
Լամբերտո Զանյեն Իտալիայից նշանակվել է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար
Դեսպան Լամբերտո Զանյեն Իտալիայից 56 մասնակից պետությունների Նախարարների խորհրդի միաձայն որոշմամբ նշանակվել է ԵԱՀԿ-ի նոր գլխավոր քարտուղար` այսօր հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Ադրոնիուս Աժուբալիսը:
«Ուրախությամբ հայտնում եմ, որ ԵԱՀԿ-ի իմ գործընկեր արտգործնախարարները, և ես ընտրել ենք Լամբերտո Զանյեին, որպեսզի ստանձնի այս կարևոր կազմակերպության կառավարման ղեկը»,- ասել է Աժուբալիսը:
«ԵԱՀԿ մասնակից պետությունների համար չափազանց վճռորոշ ժամանակ է, քանի որ մենք պետք է լուծենք անվտանգության առկա մարտահրավերները, այդ թվում` տարածաշրջանի ձգձգված հակամարտությունները, պատրաստվենք դիմակայելու նոր և ի հայտ եկող սպառնալիքներին և ստանձնենք մեր պարտականությունների ավելի լայն շրջանակը` մեր գործընկեր երկրներին, այդ թվում Աֆղանստանին և Հյուսիսային Աֆրիկայի պետություններին աջակցելու համար,- ընդգծել է նա,- ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պետք է աջակցի ու խթանի այդ ջանքերը, և ես վստահ եմ, որ դեսպան Զանյեի փորձն ու փորձառությունը մեզ համար օգտակար կլինեն գալիք տարիների ընթացքում»:
Պրոֆեսիոնալ դիվանագետ Զանյեն եղել է ԵԱՀԿ-ի հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրենը 2002-2006թթ.: 2008թ. հունիսից նա հանդես է եկել որպես ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Կոսովոյի համար և Կոսովոյում ՄԱԿ-ի միջանկյալ վարչարարական առաքելության ղեկավար:
«Ես պատիվ ունեմ ստանձնելու գլխավոր քարտուղարի պաշտոնն այս կազմակերպությունում, որը լավ գիտեմ և, որը կարևոր դեր ունի մեր ընդհանուր արժեքների խթանման ու անվտանգության ընդհանուր սպառնալիքների դեմ պայքարելու գործում,- ասել է Զանյեն, ով իր պարտականությունների կատարմանը կանցնի այսօրվանից: - Ես ակնկալում եմ աշխատել ԵԱՀԿ մասնակից պետությունների հետ` կապված այս մարտահրավերների հետ»:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հանդես է գալիս որպես գործող նախագահի ներկայացուցիչ և որպես ԵԱՀԿ-ի գլխավոր վարչական ղեկավար: Նա նշանակվում է Նախարարների խորհրդի կողմից երեք տարի ժամկետով, որը կարող է երկարաձգվել:
Աժուբալիսը շնորհակալություն է հայտնել պաշտոնավարումն ավարտող գլխավոր քարտուղար Մարկ Պերա դը Բրիշամբոյին վեց տարվա աշխատանքի համար. «Ձեր նվիրվածությունը աշխատանքին օգնել է մեզ կողմնորոշվել բարդ մարտահրավերների հարցում և ամրապնդել անվտանգության մեր երկխոսությունը: Դեկտեմբերին տեղի ունեցած ԵԱՀԿ-ի Աստանայի գագաթաժողովի ժամանակ Դուք և Ձեր թիմը տրամադրել եք փորձառություն ու ուղղորդում, որ օգնել է մեզ համաձայնության գալ ազատ, ժողովրդավարական, ընդհանուր և անբաժանելի եվրո-ատլանտյան և եվրասիական անվտանգության հանրության ընդհանուր պատկերացման շուրջ, որը կշարունակի ամրապնդել այն ամենը, որ մենք անում ենք»:
Նախարար Աժուբալիսը նաև պարգևատրել է Մարկ Պերա դը Բրիշամբոյին ԵԱՀԿ տարածաշրջանում համապարփակ անվտանգության ու երկխոսության հարցում ունեցած իր ներդրման համար:
Պերա դը Բրիշամբոն նշել է. «Ես հեռանում եմ այս անփոխարինելի կազմակերպությունից նրա արժեքների հանդեպ ճիշտ այնպիսի ոգևորությամբ ու նվիրվածությամբ, ինչպես որ վեց տարի առաջ, երբ ստանձնում էի Գլխավոր քարտուղարի պաշտոնը: Ինձ մեծապես մխիթարում է այն հանգամանքը, որ ԵԱՀԿ քարտուղարությունը գտնվում է Լամբերտո Զանյեի հմուտ ձեռքերում և մաղթում եմ նրան ու ԵԱՀԿ-ին ամենայն հաջողություն»:
Մեկնաբանել