HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

16 տարեկանները ավագանու նիստի օրակարգում հարց ընդգրկելու իրավունք կունենան

Ազգային ժողովում քննարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որը ներկայացնում է տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Կառավարության ներկայացուցիչը նշեց, որ մի շարք նորամուծություն է ներառվել նախագծում, և իրենք առաջարկում են բնակչությանը հնարավորինս շատ մասնակից դարձնել տեղական ինքնակառավարմանը, որն այսօր տեղի է ունենում հիմնականում ընտրությունից ընտրություն: Համայնքում տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունք է տրվելու համապատասխան համայնքի 16 տարին լրացած յուրաքանչյուր բնակչի:

Ըստ նախագծի՝ բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը սահմանվում է որպես համայնքում իրականացվող գործընթաց, որի միջոցով բնակիչները տեղեկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մասին և ուղղակի կամ անուղղակի ներգործություն են ունենում տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների վրա։

Վաչե Տերտերյանն ասաց, որ համայնքի ավագանու նիստի օրակարգում հարց ընդգրկելու նախաձեռնությամբ կարող է հանդես գալ նաև համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված, 16 տարին լրացած անձանց ոչ պակաս, քան չորս տոկոսը:

Վաչե Տերտերյանը նշեց, որ 16 տարեկանները մեր երիտասարդներն են, ավագ դպրոցների սաները, որոնք որոշակի պատկերացում և սպասելիք ունեն իրենց համայնքի զարգացումից: Ինչ վերաբերում է 4 տոկոսին, ապա ըստ փոխնախարարի՝ դա փորձագիտական թիվ է:

Եթե նախագիծը դառնա օրենք, ապա ավագանու նիստի օրակարգում հարց ընդգրկելու նախաձեռնությունը ստորագրելու են համայնքի դրան կողմ բնակիչները և ներկայացնելու են համայնքի ղեկավարին։

Համայնքի բնակիչների նախաձեռնությունը պարտադիր կարգով ներկայացվելու և քննարկվելու է ավագանու նիստում ոչ ուշ, քան համայնքի ղեկավարի կողմից դրա ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում։

Համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման գործընթացներում համայնքի բնակիչների մասնակցությունն ապահովելու համար՝ համայնքի ղեկավարի առաջարկությամբ և համայնքի ավագանու որոշմամբ ձևավորվելու է համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմին՝ աշխատակազմի և համայնքային կազմակերպությունների համապատասխան մասնագետների ընդգրկմամբ, ինչպես նաև համայնքի ավագանու 1-3 անդամի, բնակիչների, փորձագետների և այլ շահագրգիռ անձանց ներգրավմամբ, իհարկե եթե վերջիններս համաձայնվեն:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նախագծի վերաբերյալ մի քանի մտահոգություն ուներ և գրավոր առաջարկներ ներկայացրեց կառավարության ներկայացուցչին:

Վաչե Տերտերյանը նշեց, որ նախագծի մշակման ընթացքում ուսումնասիրվել է Եվրոպական երկրների փորձը, մասնավորապես տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի լրացուցիչ արձանագրությունը ստորագրած պետությունների փորձը:

Մեկնաբանություններ (1)

Հովիկ Աբրահամյան
Մեզ համար շատ ու շատ լավ որոշում ա, 4%-ը այն թիվն ա որը ես ու Սերժը ունենք ու մեր ուզած 16 տարեկաններին ձայն կտանք /պատահական մարդկանց չենք կարող ձայն տալ/: Թե չե հարցեր կան, որ երբ օրինական պատգամավորն ա բարձրացնում, համ ասում են թե դա հայրենիքի դավաճանություն ա համ էլ ասում են թե ընտրված չէս: Իսկ սենց մեր համար լավ որոշումը թե կարեցանք կանցկացնենք: Իսկ թե չկարեցանք կասենք մենք չէինք, անչափահասի ուզածն էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter