
Ալեքսանդր Բադալյան. «Գլխավոր hրապարակում առանձնատուն կառուցելու կատակն արդեն ծիծաղելի չէ»
«Մեր ճարտարապետությունը բոլոր հնարավոր սխալներն այսօր սպառել է»,- Հանրապետության գլխավոր հրապարակի կառավարության շենքի բակում աշտարակի կառուցմանն անդրադառնալով`այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ճարտարապետների վարչության անդամ, «Պահպանենք Հանրապետության հրապարակը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Սարհատ Պետրոսյանը:
«Աշտարակը կառուցվում է, այսպես կոչված՝ Թամանյանական նախագծով: Եկեք հիշենք, որ նույն Թամանյանի անվան տակ կառուցվեց Հյուսիսային պողոտան: Ես ուզում եմ ընդգծել, որ Թամանյանի նախագծած թերեւս ամենադեմոկրատական շենքը Կառավարության շենքն է, որի առջեւ մարդիկ կարող են հանդիպել նախարարներին, վարչապետին, որտեղ նրանք կարող են իրենց ձայնը լսելի դարձնել»,- շարունակում է Պետրոսյանը:
Նա նշում է, որ իրենք ուղղակի ուզում են, որ կազմակերպվեն լսումներ, քննարկվի կառուցվելիք գմբեթը, եւ ոչ թե մի ճարտարապետի քմահաճույքի եւ անձնական ամբիցիաների հիման վրա աղավաղվի մայրաքաղաքի սիրտը համարվող, Երեւանի ամենակարեւոր շունչն ապահովող հատվածը:
Ասուլիսին ներկա մյուս բանախոսը` Հայաստանի Ճարտարապետների միության փոխնախագահ Ալեքսանդր Բադալյանը, եւս դեմ արտահայտվեց կառուցվելիք աշտարակին եւ գմբեթին. «Թամանյանն այնտեղ նախատեսել էր բաշխիչ սրահ, որը ծառայելու էր հանդիպումների անցկացման, համաձայնագրեր ստորագրելու կամ հանիպումների կազմակերպելու համար: Իսկ այսօրվա նախագծով այդ կառույցը լինելու է բարձրահարկ վարչական շենք, որտեղ պետք է տեղակայվեն 2 նախարարություններ` սփյուռքի և արդարադատության»:
Ալեքսանդր Բադալյանին մտահոգում են, թե ինչու են այսօրվա որոշումներն այդքան անհեռանկարային: Օրինակ՝ գլխավոր հրապարակի հետնամասերում կառուցվեցին բազմահարկ շենքեր` գրասենյակներ, խանութներ եւ բնակելի:
«Ինչու այդ շենքերը չէին կարող կառուցվել որպես վարչական շենքեր, իսկ աշտարակի փոխարեն կրկին կառուցվեր Թամանյանական բաշխիչ սրահը: Այս դեպքում ճարտարապետը, իհարկե, մեղավոր է: Բայց հիշենք, որ նա այս դեպքում ուղղակի գործիք է: Կրկին նշում եմ, որ մենք դեմ չենք աշտարակի կառուցմանը, մենք դեմ ենք, որ համապատասխան մրցույթ չի հայտարարվել, չի քննարկվել, այլ ինչ-որ մարդկանց որոշումներով սկսել է կառուցվել»,- ասում է Բադալյանին:
Աշտարակի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել էին, սակայն «Պահպանենք Հանրապետության հրապարակը» նախաձեռնության բողոքներից դրդված շինարարությունն այս պահին կասեցված է: Սարհատ Պետրոսյանը հույս է հայտնում, որ ինչպես մեկ տարի առաջ համախմբված բողոքի արդյուքնում պահպանվեց «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը, այդպես էլ հիմա հանրության ճնշման արդյունքում կկազմակերպվեն հանրային լսումներ, կփորձեն ավելի արդյունավետ որոշման գալ ու չաղավաղել հանրապետության հրապարակի Թամանյանական նախագիծը:
Հիշեցնենք, որ նախատեսվում է արդեն 2 տարուց Հանրապետության գլխավոր հրապարակում ուենալ 50 մ բարձրությամբ և 30 մ տրամագծով տուֆակերտ աշտարակ, որը համապատասխանում է մոտ 13-14-հարկանի շինության բարձրությանը։
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել