
«Բարև Երևան». Քանաքեռ-Զեյթունում մի քանի անգամ խոչընդոտվեց քաղաքացիների հետ հանդիպումը
«Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի շտաբը տարածել է մամուլի հաղորդագրություն, որում նշված է.
«Երեկ՝ ապրիլի 28-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի քարոզարշավի ընթացքում մի քանի անգամ խոչընդոտվեց քաղաքացիների հետ հանդիպումը. նախ կտրեցին հոսանքալարը, ապա այն վերանորոգելուց հետո հոսանքազրկեցին ողջ շենքը:
Երբ միջոցառման կազմակերպիչները փորձեցին անհրաժեշտ հոսանքը հայթայթել այլ աղբյուրից, ՀՀԿ շտաբից դուրս եկած երիտասարդները հրահրեցին քաշքշուկ, որը դադարեցվեց ոստիկանների միջամտությունից հետո:
«Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի շտաբը դատապարտում է ՀՀԿ որդեգրած այս գործելոճը և ոստիկանությունից պահանջում ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու սադրիչներին, ինչպես նաև ապահովելու դաշինքի կազմակերպած հետագա միջոցառումների կարգուկանոնը և մասնակիցների անվտանգությունը»:
Մեկնաբանել