HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղվան Վարդանյան. «Քաղաքական մենաշնորհը պետք է ջարդվի Հայաստանում»

Էդիկ Բաղդասարյան

Պրն Վարդանյան, ինչու՞ Դաշնակցությունը որոշեց մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին:

Հարցի ենթատեքստը հետեւյալն է, որ եթե չեք մասնակցել նախագահական ընտրություններին, ինչու՞ սրան մասնակցել: Նախագահական ընտրությունների մասին. եթե հիշում եք, աշնանը մենք շատ ակտիվ քաղաքական օրակարգ սկսեցինք եւ փորձեցինք ձեւակերպել այն խնդիրները, որոնք մեր երկրի առջեւ ծառացած են տարբեր ոլորտներում, հիմնարար խնդիրները: Ձեւակերպելուց հետո մենք փորձեցինք ընդդիմադիր քաղաքական դաշտը համախմբել այդ օրակարգի շուրջ, որ բոլորն ընդունեն այդ օրակարգի կարեւորությունը:

Նպատակը հետեւյալն էր. եթե օրակարգը դառնում է ընդհանուր բոլորի համար, դրանից հետո պիտի փորձ արվեր միասնական թեկնածուով մասնակցել ընտրություններին: Որովհետեւ ակնհայտ էր. եթե ընդդիմությունը չի կարողանում քաղաքական օրակարգ ձեւավորել եւ միասնական թեկնածու գոյացնել, ապա ընտրություններին մասնակցելն անիմաստ է: Եւ՛ ընտրական համակարգի բնույթը, եւ՛ իշխանության ռեսուրսը, լծակները, ֆինանսական հնարավորությունները անհեթեթ էին դարձնում մասնակցությունը բաժան-բաժան, առանձին-առանձին: Ցավոք, այդ համախմբումը տեղի չունեցավ, եւ մենք հայտարարեցինք ընտրություններին չմասնակցելու մասին: Ոչ միայն մենք, այլեւ, փաստորեն, դերակատար եւս երկու ուժ: Չմասնակցել ընտրություններին՝ մյուս կողմից չէր նշանակում ընդհանրապես հրաժարվել քաղաքական օրակարգից:

Մենք ներկայացրեցինք մեր մոտեցումները եւ մեր քաղաքացիներին էլ առաջարկեցինք անպայման գնալ ընտրության, չքվեարկել իշխանության թեկնածուի օգտին, քվեարկել ըստ խղճի, կարող էին նաեւ անվավեր դարձնել քվեաթերթիկը: Որովհետեւ մենք չենք ուզում վերջնականապես վարկաբեկել մեր երկրում ընտրական համակարգը: Այսպես թե այնպես, վաղը թե մյուս օրը եթե փոփոխություններ պիտի լինեն, պիտի լինեն ընտրություններով: Նախագահական ընտրությունները միամանդատ ընտրություններ են, այնտեղ մեկը հաղթում է, մեկը ստանում է ամեն ինչ, մյուսները, անկախ հավաքած ձայներից, ոչինչ չեն ստանում: Եւ այս առումով մեզ համար ամեն ինչ կանխատեսելի էր, կանխորոշված էր, ինչը եւ ապացուցվեց ընտրությունների հայտարարվող արդյունքներով, եւ կարծում եմ՝ ճիշտ արեցինք, որ չմասնակցեցինք: Այլ բան, որ մեր հասարակության բացարձակ մեծամասնությունը այնքան դժգոհ է, այնքան է ընդվզած գործող համակարգի եւ իշխանությունների դեմ, որ գնացին եւ շատ մեծ թվով ձայն տվեցին քիչ թե շատ համակրելի, ընդդիմադիր հայտարարվող թեկնածուին:

Բայց չմասնակցելով դրան՝ ակնհայտ էր, որ մենք պետք է շարունակենք քաղաքական ընթացքը, պայքարը: Եւ հենց անմիջապես ընտրություններից հետո Դաշնակցությունը շատ հստակ ձեւակերպեց ընտրությունների վերաբերյալ իր գնահատականը, կարեւորեց այն շարժումը, որը հրապարակում էր, փորձեց շարժումը ուղղորդել, կազմակերպել իր առաջնորդի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Ցավոք, մենք չկարողացանք համոզել, թե որքան կարեւոր է շարժման կազմակերպումը, հունավորումը, եւ արդեն անմիջապես մոտեցան ավագանու ընտրությունները, որոնք արդեն բազմաբովանդակ ընտրություններ են: Այստեղ յուրաքանչյուր քաղաքական ուժ ստանում է այն, ինչ քաղաքացիներն իրեն տալիս են: Այստեղ մեկը չի հաղթում, մյուսները պարտվում, ամեն մեկը ստանում է ըստ իր հեղինակության, վարկանիշի, ըստ իր աշխատանքի: Եւ Դաշնակցությունն այս ընտրությունների մեջ է մտել իսկապես շատ վճռական՝ փորձ անելու քաղաքացիներին համոզել, որ սա եւս առիթ է երկրում փոփոխություններ իրականացնելու:

Եւ դա ինչպե՞ս եք անելու:

Մենք սա անում ենք սովորական աշխատանքային ընտրապայքարի միջոցով՝ բացատրելով, որ սրանք զուտ քաղաքական ընտրություններ են, եւ Ընտրական օրենսգիրքն այնպիսին է, որ սրանք 100%-ով համամասնական ընտրություններ են: Մենք նաեւ փորձում ենք ապացուցել, որ երկրում նախագահը չի փոխվել, վարչապետը չփոխվեց, կառավարությունը հիմնականում՝ թերեւս 95%-ով, չի փոխվելու, բայց երկրին փոփոխություններ անհրաժեշտ են: Ես վստահ եմ՝ հասարակության 99 տոկոսը փոփոխություններ է պահանջում, որովհետեւ այսպես շարունակել չի պատրաստվում եւ չի կարող: Ակնհայտ է հուսախաբությունը, այս երկրում երեխաների ապագան չտեսնելը, հեռանկար չտեսնելը, իր կյանքը չպատկերացնելը: Եւ այդ փոփոխությունների լավ առիթ են Երեւանի ընտրությունները:

Մենք գիտենք Երեւանի կշիռը, դերը հանրապետության մեջ եւ վստահ ենք, որ եթե Երեւանը ունենում է ընդդիմադիր ղեկավարություն, սկսում է աշխատել հակակշիռների մեխանիզմը, իշխանությունը աչքերը չորս արած հետեւելու է ընդդիմադիր քաղաքապետարանի աշխատանքին, քաղաքի ընդդիմադիր ղեկավարությունն աշխատելու է շատ ավելի լավ եւ արդյունավետ, որպեսզի համոզի, որ ինքն է ճիշտ, եւ սա ոչ միայն Երեւանում, այլեւ հանրապետությունում փոփոխությունների համար դուռ է բացելու: Մենք գնում ենք սրան եւ վստահ ենք, որ Դաշնակցության պահվածքը, քաղաքական դիրքորոշումները, սկզբունքայնությունը, թիմային աշխատանքը, կադրերի առկայությունն այս անգամ պիտի որ մեր քաղաքացիներին շատ ավելի մեծ հնարավորություն կամ առիթ տան Դաշնակցությանը վստահելու: Պետք է ուղղակի համեմատել առկա քաղաքական դաշտը: Ես վստահ եմ, որ մեր առավելությունները, մեր տարբերությունը, մեր մոտեցումներն ակնհայտ կդառնան:

Պրն Վարդանյան, ակնհայտ է, որ նախագահը զիջումների չի գնալու: Փոփոխություններ չանելը դրա մասին է վկայում: Եթե քաղաքապետի պաշտոնն էլ չհանձնեցին, ի՞նչ է անելու Դաշնակցությունը:

Որեւէ քաղաքական կուսակցություն մեկ բան ունի անելու՝ աշխատել հասարակության բոլոր շերտերի հետ, ապացուցել իր մոտեցումների ճշմարտացիությունը: Ա՛յ, հիմա որ Դուք ասում եք՝ ակնհայտ է, որ նախագահը չի գնալու փոփոխությունների, եւ ի՞նչ է լինելու: Ասենք 3-4 տարի էլ այս վիճակը շարունակվեց, ինչի՞ վրա են իրենք կառավարելու՝ ավերակների՞: Մենք հստակ առաջարկներ ենք ներկայացրել, եւ ես վստահ եմ, որ եթե կարողանայինք ընդդիմադիր բոլոր ուժերով այդ առաջարկները պնդել, այնպիսի փոփոխություններ, որոնք մեր երկիրը դուրս կբերեն այս ճահճային տեղապտույտի վճակից եւ երկրի շնչառությունը կբացեն: Ակնհայտ է, որ մեր երկիրն այս քաղաքականությամբ՝ եւ՛ ներքին, եւ՛ արտաքին եւ՛ սոցիալական, հեռանկար չունի: Եւ ես չեմ կարող 100 տոկոսով պնդել, որ իշխանության մեջ չկան մարդիկ կամ մարդկանց խմբեր կամ մտածողության տեսակներ, որոնք սա չեն հասկանում: Ուղղակի ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է կարողանան առավելագույնս համախմբված պնդել այս մոտեցումները, հարկադրել ժողովրդական ճնշմամբ:

Համաձա՞յն եք ինձ հետ, որ մեր քաղաքացիների մեծ մասն այսպես չի ուզում շարունակել: Համաձա՞յն եք, որ նախագահական ընտրություններն ապացուցեցին այդ ընդվզումը, այդ բողոքը: Սա պետք է հունավորել, կազմակերպել: Այլ մեթոդներ չկան: Քաղաքական կուսակցությունների անելիքը մեկ օրվա անելիք չէ: Այո, մենք դժվարություններ ունենք, այո, մենք չենք կարողացել մինչեւ հիմա այդպիսի վստահություն առաջացնել, բայց ես կարծում եմ, որ առնվազն վերջին տարիների մեր հետեւողական, սկզբունքային քայլերը, ի վերջո, հասարակության մի զգալի մասի մոտ ձեւավորելու են այն համոզումը, որ ճիշտը Դաշնակցությանն ավելի վստահելն է, նրա կողքին կանգնելը, որպեսզի կարողանանք իշխանությանը հարկադրել փոփոոխություններ կատարել: Իսկ փոփոխություններն անհրաժեշտ են օդի պես:

Պրն Վարդանյան, ընդդիմադիր ուժերն ինչու՞ չեն կարողանում համախմբվել եւ միասնական ճակատով հանդես գալ:

Ամենատարածված մեղադրանք չասեմ, բայց հասարակության ցանկություններից մեկն է: Բնության մեջ 100 տոկոսանոց համախմբումներ, միասնություններ չեն լինում, որովհետեւ դրանք տարբեր քաղաքական ուժեր են՝ որոշ դեպքերում իրենց առաջնորդների քաղաքական հայացքների կամ գաղափարական պատկերացումների տարբերություններով: Այստեղ ակնկալել, որ բոլորը կմիավորվեն եւ նույնը կդառնան՝ ճիշտ չէ: Բայց որ պիտի կարողանան առնվազն որոշակի օրակարգի, արժեքների շուրջ նույն ուղղությամբ, նույն մեխին խփել, սա պարտադիր է: Ավագանու այս ընտրություններից առաջ մենք փորձ արեցինք, հրավիրեցինք «Ժառանգությանը», ԲՀԿ-ին, այնուհետեւ, եթե ստացվեր, սրան կմիանար նաեւ ՀԱԿ-ը՝ մեկ միասնական ցուցակով գնալ ավագանու ընտրություններին: Մեզ չհաջողվեց: Մենք ասացինք հետեւյալը՝ հարգելի «Ժառանգություն», հարգելի ԲՀԿ, մեզ համար ընդունելի է երկու տարբերակն էլ, դուք համաձայնվեք: Ընդունելի է, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը գլխավորի ցուցակը, եւ մենք Երեւանի միջոցով փոխենք վիճակը Հայաստանում: Եթե ինչ-ինչ պատճառներով՝ անձնական կամ ընտրական պրոցեսներից ելնելով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը չի ուզում գլխավորել ցուցակը, համաձայն կլինենք, որ ԲՀԿ-ի ներկայացուցիչը՝ Վարդան Օսկանյանը, գլխավորի: Իրենք միմյանց հետ լեզու չգտան: Ամեն մեկն ուներ իր փաստարկները:

Բնականաբար, «Ժառանգությունը» ելնում էր նախագահական ընտրությունների արդյունքներից, իր ստացած՝ պաշտոնական 540,000 ձայներից, իսկ ԲՀԿ-ն ասում էր, որ սա միակ ընտրությունը չէ, եղել են խորհրդարանական ընտրություններ, մենք հավաքել ենք այսքան ձայն, մենք պառլամենտում ունենք մեծ խմբակցություն, դուք ընդամենը 2-3 հոգի եք, եւ այստեղ նրանց մոտեցումները չհամընկան: Գուցե նույնիսկ լավ էր, որ միասնական չեղավ: Ինչ նկատի ունեմ, որոհետեւ եթե մենք բոլորս միավորվեինք, մի տեսակ ինքնավստահությունը, որ այլեւս, մանավանդ այս մթնոլորտում, ընդդիմությունը միավորվել է եւ հաղթելու է, սա գուցե նաեւ հանգստացնող ինչ-որ մի ազդեցություն կունենար, ինչպիսի զգացողություն որ ունեցան իշխանությունները նախագահականից առաջ, երբ իրենք շատ հանգիստ էին: Այս պարագայում ամեն մի ընդդիմադիր քաղաքական ուժ իրենից կախված առավելագույնը չէր անի՝ մտածելով, որ միեւնույն է՝ հաղթելու ենք:

Հիմա, երբ առանձին-առանձին ենք գնում 4 ընդդիմադիր, ավելի ճիշտ՝ ոչ իշխանական ուժերով, քանի որ ԲՀԿ-ն չի հայտարարել իր՝ ընդդիմություն լինելու մասին, այլ այլընտրանք է հայտարարել, ամեն մեկն առանձին-առանձին փորձելու է առավելագույն ձայն ստանալ: Եւ եթե մեր ժողովուրդը քվեարկի Դաշնակցությանը եւ ընդդիմադիրներին, եւ մենք առանձին-առանձին, բայց գումարելով եւ 65 ավագանու տեղերից ունենանք կեսից ավելին, այն ժամանակ անտրամաբանական, անհեթեթ եւ աննորմալ կլինի, եթե այս 4 ուժերը չհամախմբվեն եւ քաղաքի ընդդիմադիր ղեկավարություն չստեղծեն: Եթե հանկարծ որեւէ մեկը այդ ժամանակ չմիավորվի, ակնհայտ կդառնա, որ նա այլ խաղ է խաղում: Եթե չորսը միասին ունեն 33-ից ավելի անդամ, եւ հանկարծ Դաշնակցությունն ասում է՝ չէ, ես չեմ միավորվում չպատճառաբանված ամբիցիաներով, ամբողջ ժողովուրդը կտեսնի, որ Դաշնակցությունն այլ բան արեց, կհասկանա, որ չի ուզում այս փոփոխությունը: Նույնը եթե անի ԲՀԿ-ն, «Ժառանգությունը», ՀԱԿ-ը: Այստեղ համախմբվելու հնարավորությունները շատ ավելի շատ են:

Իմ ձեւակերպումը շատ հստակ է. եթե մեր քաղաքացիներն ուզում են փոփոխություններ, մայիսի 5-ի ընտրություններում չպետք է քվեարկեն իշխող կուսակցության, կոալիցիայի կուսակցությունների օգտին: Եթե փոփոխություններ են ուզում Երեւանում եւ երկրում, պիտի քվեարկեն առաջին հերթին Դաշնակցության եւ հետո մյուս ընդդիմադիրների օգտին: Իսկ ես երաշխավորում եմ ձեզ՝ այդ պարագայում երկրում փոփոխությունների նոր եւ լայն դուռ կբացվի: Եւ Երեւանի արդյունավետ կառավարումը, շատ ավելի արդյունավետ, քան այսօր իրականացվում է, կդառնա այն հիմքը, որը նաեւ Հայաստանում համակարգային փոփոխության հնարավորություն կտա, եւ իշխանությունը ստիպված կլինի քայլեր ձեռնարկել: Որքան էլ չուզենա փոխել, հարկադրված կլինի, մենք գիտենք մեր իշխանության բնույթը: Դրա համար պիտի շատ ուժեղ ընդդիմություն լինի, եւ՝ Երեւանի քաղաքապետի ընդդիմություն:

Քաղաքական մասը մի կողմ թողնենք: Ի՞նչ եք ուզում փոխել Երեւանում:

Առաջինը՝ քաղաքացի-քաղաքապետարան-վարչական շրջաններ հարաբերությունները: Տեսեք՝ նույն համատիրությունների խնդիրը: Այսօր դրանք Երեւանում վերածվել են ընտրական համակարգի: Այլ գործառույթ չունեն: Հավաքվող մոտ 5-6 մլրդ դրամ գումարի, որից մոտ 2 մլրդ-ը ծախսվում է իրենց աշխատավարձերի համար, օգուտը, վստահ եմ, մեր բնակիչները չգիտեն, թե ինչ է: Քաղաքացիները պետք է ամբողջական հաշվետվություն ստանան, թե ամեն ամիս իրենցից հավաքվող գումարներն ինչի վրա են ծախսում: Որքան խորանում ենք, այնքան ակնհայտ է դառնում, որ Երեւանի բյուջեն հանրապետությունում ամենից ոչ թափանցիկ, ոչ ռացիոնալ եւ ոչ ճիշտ ծախսվող բյուջեն է:

Երեւանի բյուջեն այսօր ընդամենը 150 մլն դոլարին համարժեք դրամ է, մինչդեռ մեր հարեւան Թբիլիսին մոտ 3 անգամ ավելի մեծ բյուջե ունի: Եթե նայում ես Երեւանի բյուջեի ծախսային մասերը, այնպիսի աննորմալությունների ես հանդիպում, որ այլ տեղ դժվար է տեսնել: Օրինակ՝ Երեւանի հողերի աճուրդը: Օրենքն այդ լիազորությունը վերապահել է ավագանուն: Առանց իրավունք ունենալու, օրենքը խախտելով՝ ավագանին այդ լիազորությունը փոխանցել է քաղաքապետին: Սա դատական խնդիր է: Եւ որպեսզի քաղաքապետն իրենից հեռացնի, ստեղծել է հանձնաժողով, որն անում է փակ աճուրդներ, տենդերներ, եւ չնչին գումարներ են մտնում Երեւանի բյուջե: Մինչդեռ վստահ եմ, որ շատ ավելի ճիշտ, բաց, հրապարակային աշխատելու դեպքում այդ գումարներն առնվազն կեռապատկվեն:

Պրն Վարդանյան, կներեք, որ պետք է ընդհատեմ: Տարիներ շարունակ այդ վիճակն է եղել, եւ լրատվամիջոցները միշտ դրա մասին գրել են: Ինչու՞ եք հիմա միայն բարձրաձայնում:

Ես վստահ չեմ, որ լրատվամիջոցները միշտ գրել են:

Մենք գոնե բազմաթիվ դեպքեր ենք ունեցել:      

Ես, իհարկե, հետեւում եմ եւ գիտեմ: Բայց համաձայն չեմ, երբ ասում եք լրատվամիջոցները: Մեր լրատվամիջոցները մի պրոբլեմ ունեն. այսօր հետաքրքիր, աղմուկ հանող մի բանի մասին 2 տող կգրեն, հաջորդ օրը դա կմոռացվի եւ հետեւից գնացող էլ չի լինի: Ես համաձայն եմ, որ ձեր խմբագրությունը՝ «Հետքը», հետաքննող լրագրության եւ ՏԻՄ-երի գործունեությանն անդրադառնալու իմաստով առանձնանում է, բայց սա միայն մամուլի խնդիրը չէ, սա քաղաքը կառավարելու խնդիր է: Այսօր փորձում են ներկայացնել, թե քաղաքը լավ է կառավարվում, բայց վատ է կառավարվում: Նայեք մեր վարչակազմերը: Իրականում դրանք կրկնում են նույն քաղաքապետարանի սխեմաները, կառուցվածքը, բայց որեւէ լիազորություն չունեն: Պարապ նստած են: Անում են օրենքով իրենց վրա դրված պարտականությունների 10-15 տոկոսը, բայց էնպես են ներկայացնում, ասես մեծ նվեր է երեւանցիներին: Ոչ, Երեւանում խնդիրներ, չլուծված հարցեր կան անխտիր բոլոր ոլորտներում: Ամենակարեւորը, կրկնում եմ, իշխանությունը պետք է ունենա հակակշիռ, վերահսկելի լինի:

Պատկերացրեք դաշնակցական քաղաքապետ, իշխանությունը օր ու գիշեր հետեւելու է նրա աշխատանքին: Դաշնակցական քաղաքապետի թիմն էնպես է աշխատելու, որ հանկարծ մի սխալ չանի: Եւ մարդկային հարաբերությունները, քաղաքացու հանդեպ վերաբերմունքը: Գնացեք եւ տեսեք, թե ինչպես են այդ մարդկանց վերաբերվում քաղաքապետարանում, վարչական շրջաններում, իրավապահ մարմիններում: Մի տեղ այս հակակշիռը պետք է ստեղծվի: Առաջընթացը մրցակցության, բանավեճի մեջ է: Պարզ օրինակ. տարիներ առաջ մենք ունեինք միայն «ԱրմենՏել», մոնոպոլ, խայտառակ բարձր գներ էին, խայտառակ ցածր որակ: Եկավ երկրորդ ընկերությունը՝ «ՎիվաՍելը». սկսեցին մրցակցել, գներն իջան, կապի որակը բարձրացավ: Տարիներ հետո եկավ երրորդը՝ «Օրանժը», գները շատ ավելի իջան, որակը շատ ավելի բարելավվեց:

Նույնը քաղաքականության մեջ է: Եթե մի կուսակցություն ամբողջ իշխանությանը տիրապետում եւ ոչ թե հրապարակային բանավեճով է իր ճշմարտացիությունն ապացուցում, այլ իր հրապարակային խոսքերը իբրեւ ֆոն է միայն ծառայեցնում եւ ընտրական ստվերային մեխանիզմներով փորձում է վերարտադրվել, ամենաիդեալական մարդիկ էլ լինեն, եթե ամբողջն իրենք են տնօրինում, սկսում են լճանալ, մտածել, որ իրենցից դուրս ոչինչ չկա, իրենք են միայն ճիշտ: Դրա համար պետք է լինի մրցակցություն, քաղաքական մենաշնորհը պետք է ջարդվի Հայաստանում: Սա է առաջընթացի, փոփոխությունների միակ ճանապարհը:

Բանավեճի մասին խոսեցիք, ուզում եմ այս հարցը քննարկենք: Մենք չենք կարողանում բանավեճի հրավիրել քաղաքական ուժերին: Ընդհանրապես չեն ուզում միմյանց հետ բանավիճել: Իսկ ՀՀԿ-ն առհասարակ հրաժարվում է հարցերին պատասխանել: Ձեր կարծիքով՝ ո՞րն է պատճառը: Մյուս քաղաքական ուժերն ինչու՞ բանավեճի չեն մասնակցում:

Բանավեճն ի՞նչ է՝ երկու քաղաքական ուժերի ներկայացուցիչները նստում են եւ իրենց տեսակետն են արտահայտում: Նայողը, լսողը հնարավորություն է ունենում համեմատելու, տեսնելու՝ ով ով է, ով ինչպես է ներկայացնում խնդիրը: Ցավոք, այո, ճիշտ եք, մեր քաղաքական մշակույթի մեջ սա չի մտնում, եւ չի մտնում միտումնավոր: Երկու դեպք ենք ունեցել. մեկը, երբ նախագահական ընտրությունների ժամանակ հեռուստատեսությամբ բանավեճի նստեցին նախագահի երկու թեկնածուները: Եւ եթե հիշում եք, այդ բանավեճը կտրուկ մթնոլորտ փոխեց: Դրա համար էլ խուսափում են:Այս ընտրություններին մենք առաջարկել ենք՝ համեցեք, նստենք, ցանկացած հարցի՝ քաղաքի, համապետական խնդիրների մասին ձեր առաջին համարը, մեր առաջին համարը, թող գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը նստի եւ բանավիճի Արմեն Ռուստամյանի հետ: Իհարկե մերժեցին:

Երբ մենք առաջարկում էինք, գիտեինք, որ չեն համաձայնելու, որովհետեւ որակական տարբերությունը մեր քաղաքացիները կզգային: Այս է խնդիրը, եւ սա դարձել է արդեն կենսակերպ: Օրինակ՝ Մեդիա կենտրոնը բանավեճեր էր կազմակերպել տարբեր քաղաքային խնդիրների շուրջ, եւ երբ առաջին օրը եկան ինձ մոտ՝ որպես շտաբի պատասխանատուի, ասացի լավ, բայց դուք վստահ եք, չէ՞, որ հանրապետականները չեն գալու եւ չեն բանավիճելու: Այո, ասացին, գնացել էինք իրենց շտաբ, կարծես թե տրամադիր չեն: Իսկ երբ ընդդիմադիրները խոսում են, ասում են՝ մեզ եք քննադատում, է՜, եկեք, դուք էլ պատասխանեք: Մեզ մեղադրում են, թե անձնավորում եք խնդիրը: Ոչ, մենք խոսում ենք փաստերով, փաստարկներով, հիմնավորումներով: Ունե՞ք հակառակ կարծիքը, եկեք բանավիճենք ցանկացած մակարդակով: Եւ սա չի դառնում մշակույթ:

Ես դա բացատրում եմ իշխանության վերարտադրվելու ցանկությամբ, որը ոչ թե համոզելով, բանավիճելով է իր ճշմարտացիությունը ապացուցում, այլ ֆոն է ստեղծում, որ իբր ընտրապայքար է գնում, բակային հանդիպումներ են կազմակերպում, մանկապարտեզներից, դպրոցներից հավաքում են մի 200 հոգի, նույն տեքստերն արտասանում նրանց առաջ, բայց ամբողջ պետական համակարգը ներքեւում, ստվերում, չերեւացող, թեեւ զգալի բաներ էլ երեւում են, ընտրակեղծիքների մեխանիզմներն է զարգացնում եւ կիրառում: Իշխանությունը ցանկացած գնով պահելու այս մոտեցումն է պատճառը: Բայց ամեն ինչ վերջ ունի: Գալիս է մի սահման, որից այն կողմ էլ տեղ չկա զարգանալու, փոփոխելու համար: Եւ սկսվելու է հակառակ պրոցեսը: Դրա նշանները կան: Հասարակությունը տեսնում է այս ամենը:

Մի պարզ բան ասեմ. աղջիկը գնում է շենքերից մեկը, որպեսզի քարոզչություն անի եւ բուկլետներ բաժանի: Այդ շենքից կամ հարեւան շենքից մեկը, ով իրեն հանրապետական է համարում, իրեն թույլ է տալիս աղջկա ձեռքից վերցնել, խլել բուկլետները՝ ասելով՝ այս շենքը հանրապետական շենք է, այս շենքում բոլորը հանրապետական են, այստեղ չմտնեք: Այդ բազմաբնակարան՝ 40-50 բնակարանով շենքում ամենատարբեր մարդիկ են ապրում, երեւանցիներ՝ իրենց արժանապատվությամբ, կենսագրությամբ, ի՞նչ եք կարծում՝ այդ մարդիկ այդ ջահելի գերինե՞րն են: Իրենք գիտեն, չէ՞, որ նման բան է անում եւ իրեն է վերագրում ամբողջ շենքի ընտրության իրավունքը: Էդ մարդիկ զզվում են, չէ՞, էդ տեսակ մոտեցումից: Իրենք սա թաքցնում են: Կամ՝ շատ ակտիվ խոսվում է, որ զինծառայողներին հնարավորություն է տրվում արձակուրդ գալու՝ պայմանով, որ նրանց ընտանիքները քվեարկեն ՀՀԿ-ի օգտին:

ՊՆ-ն հերքեց, լավ, հերքեցիք, բայց այդ երեխաները՝ զինծառայողները, գիտեն, չէ՞, այդ մասին: Այդ ընտանիքները գիտեն, չէ՞, որ ՀՀԿ-ի ներկայացուցիչը մոտենում եւ ասում է՝ ես պիտի երաշխավորեմ, որպեսզի թողնեն, որ երեխան գա: Մարդիկ գիտեն, չէ՞, ներքեւում, ինչքան էլ դու վերեւում հերքես: Մարդիկ իրականություն գիտե՞ն, թե՞ չգիտեն: Մարդիկ տեսնում են, չէ՞, որ երբ գնում են երեխաներին վերցնելու, Սախարովի անվան հրապարակի դիմացի մանկապարտեզի սրահում սեղան է գցված, որտեղ թաղի տղաները նախընտրական բաներ են անում: Խաբելով, հայտարարելով մի բան, անելով ուրիշ բան՝ մենք լավ տեղ չենք հասնի: Զոռով իշխանությունը պահելու այս շարունակական պայքարը մեզ լավ տեղ չի տանի: Ոչ միայն իշխանություններին, երկրին, պետությանը լավ տեղ չի տանի:

Ինչպե՞ս եք պայքարելու Ձեր թվարկած եւ բազմաթիվ այլ ընտրախախտումների դեմ:

Այս փուլում երկու տարբերակ կա: Ահազանգել, խոսել, ներկայացնել, ԶԼՄ-ները հսկայական գործ ունեն: Նաեւ՝ ապացույցներ ձեռք բերել: Օրինակ՝ ընտրացուցակների հետ կապված մենք հիմա ծրագրային շատ լուրջ աշխատանք ենք անում: Բացառված չէ, չեմ կարող 100 տոկոսով պնդել, որ մարզերից բնակչությանը բերելու են եւ ինչ-որ մեխանիզմներով ընտրել են տալու: Այս ամենը՝ մինչեւ ընտրությունների օրը: Երեկ էլ եմ հայտարարել, այսօր էլ եմ ասում, որ թիվ 5 մանկապարտեզում նման բան է եղել, ինչը օրենքի խախտում է: Զբաղվելու՞ են, չգիտեմ: Ես չեմ կարող ամբողջ գործս թողնել եւ միայն այդ մի խնդրով զբաղվել: Ընտրությունների օրը. այս ընտրություններին հիմնական դերակատար ուժերը մասնակցում են: Յուրաքանչյուր ընտրատեղամասում հանձնաժողովի 8 անդամներից առնվազն 4-ն ընդդիմադիր են: Եւ ես վստահ եմ, որ մենք կարողանալու ենք տեղերում խախտումներ թույլ չտալ եւ ամեն ինչ անելու ենք, որ թույլ չտանք:

Ես վստահ եմ, որ մեր քաղաքացին, որն այսօր գուցե վախենում է, չի արտահայտվում, մտնելու է քվեախցիկ եւ փոփոխություն է ակնկալելու: 464 տեղամաս կա Երեւանում, մենք հանձնաժողովի 600 անդամ ունենք, գումարած վստահված անձինք, եւ մենք մեր քաղաքացիների ձայները պաշտպանելու ենք: Ես վստահ եմ, որ հնարավոր է բան փոխել, ուղղակի պետք է, որ մեր քաղաքացիների գերակշիռ մասը համոզվի դրանում եւ ակտիվ լինի: Ես մի բան եմ առաջարկել եւ հիմա առիթը չեմ ուզում բաց թողնել: Երեւանում սովորաբար ընտրություններին մասնակցում է երեւանցիների 40 տոկոսը: Երեւի կրկնաքվեարկություններով հասցնում են 50 տոկոսի: Բայց մյուս 50 տոկոսը չի մասնակցում: Իհարկե, այդ մյուս հիսունի կեսը, հաշվենք, բացակայում է, բայց կա մի հսկայական զանգված, որը չի ուզում խառնվել այս բաներին: Չեն հավատում, որ ընտրություններով հնարավոր է բան փոխել եւ չեն գնում:

Այս անգամ ես խնդրում եմ, առաջարկում եմ այդ մարդկանց, որոնք նաեւ մտածող, գիտակից, ամենից ավելի շատ պատկերացնող մարդիկ են, էլի մի՛ քվեարկեք, եթե չեք ուզում, բայց մայիսի 5-ին, երեկոյան ժամը 5-ից հետո, 10 րոպե նեղություն քաշեք եւ գնացեք ընտրատեղամաս՝ զուտ նայելու՝ արդյո՞ք ձեր փոխարեն քվեարկված է, արդյո՞ք ձեր հարեւանի, մտերիմների փոխարեն, ովքեր հաստատ գիտեք, որ քաղաքում չեն, քվեարկել են: Մի անգամ թույլ մի տվեք, որ ձեր իրավունքը խլեն: Եթե կա նման բան, արձանագրեք եւ տեղեկացրեք հանձնաժողովի դաշնակցական անդամին, որպեսզի մենք կարողանանք ընտրակեղծիքների ծավալ ֆիքսել:

Վերջին հարցը. ինչու՞ երեւանցին պետք է իր ձայնը տա ՀՅԴ-ին:

Ցանկացած ընտրություն համեմատություն է: Եթե նույն տեսակի երկու բան պիտի վերցնենք, պիտի համեմատենք, թե որն է լավ: Ես վստահ եմ, որ եթե քաղաքական դաշտում ենք անում այդ համեմատությունը, Դաշնակցությունը շահում է: Առաջին՝ մենք մեկ անձի կուսակցություն չենք: Մենք թիմ ենք, պրոֆեսիոնալ կենսափորձ ունեցող թի: Նայեք մեր ըտրապայքարը, եթե ուրիշները 1-2 հոգով են մասնակցում, մենք առնվազն 20 հոգով տարբեր թաղամասերում նույն օրը հանդիպումներ ենք ունենում: Դաշնակցությունը երբեք իր հիմնական սկզբունքներից չի շեղվել, չի փոխվել, միշտ կարողացել է սոցիալական արդարության եւ մեր ազգային-պետական խնդիրները հետապնդել:

Մենք այսօր էլ ասում ենք՝ մեր երկրում մենք թշնամի չունենք, մենք պետք է կարողանանք այս երկրում փոփոխություններ անել եւ այն դարձնել նորմալ, հարմարավետ, բարեկեցիկ: Դաշնակցությունը կարող է խնդիրներ դնել եւ լուծել: Այս 20 տարիների ընթացքում Դաշնակցությունն ապացուցել է, որ իր ինքնուրույնությունը, անկախությունը պահել է եւ՛ ընդդիմություն եղած ժամանակ (որեւէ իշխանություն չի կարողացել իր ուզածը մեզ թելադրել), իշխանության մաս ենք եղել՝ աշխատել ենք եւ փորձել ենք հնարավորինը անել: Երբեք իշխանությունը չենք կիրառել կուսակցության նպատակների համար: Դուք չէիք տեսնի, որ դաշնակացականները էսպես համատարած կուսակցականացնեին իրենց ոլորտները, բացառված էր նման բան: Դուք չէիք տեսնի, որ մի պրոֆեսիոնալ մարդու դաշնակցականը հաներ, ինչ է թե դաշնակցականի նշանակեր: Այդ ժամանակ էլ մենք փորձել ենք առաջնորդվել պետական շահերով:

Միակ կուսակցությունն ենք, որ կամավոր, սկզբունքից ելնելով՝ դուրս ենք եկել իշխանությունից, ասել ենք՝ մեր նախարարական պորտֆելները հանձնում ենք եւ դուրս ենք գալիս, քանի որ գտնում ենք, որ իշխանությունները գնում են սխալ ընթացքով (խոսքը հայ-թուրքական հարաբերությունների մասին է): Ընդդիմության մեջ նայեք ԱԺ-ում մեր փոքր խմբակցության աշխատանքը եւ կտեսնեք, որ եթե այս 5 հոգու աշխատանքը չլիներ, շատ տխուր պատկեր կունենար մեր խորհրդարանը: Մենք մեզ հավատարիմ ենք մնացել:  Մենք մեր քաղաքացու շահը գերադասել ենք ամեն ինչից, որովհետեւ ազատ, բարեկեցիկ ապրող քաղաքացին, իր իրավունքները պաշտպանող քաղաքացին միայն կարող է երկիրը կառուցել եւ երկրի հիմնական շահերը հետապնդել: Ազատ հասարակություն պիտի ունենանք, որ մարդիկ, եթե կա ազգային, պետական խնդիր, պատրաստ լինեն կանգնել դրա համար: Վախեցած, ստրկացած, կուսակցականացած այսքան, տեսեք ինչ է կատարվում մեր կրթական հաստատություններում, պետական, մասնավոր հիմնարկներում:

Այդ տեսակի հասարակությունը չի կարող դրական փոփոխությունների գնալ, այնպիսի խնդիրներ լուծել, որոնք մեր երկիրը կդարձնեն ուժեղ, տարածաշրջանում եւ աշխարհում գործոն: Դաշնակցությունն այսօր ընդդիմադիր այն կուսակցությունն է, որը կարող է համախմբել մյուս ընդդիմադիրներին: Հիմա իշխանության թելադրանքով փորձ է արվում նաեւ ընդդիմադիր կուսակցությունների միջեւ բախումներ առաջացնել, կռիվ գցել, որպեսզի չկենտրոնանան իշխանության դեմ: Դաշնակցությունը կարող է նաեւ այս համախմբող դերը կատարել: Եւ ես վստահ եմ՝ որպեսզի այս երկիրը ուժեղ դառնա, եւ մենք ունենանք բարեկեցիկ ապրող քաղաքացի, Դաշնակցության քաղաքական ներկայությունը շատ ավելի բարձր պիտի լինի: Առնվազն մի 20 տոկոսը պետք է Դաշնակցությանը հավատա, կողքին կանգնի, այդ դեպքում մեր երկիրը եւ՛ կայունություն կունենա, եւ՛ ցնցումների մեջ չի լինի, եւ՛ փոփոխություններն ակնհայտ կդառնան:

Հուսանք:

Հուսալը քիչ է, պետք է գնալ եւ քվեարկել Դաշնակցության օգտին: Կարծես համոզեցի:

Սույն հաղորդումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործընկերային պայմանագրի շրջանակներում՝ «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետները և կարծիքները պատկանում են հեղինակին` «Հետաքննող լրագրողներ» կազմակերպությանը, և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետների հետ:


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter