
Տարոն Մարգարյանի անունից բաժանված ծաղիկների գործը՝ դատարանում. վճիռը կհրապարակվի վաղը (տեսանյութ)
Ապրիլի 27-ին ՀՀ Վարչական դատարանում տեղի ունեցավ «Բարև Երևան» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանի՝ ԿԸՀ-ի դեմ հայցով դատարանի նիստը:
Հայցվորը դատարանից խնդրում էր քաղաքապետարանի՝ ապրիլի 7-ին կազմակերպած միջոցառումը որակել որպես ավագանու անդամի թեկնածու Տարոն Մարգարյանի կողմից ընտրողներին անվճար ծառայությունների մատուցում, ինչը խստիվ արգելված է օրենքով:
Նիստին ներկա քաղաքապետարանի ներկայացուցիչը ի վերջո ընդունեց, որ այդ միջոցառումը կազմակերպվել էր հենց Տարոն Մարգարյանի հանձնարարականով, ինչով փաստացի հիմնավորեց այն, որ վարչական ռեսուրսի չարաշահումը հենց Տարոն Մարգարյանի գլխավորությամբ է տեղի ունեցել:
Թեև ԿԸՀ ներկայացուցիչը հայցը համարում էր անհիմն, սակայն չհերքեց բերված փաստարկների ու պնդումների ճնշող մեծամասնությունը, ինչպես նաև չբերեց հակափաստարկներ, որոնք անպատասխան կմնային:
Վարչական դատարանը վճիռը կհրապարակի ապրիլի 30-ին:
«Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի նախընտրական շտաբը հիշեցնում է, որ խոսքն ապրիլի 7-ի կապակցությամբ քաղաքացիներին բյուջետային գումարներով Տարոն Մարգարյանի անունից ծաղիկներ բաժանելու ակցիայի մասին է, որը չի վրիպել «Ժառանգություն» կուսակցության ակտիվիստների աչքից ու տեսախցիկից: Ու թեև քաղաքապետարանը պնդում է, որ ծաղիկները բաժանվել են հենց քաղաքապետարանի անունից (և ոչ Տարոն Մարգարյանի), սակայն տեսանյութում հստակ երևում է հակառակը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել