Արմեն Գևորգյան. Qatar Airways-ի մուտքը հայկական շուկա կնպաստի ոլորտում մրցակցության բարձրացմանը
ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար, ՀՀ կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց ՀՀ-ում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Իբրահիմ Ա. Ռահման ալ- Մեղայիսիբին (նստավայրը՝ Թեհրան): Հանդիպմանը ներկա էր ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը:
Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ առևտրատնտեսական կապերի ակտիվացման, համագործակցության ընդլայնման հարցեր:Մասնավորապես, անդրադարձ կատարվեց հայ-կատարական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի նախապատրաստական աշխատանքներին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հանձնաժողովի նիստն անցկացնել այս տարվա հունիսին Երևանում, որոշվեց աշխատանքներ կատարել նիստի օրակարգը սեղմ ժամկետներում ձևավորելու համար:
Զրուցակիցները պատրաստակամություն հայտնեցին աջակցել փոխշահավետ ծրագրերի իրականացման նախաձեռնություններին՝ որպես համագործակցության զարգացման արդյունավետ հարթակ դիտարկելով միջկառավարական հանձնաժողովը:
Ա. Գևորգյանը կարևորեց Հայաստան կատարական ներդրումների ներգրավման հարցը՝ հեռանկարային համարելով համագործակցությունը գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության, գիտակրթական բնագավառներում: Կատարի դեսպանը տեղեկացրեց, որ սոցիալական հարցերի ոլորտում համագործակցության հարցերի քննարկման նպատակով մայիսի երկրորդ կեսին նախատեսվում է Կատարի Պետության աշխատանքի նախարարության պատվիրակության այցը Հայաստան:
Հանդիպմանը նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության հարցեր քննարկելու նպատակով հունիսին Հայաստան այցելի Կատարի քաղավիացիայի պատվիրակությունը: Արմեն Գևորգյանը նշեց, որ աշխարհի առաջատարներից համարվող կատարական Qatar Airways ավիաընկերության մուտքը հայկական շուկա կնպաստի ուղևորափոխադրումների որակի և այս ոլորտում մրցակցության բարձրացմանը:
Զրուցակիցներն անդրադարձան երկու երկրներում դեսպանատների բացման հնարավորությանը և ընդգծեցին, որ դա կարող է նպաստել փոխգործակցության արդյունավետությանը: Այս մասին հայտնում է տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել