
Կարգախոսներ, որոնք ասում են ամեն ինչ ու ոչինչ
Այն հարցի պատասխանը, թե ինչ Երևան են պատկերացնում կամ խոստանում կառուցել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը, մայրաքաղաքի ընտրողներն առաջին հերթին պետք է ենթագիտակցական մակարդակով ստանային այդ ուժերի նախընտրական կարգախոսներից: Շատ դեպքերում կոմունիկացիոն իմաստով ճիշտ ընտրված, հակիճ ու կրեատիվ կարգախոսը կարող է շատ ավելի մեծ ազդեցություն ունենալ, քան տասնյակ էջեր կազմող նախընտրական ծրագրերը կամ այն կերպարները, որոնք մատուցվում են իբրև քաղաքապետացուներ կամ ավագանու պոտենցիալ անդամներ:
Սակայն երևանյան ընտրություններում շրջանառվող կարգախոսները թե ձևակերպումների և թե իմաստային առումներով այնքան աղքատիկ են, միօրինակ, որ դրանցից ոչ մի տեսլականի, զարգացման, հեռանկարի մասին դատողություն հնարավոր չէ անել: Եթե առանձին շտրիխները չլինեին, որոշների պարագայում կարելի էր նույնիսկ կրկնողության կամ գուցե գրագողության մասին խոսել:
Ընդհանուր առմամբ կարգախոսները կարելի է երկու խմբի բաժանել` պայմանավորված այն նշանակությամբ, որը քաղաքական ուժերը տվել են ավագանու ընտրություններին:
Արդյոք քաղաքապետն ընդամենը գլխավոր հավաքարա՞ր է...
Օրինակ, իշխանական ուժերը ձգտել են որքան հնարավոր է կենցաղային դարձնել ընտրությունները, դրանք զրկել քաղաքական բովանդակությունից: Նման մոտեցումը բխում է մարտավարական նկատառումներից: Ընտրությունների «կենցաղայնացումը», երբ քաղաքապետը մատուցվում է, ասենք, առավելագույնը քաղաքի գլխավոր հավաքարարի, գլխավոր կանաչապատողի, շինարարի կերպարով, անհրաժեշտ է նախագահական ընտրություններից մնացած և անընդհատ գեներացվող էներգետիկան մարելու համար` քաղաքի մշտապես լցված աղբամանների, կաթվածահար տրանսպորտի, կանաչ տարածքների բետոնապատման, մշակութային արժեք ունեցող հուշակոթողների ոչնչացման և այլ խնդիրների լաբիրինթոսում:
Քվեարկության միջոցով իրավիճակ փոխելու սեփական իրավունքի գիտակցման այն մակարդակը, որն ունի այսօրվա միջին ընտրողը, ստիպում է իշխանությանը հաղթանակի հույսը կապել հիմնականում հենց ընտրության քաղաքական նշանակությունը նսեմացնելու հետ, ինչը և հստակ արտացոլված է ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի բացարձակ նույնիմաստ կարգախոսներում` համապատասխանաբար «Ավելի լավ Երևան» և «Մենք կարող ենք ավելին»:
Ըստ էության, կոալիցիոն գործընկերների կարգախոսները կառուցվել են բացառապես շարունակականություն ապահովելու տրամաբանությամբ: «Ավելին» կամ «ավելի» բառն այստեղ կոդային իմաստ ունի. ՀՀԿ-ի պարագայում այն առնչվում է Երևանին, ՕԵԿ-ի պարագայում` մայրաքաղաքը որակապես փոխելու կարողությանը: Սակայն թե ինչ է ենթադրում այդ «ավելին», ինչով է այն առանձնահատուկ, որտեղ պետք է երևանցին փնտրի այդ նորը, ավելի լավը, հնարավոր չէ անգամ մոտավոր պատկերացնել: Եվ տպավորություն է, թե խոսքը ոչ թե հանրապետության ազգաբնակչության գրեթե կեսը ներառող քաղաքի մասին է, այլ` հեռավոր մի ինչ որ գյուղակի:
Բայց ամենաէականն այն է, որ այս կարգախոսները մեզ համոզում են, որ իբրև երևանցիներ` մենք մինչև հիմա լավ ենք ապրել, ունենք ենթակառուցվածքների լավ համակարգ, կենսագործունեության համար անհրաժեշտ լավ պայմաններ: Պարզապես խնդիր է դրված այդ ամենը ավելի լավը դարձնել, որպեսզի երևանցին ոչ թե գոհ մնա, այլ ուղղակի երջանկությունից իր տեղը չգտնի և իր քաղաքը լքելու մասին երբեք մտքով չանցկացնի:
Նման փարիսեցիությունը, սակայն, ոչ միայն PR տեսանկյունից չի կարող արդարացվել, քանի որ անհամահունչ է ընտրողների սպասելիքներին ու առկա իրականությանը, այլև վտանգավոր է, որովհետև անմիջապես մատնում է, որ այս երկու ուժերն իրականում մրցակցության խնդիր չեն լուծում և իրար հետ մրցելու նպատակով չէ, որ մասնակցում են ընտրություններին: Նրանք ավելի շատ փոխլրացնում և օգնում են միմյանց, դրա համար էլ, օրինակ, ՕԵԿ-ի քարոզարշավը բացարձակապես սնանկ է մայրաքաղաքի հիմնահարցերը քննադատելու և նոր ծրագրեր առաջարկելու տեսանկյունից:
Որոշ վերապահումներով այս կատեգորիայի մեջ կարելի է ներառել նաև նորահայտ «Առաքելություն» կուսակցության կարգախոսը` «Ապրում ենք Երևանում, ապրում ենք Երևանով»: Սակայն նրա դեպքում մի փոքր տարբեր են շեշտադրումները և դրդապատճառը: Կուսակցությունը քաղաքական դաշտում ինքնաիրացվելու, ճանաչելի դառնալու խնդիր ունի, ինչին փորձում է ծառայեցնել Երևանի ավագանու ընտրություններին իր մասնակցությունը: Դա ուղղակիորեն արտացոլված է կուսակցության երկրորդ կարգախոսում` «Երևան՝ մեր առաջին առաքելությունը»:
Այս կարգախոսների մեջ ավելորդ հավակնություններ չկան. կա զգացմունքայնության և անկեղծության որոշակի ֆոն: Կուսակցության երիտասարդ անդամներն անկեղծ են գոնե այնքանով, որ կարգախոսներով գրեթե բացահայտ ակնարկում են` առայժմ իզուր է իրենցից լուրջ սպասելիքներ ունենալ կոնկրետ Երևանի կառավարման կտրվածքով: Ինչ վերաբերում է զգացմունքայնությանը, ապա այն դրսևորվում է մայրաքաղաքային կոլորիտի շեշտադրմամբ և քաղաքին իրենց նվիրվածությամբ` ապրում ենք Երևանում և Երևանով: Այսպիսի մոտեցում որդեգրելով՝ «Առաքելությունն» իրեն դուրս է դնում քաղաքական ընդհանուր ներկապնակից, այն տրամաբանությունից, որ ընտրությունների մեջ դնում են թե իշխանական և թե ընդդիմադիր ուժերը, և սա այն հիմնական առավելությունն է, որն ունի «Առաքելությունը»:
Իսկ որտե՞ղ է երևանցին
Մյուս խմբի մեջ ընդգրկված են անխտիր բոլոր 4 ընդդիմադիր կամ այլընտրանքային ուժերի` ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և «Բարև Երևան» դաշինքի կարգախոսները: Դրանց միավորում է ընտրությունները գերքաղաքականացնելու ծայրահեղական մոտեցումը, երբ համայնքային ընտրություններին վերագրվում է համապետական նշանակություն, և դրանում դրվում է իշխանափոխության գլոբալ խնդիրը: Մի կողմից դա պայմանավորված է Երևանի ունեցած հանրային, սոցիալ-տնտեսական, մշակութային ու վերջապես քաղաքական բացառիկ նշանակությամբ:
Բայց մյուս կողմից չափազանց մեծ է եղել ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի` նախագահական ընտրություններին չմասնակցելուց հետո կորցրած դիրքերը վերագտնելու համար մղվող ներքին խուլ պայքարի ազդեցությունը: Դա է պատճառը, որ չնայած ձևակերպումների տարբերություններին` այս երեք ուժի կարգախոսները իմաստային ու ֆոնային մակարդակում ևս կրկնություններ են:
Այն դեպքում, երբ ԲՀԿ-ն առաջարկում է «Սկսենք Երևանից» կամ «Փոխելու ենք», ՀՅԴ-ն առաջարկում է` «Երևան, փոխիր Հայաստանը»: Իսկ ահա Րաֆֆի Հովհաննիսյանը, սեղմած «Բարև Երևան» դաշինքի քաղաքապետացու Արմեն Մարտիրոսյանի ձեռքը, երևանցիներին կոչ է անում` «Արթնացիր»: Ամենաբացառիկը թե գորշությամբ և թե մաշվածությամբ ՀԱԿ-ի կարգախոսն է` «Իշխանությունը քաղաքացուն», որը կրում է ընտրությունների գերքաղաքականացման ամբողջ ենթատեքստն ու կոդային համակարգը:
Առաջին երեքի պարագայում գոնե հասկանալի է, որ կարգախոսներն ուղղված են երևանցիներին, թեև «Բարև Երևան»-ի պարագայում անհասկանալի է` ինչու է արթնանալու կոչ արվում, երբ կարծես թե երկու ամիս շարունակ հենց իրենք են պնդում, թե քաղաքացին արթնացել է, ու նրա հաղթարշավն անկասելի է: Միգուցե այդ ընթացքում երևանցիները հասցրե՞լ են մեկ անգամ կուշտ քնել:
Մինչդեռ ահա ՀԱԿ-ի պարագայում այս կարգախոսը կարելի է կիրառել, առանց բացառության, բոլոր համապետական ու ու համայնքային ընտրություններում գոնե այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքացին իշխանության տեր չի դարձել, կամ ՀԱԿ-ը չի համարել, որ այս խնդիրը լուծվել է:
Մեկ բան ակնհայտ է. այս բոլոր կարգախոսներում Երևանը և երևանցին պարզապես չկան: Կա ընդամենը իշխանափոխության հնարավորությունը, որն ի վերջո ավելի շատ քաղաքական ուժերինն է` հետագայում իշխանություն ձեռք բերելու իմաստով, քան քաղաքացունը, ով ընդամենը հաջողակ կամ անհաջող ընտրություն կատարելու իրավունք կամ պարտավորություն ունի:
Ընդդիմադիր ուժերը մոռացել են գոնե երևանցուն բացատրել` ինչ են նրան տալու այդ տարատեսակ արթնացումները, փոփոխությունները իշխանափոխությունից դուրս, անմիջական կենցաղային, առօրեական հարցերում, այն նույն չափով, ինչքանով իշխանական ուժերն են մոռացել երևանցուն բացատրել ընտրությունների քաղաքական նշանակությունը մթնոլորտի փոփոխության առումով:
Այսինքն՝ իսկապես գործ ունենք ծայրահեղական դրսևորումների հետ` թե ընտրությունների մասնակցության դրդապատճառի ու իրական ձգտումների, թե ընտրողի հանդեպ վերաբերմունքի և թե այն ակնկալիքների առումով, որոնք ներկայացվում են երևանցի ընտրողներին: Բայց ողջ հարցն այն է, որ ընտրողի համար մեծ հաշվով միևնույն է` ինչ կարգախոսով են իրեն փորձում «գայթակղել». որովհետև բոլորին էլ շատ լավ ճանաչում է, և որովհետև կարգախոսներով ընտրություն կատարելու մշակույթը Հայաստանին դեռ «սազական» չէ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել