հունվարի 1-ը գործող օրենսդրության կամ միջազգային իրավական ակտերի համաձայն, ազատված են եղել գործատուի հաշվին պարտադիր սոցիալական ապահովության վճարներ կատարելու պարտավորությունից:
Ընդդիմադիր պատգամավորները քննադատում են նախագիծը և կառավարությանը կոչ են անում զերծ մնալ հարկային դաշտին վերաբերող օրենսդրության արագ փոփոխություններից:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ևս մտահոգված էր հարկային դաշտում 1-2 ամիսը մեկ կատարվող փոփոխություններից և կառավարության ներկայացուցչին հորդորեց ներկայացնել «նորմալ» նախագիծ, որը կլինի վերջնական:
«Խնդրում եմ՝ դուք էլ քննարկեք վարչապետի հետ կառավարությունում. եթե ֆինանսական հնարավորություն կլինի, հարկային օրենսգիրքը մի հատ վերջնական փոփոխություններով հանդերձ ունենանք և տրամադրենք մեր հարկատուներին»,-դիմելով Վաչե Գաբրելյանին՝ ասաց ԱԺ նախագահը:
Մեկնաբանել