
Գյումրիի Վարդանանց հրապարակի եղևնիների տեղափոխման հարցը կրկին օրակարգում է
Այսօր Գյումրիի քաղաքապետարանում անցկացվեց ավագանու արտահերթ նիստ: Նախքան օրակարգը հաստատելը քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանդես եկավ մի քանի առաջարկությամբ: Առաջին հարցը վերաբերում էր շաբաթօրյակներին: Քաղաքապետարանը շաբաթօրյակների միամսյակ է հայտարարել Գյումրիում, բայց ահա պարզվում է, որ ոչ բոլոր թաղերում են արձագանքել քաղաքը սեփական ուժերով մաքրելու կոչին: Սամվել Բալասանյանը շնորհակալություն հայտնեց Մհեր Մկրտչյան փողոցի բնակիչներին ակտիվ մասնակցության համար: Իսկ ահա Կարեն Դեմիրճյան փողոցի բնակիչների անտարբերությունը պարզապես զայրացրել էր նրան:
«Մենք ախր պայմանվորվել էինք, չէ՞, որ մեկ ամիս միահամուռ ուժերով մաքրելու ենք քաղաքը: Զարմանում եմ մարդկանց անտարբերության վրա: Խոսքս ավագանու անդամներին էլ է վերաբերում. ակտիվ եղեք, հետևեք, մասնակցեք, օրինակ ցույց տվեք: Մենակ ասֆալտապատումը չէ, մաքրության հետ կապված էլ պիտի հետևողական լինենք,- ասաց քաղաքապետը:- Անցած կիրակի միայն քաղաքապետարանի աշխատակիցների ուժերով 500 ծառ է տնկվել Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում: Մենք պատրաստ ենք տնկիներ տրամադրել բոլոր նրանց, ովքեր կցանկանան իրենց շենքի բակերում ծառատունկ կատարել»:
Քաղաքապետի մյուս առաջարկը վերաբերում էր Վարդանանց հրապարակի եղևնիների չարչրկված հարցին: Սամվել Բալասանյանն ասաց, որ առաջարկներ և բողոքներ է ստացել նրանց հրապարակից տեղափոխելու վերաբերյալ: Նշեց, որ ցանկանում է՝ այս հարցի կապակցությամբ հանրային քննարկում լինի: Ի դեպ, նախորդ քաղաքապետը ևս այս խնդիրը փորձում էր լուծել ոչ թե կտրելու, այլ տեղափոխելու հարցն առաջ քաշելով: Վարդան Ղուկասյանը համարում էր, թե այդ եղևնին ռուսական մնացուկ է:
Վերջինս չէր սիրում այս ծառատեսակը և հրապարակը դրանից ազատելու եղանակներ էր մտմտում: Սակայն հիշելով, թե ինչ կատարվեց, երբ հատվեցին Հայուհու հրապարակի եղևնիները, նախկին քաղաքապետն էլ հանրային քննարկումներ անցկացնելու բնապահպանների առաջարկը չմերժեց: Քննարկումներն եղան, մասնագետները հայտնեցին իրենց կարծիքը. Տեղափոխվելուց հետո մեծահասակ եղևնիները սովորաբար կպչողականություն չեն ապահովում և չորանում են: Խնդիրը ժամանակավորապես կարծես թե լուծվեց բնապահպանների օգտին: Եվ հիմա, երբ հիմնանորոգվում է Վարդանանց հրապարակը, եղևնիների տեղափոխման հարցը կրկին հայտնվել է օրակարգում:
«Ես չեմ ուզում, որ սա իմ որոշումով լինի, անգամ ավագանու ուսերին չեմ ուզում, որ բարդվի, թող լինի հանրային քննարկում, թող մասնագետները տան իրենց կարծիքը, արդյոնք դրանք հնարավո՞ր է տեղափոխել ու ստանալ արդյունք: Թող հանրային քննարկում լինի թատրոնի շենքում, անգամ կարող ենք փակ, գաղտնի քվեարկություն կազմակերպել,- առաջարկեց քաղաքապետը:- Ես ուզում եմ, որ բնակիչները որոշեն. եթե դեմ կլինեն, մենք եղևնիներին ձեռք չենք տա, կթողնենք իրենց տեղում»:
Իհարկե, ավագանիներից որևէ մեկը տարակուսանք չհայտնեց, թե եթե առաջարկվում է հանրային քննարկում, ինչո՞ւ է խնդրի վերջնական լուծումը լինելու գաղտնի, փակ քվերակությամ:
Ավագանու արտահերթ նիստի 3 կետից բաղկացած օրակարգի առաջին հարցը վերաբերում էր Հայրենական պատերազմի գյումրեցի վետերաններին և արցախյան ազատամարտի մասնակիցներին դրամական օգնություն հատկացնելուն: Այդ նպատակով համայնքային բյուջեից առանձնացվել էր 6 մլն դրամ, որ պիտի բաշխվեր Հայրենականի 100 մասնակցի, արցախյան մարտերում զոհված 106 ազատամարտիկի ընտանիքների և 309 ազատամարտիկի միջև:
Ավագանու արտահերթ նիստում որոշվեց 1 մլն 600 հազար դրամ տրամադրել քաղաքապետարանի ենթակայության տակ գործող «Համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ին երկրորդ փոքր լողավազանի վերանորոգման աշխատանքներն ավարտին հասցնելու համար: Ավագանին հավանություն տվեց նաև «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների ՀԿ-ի «Գյումրի ՈւԱՁ» ՍՊԸ-ի՝ քաղաքի Ղուկասյան 98 և Մայակովսկի 144 հասցեներում գտնվող շենքերի 2013թ. գույքահարկի և հողի հարկի գումարները զիջելու մասին օրակարգի վերջին հարցին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել