Աշխարհում ավելի քան 500 մլն մարդ անգլերենի բնիկ կրող է. ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը նշել է ՄԱԿ-ում անգլերենի օրը
Ուսանողները, դասախոսները, պաշտոնական անձինք ու լրագրողներն այսօր ավելին իմացան ՄԱԿ-ում անգլերենի կարևոր դերի մասին ՄԱԿ-ում անգլերենի օրվան նվիրված միջոցառման ժամանակ:
Միջոցառման նպատակն է նպաստել ՄԱԿ-ում մշակութային ու լեզվական բազմազանությանը, ինչպես նաև բարձրացնել երիտասարդների իրազեկությունը ՄԱԿ-ի պաշտոնական լեզուների կարևոր դերի վերաբերյալ: Որոշ հաշվարկներով՝ ավելի քան 500 միլիոն մարդ աշխարհում անգլերենի բնիկ կրող է: Անգլերենն աշխարհում 10 ամենաշատ խոսվող լեզուներից է:
Ավելի քան 100 ուսանող երգերով ու այլ կատարումներով մասնակցեց անգլերենը ներկայացնող միջոցառմանը: Միջոցառումը կազմակերպել է Հայաստանում ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչությունը (ՄԱԿ ՀՏՎ) Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անգլերենի բաժանմունքի հետ համատեղ: Միջացառմանն աջակցում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և Հնդկաստանի, Միացյալ Թագավորության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատները:
ՄԱԿ- ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, Հնդկաստանի դեսպան Թ. Սուրեշ Բաբուն, Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Ջեյմս Էյվսը, ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը և ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը խոսեցին ՄԱԿ-ում անգլերենի գործածման, անգլիական ավանդույթների, մշակույթի և Հայաստանում անգլերեն սովորելու հնարավորությունների մասին:
«Անգլերենը գեղեցիկ ու հարուստ լեզու է, և շատ կարևոր դեր է խաղում ՄԱԿ-ի ուղերձն աշխարհում տարածելու գործում: ՄԱԿ-ի յուրաքանչյուր փաստաթուղթ կամ ելույթ թարգմանվում է անգլերեն: Գործածվող բառապաշարը նույնքան լայն է, որքան աշխարհում առկա խնդիրները՝ սկսած քաղաքական խնդիրներից մինչև իրավական հարցեր, կլիմայական փոփոխություններից մինչև մարդու իրավունքներ, ֆինանսներից և կառավարումից մինչև տնտեսական և հասարակական զարգացման հարցեր: Ահա թե ինչու ես այսքան ուրախ եմ հայ երիտասարդների մեջ տեսնել մեծ հետաքրքրություն անգլերենի նկատմամբ, որի իմացությունը կբացի անթիվ նոր հնարավորությունների դռներ»,- ասաց Բրեդլի Բուզետտոն:
Միջոցառման կազմակերպիչները և ԵՊՀ ուսանողները ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության կողմից ստացան հատուկ շնորհակալական վկայականներ:
Արաբերենը, չինարենը, անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը և իսպաներենը ՄԱԿ-ի 6 պաշտոնական լեզուներն են: 2010 թվականից սկսած՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի ՀՏՎ-ն հայտարարել է «ՄԱԿ-ում լեզուների օրերի» մեկնարկը՝ որպես մի նախաձեռնություն, որը նպատակ ունի նշել բազմալեզվությունը և մշակութային բազմազանությունը: ՄԱԿ-ի ՀՏՎ երևանյան գրասենյակը 2013թ. ընթացքում իր գործընկերների հետ նշում է ՄԱԿ-ում բոլոր պաշտոնական լեզուների օրերը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել