HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Օրենսդրական փոփոխություններ՝ արտագնա դատական նիստ անցկացնելու մասին

Գործող քաղաքացիական դատավարության օրենսգիրքը չի սահմանում արտագնա դատական նիստերի անցկացման հիմքերը, կարգը, արտական դատական նիստ նշանակելու մասին որոշմանը ներկայացվող պահանջները: Դրանով պայմանավորված՝ իրավակիրառ պրակտիկայում պարզ չէ, թե ինչ հիմքերի պայմաններում և ինչ կարգով դատարանը պետք է դատական նիստն անցկացնի դատական նիստերի դահլիճից դուրս:

Կառավարությունը ներկայացրել է «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Այսօր դրանք խորհրդարանում ներկայացրեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը:

Նախագծով առաջարկվում է քաղաքացիական դատավարությունում որպես արտագնա դատական նիստի անցկացման հիմք սահմանել դատական նիստերի դահլիճում ապացույցի հետազոտումը կատարելու անհնարինությունը կամ գործով ապացույցների հետազոտման էական դժվարությունների առաջացման հանգամանքը:

Այսինքն՝ դատարանը սեփական նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ որոշում է կայացնելու արտագնա դատական նիստ անցկացնելու մասին, եթե համապատասխան ապացույցի հետազոտումը հնարավոր չէ կատարել դատական նիստերի դահլիճում, կամ եթե գործով ապացույցների հետազոտումը կարող է առաջացնել էական դժվարություններ:

Արտագնա դատական նիստ անցկացնելու մասին դատարանը պետք է կայացնի որոշում առանձին ակտի ձևով, որում պետք է սահմանվեն արտագնա դատական նիստ անցկացնելու վայրը, ժամանակը, դրա ընթացքում հետազոտման ենթակա ապացույցը, և որը պատշաճ ձևով պետք է ուղարկվի գործին մասնակցող անձանց:

Հասարակական կարգի, քրեակատարողական հիմնարկում անվտանգության ապահովման, դատավարության մասնակիցների անձնական կյանքի և արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներով դատարանը կարող է որոշում կայացնել արտագնա դատական նիստը դռնփակ անցկացնելու մասին: Քրեակատարողական հիմնարկում դատական նիստն անցկացվելու է այն նշանակելու մասին որոշում կայացնելուց ոչ շուտ, քան 7 օր հետո:

Նախագծի ընդունվելու դեպքում՝ քրեակատարողական հիմնարկում արտագնա դատական նիստին մասնակցել ցանկացող անձինք մինչև նիստի անցկացմանը նախորդող երրորդ օրը դատական նիստին մասնակցելու համար քրեակատարողական հիմնարկ մուտքի իրավունք ստանալու նպատակով պետք է դիմեն քրեակատարողական հիմնարկի վարչակազմին՝ դիմումում նշելով իրենց հեռախոսահամարը, ինչպես նաև էլելտրոնային փոստի հասցեն, եթե այդպիսին առկա է:

Դիմումը ստանալուց հետո մեկօրյա ժամկետում քրեակատարողական հիմնարկի վարչակազմը պետք է որոշում կայացնի քրեակատարողական հիմնարկում անցկացվող արտագնա դատական նիստին մասնակցելու համար դիմած անձանց մասնակցությունը թույլատրելու կամ մերժելու մասին՝ դրա վերաբերյալ կայացնելով գրավոր որոշում, որն ուղարկվում է դիմում ներկայացրած անձանց հասցեով, իսկ դիմումի մեջ էլեկտրոնային փոստի հասցե և հեռախոսահամար նշված լինելու դեպքում, նաև ուղարկում է էլեկտրոնային փոստի հասցեով կամ ծանուցում հեռախոսահամարով:

Ներկայացված դիմումը մերժվելու է, եթե դատական նիստին այդ անձանց մասնակցությունը հնարավոր չէ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու պայմանների պատճառով, կամ դա կվտանգի քրեակատարողական հիմնարկի անվտանգությունը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը տարակուսանք հայտնեց, որ այս նախագիծը խորհրդարանում բացասական երանգով որոշ քննարկումնների տեղիք է տալիս: Պատգամավորը նշեց, որ նախագծով կարգավորվում է օրենքի բացը, և բողոքարկելու հնարավորություններ են ընձեռվում:

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դեմ չէր, որ կարգավորվում է ոլորտը, սակայն նշեց, որ այս նախագծով կառավարությունը հետին պլաններով ինչ-ոչ սրբագրումներ է անում: «Ոլորտը կարգավորելու փոխարեն չի նշանակում աչքն էլ տալ հանել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը, փարատելով պատգամավորի կասկածները, նշեց, որ այս նախագծով հետին սրբագրումներ հնարավոր չէ անել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter