
«Գյումրիին ոչ թե մշակույթի նախարարություն է պետք, այլ մշակույթի զարգացմանը նպաստող մարդիկ»
Պատկերասրահ չունեցող Գյումրիում ցուցահանդես կազմակերպելը, սեփական ստեղծագործությունները ցուցադրելը հերոսությանը համարժեք մի բան է: Այս միտքը բազմիցս արտահայտել են երիտասարդ գյումրեցի արվեստագետները: Երկու տարին մեկ անգամ անցկացվող բիենալեները, որտեղ հիմնականում հանդես են գալիս ավանգարդ ուղղվածության ստեղծագործողները, ստվերի մեջ են թողնում դասական ժանրն ընտրած նկարիչներին: Մշակութային այդ բացը լրացնելու նպատակով ստեղծված «Ռեալ-արտ» ստեղծագործական խումբը բավական մեծ ընդմիջումից հետո այսօր 2-րդ անգամ ներկայացավ արվեստասեր հանրությանը:
Տասը երիտասարդ արվեստագետների ստեղծագործությունների ցուցադրության համար տարածքը տրամադրել էր «Ստիլ» պատկերասրահի տնօրինությունը: Եղեռնի 98-ամյակին նվիրված ցուցահանդեսի համադրող Արաքսյա Մարգարյանը, անչափ կարևորելով նմանատիպ ցուցադրությունները, չմոռացավ նշել, որ հոգսաշատ Գյումրիում նմանատիպ միջոցառումները բավական դժվարությամբ են կազմակերպվում:
«Երիտասարդ արվեստագետը, եթե ցուցադրվելու հնարավորություն չունեցավ, կհեռանա կամ որ ավելի վատ է, կդադարի ստեղծագործել: Բացի դրանից՝ մարդիկ ևս պետք է ճանաչեն այս քաղաքի նկարիչների նոր սերնդին, իսկ այն բավականին տաղանդավոր է: Այս ցուցահանդեսին մասնակցում են Գեղարվեստի ակադեմիայի տարբեր տարիների լավագույն շրջանավարտները: Հսկայական ներուժ կա, որին քչերն են տեղյակ: Այդ բոլորը պիտի հավաքել, ցուցադրել: Գյումրիի մասին խոսելիս շատ պաշտոնյաներ պարծենում են՝ շեշտելով, որ այն մշակութային մայրաքաղաք է: Հարց են առաջ քաշում, թե մշակույթի նախարարությունը տեղափոխենք Գյումրի, բայց նրանցից քանի՞սն են արդյոք կանգնած այդ նույն մշակութային գործիչների կողքին. հավատացեք՝ հատուկենտ մարդիկ: Գյումրիին ոչ թե մշակույթի նախարարություն է պետք, այլ մշակույթի զարգացմանը նպաստող մարդիկ»,- ասում է Արաքսյա Մարգարյանը:
Երիտասարդ գեղանկարիչ, Գեղարվեստի ակադեմիայի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Արտակ Փիլոսյանը «Ռեալ-արտ» նախագծի առաջին ցուցահանդեսին երեք գործ էր ներկայացրել: Երկրորդ ցուցադրությանը մասնակցում է մեկ ստեղծագործությամբ:
«Երբ ստեղծագործող արվեստագետները (խոսքս վերաբերում է նկարիչներին և քանդակագործներին) արվեստանոցներում ստեղծում են ինչ-որ մի բան, այն ցուցադրելու, հանրության դատին ներկայացնելու կարիք է զգացվում: Իսկ Գյումրիում ցուցադրվելու այդ խնդիրը կա: Ճիշտ է՝ «Ստիլ» պատկերասրահը տարածքը տրամադրում է, հնարավորություն է ընձեռում ցուցադրվելու թե երիտասարդներին, թե կայացած արվեստագետներին, ամեն դեպքում կարիք է զգացվում սրահների և միջավայրի փոփոխության»,- ասում է Արտակ Փիլոսյանը:
Գյումրեցի երիտասարդ գեղանկարիչների և երկու քանդակագործի ներկայացրած 30 աշխատանքը «Ստիլ» պատկերասրահի այցելուների համար կցուցադրվի ևս 6 օր:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել