Ավստրալիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Սերժ Սարգսյանին
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ավստրալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Փոլ Մայլերը (նստավայրը՝ Մոսկվա):
Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և հույս հայտնել, որ դեսպան Մայլերը կներդնի անհրաժեշտ բոլոր ջանքերը հայ-ավստրալիական համագործակցության օրակարգն ընդլայնելու և երկկողմ հարաբերություններին նոր որակ հաղորդելու նպատակով: Հանդիպման ժամանակ նախագահը և դեսպանը երկկողմ կապերի ամրապնդման գործում կարևորել են նաև Ավստրալիայի հայ համայնքի դերը:
Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր և գործադիր մարմիններին՝ ԼՂՀ անկախության, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին աջակցելու համար: Նա բարձր է գնահատել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում հայ-ավստրալիական փոխգործակցությունը:
Փոլ Մայլերը վստահեցրել է Սերժ Սարգսյանին, որ կանի հնարավորը՝ նպաստելու երկկողմ հարաբերությունների ներկայիս ամուր հիմքի վրա Հայաստանի և Ավստրալիայի միջև կապերի խորացմանն ու ամրապնդմանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել