HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկում՝ Թեղուտում. բախվել են շահագրգիռ անձանց կարծիքները (տեսանյութ)

Ապրիլի 29-ին Թեղուտ գյուղի մշակույթի պալատում տեղի ունեցավ Թեղուտի պղինձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի շահառուների ներգրավման պլանով նախատեսված հանդիպում, որին ներկա էին հասարակական կազմակերպություններ և Թեղուտ ու Շնող համայնքերի բնակիչներ:

Հանդիպումը ղեկավարող «Վալլեքս» խմբի ընկերությունների լրատվության պատասխանատու Վահրամ Ավագյանը ներկայացրեց շահառուների պլանի ներգրավման նշանակությունը:

«Թեղուտ ՓԲԸ-ն դեռևս անցյալ տարվանից նախաձեռնել է փաստաթղթերի փաթեթի մշակում, որոնք կոչված են հանքավայրի շահագործման ծրագիրը համապատասխանեցնել ոլորտի համաշխարհային չափանիշներով առաջադեմ փորձին»,- ասաց Վահրամ Ավագյանը:

Հանդիպմանը ներկա բնապահպանական ակտիվիստ Աթուր Գրիգորյանը շահառուներին տեղեկացրեց, որ 2014թ. նոյեմբերին սպառվում է Թեղուտի հանքավայրի շահագործման թույլտվությունը:

«Եվ Ձեզ և մեզ, բոլոր շահագրգիռ կողմերին ընկերությունը պետք է ներկայացնի շրջակա միջավայրի վրա նոր գնահատական նոր հասարակական լսումների միջոցով, որ նրանք իրավունք ունենան աշխատելու»,- ասաց Արթուր Գրիգորյանը և կարծիք հայտնեց, որ շահառուների հետ հանդիպումը հենց դրա համար նախապատրաստական միջոց է:

Արթուր Գրիգորյանը նաև նշեց, որ ձեռք է բերել մի փաստաթուղթ, որում ամերիկյան մի ընկերություն վերագնահատել է Թեղուտի ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցությունը և «երկուս» է նշանակել պիտանելիության տեսանկյունից:

«Արմենիան քափըր փրոգրամ» ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Արզումանյանը հակադարձեց Արթուր Գրիգորյանին՝ ասելով. «Այն փաստաթուղթը, որ դուք ենթադրաբար նկատի ունեք, բնապահպանական փորձաքննության եզրակացությունն է, որտեղ գրված է՝ «շինարարության ժամկետ՝ գումարած 8 տարի»: Այն ժամանակ, երբ կսկսի աշխատել լեռնահարստացուցիչ կոմբինատը, դրանից 7 տարի հետո դուք կարող եք ասել, որ ավարտվում է փորձաքննության ժամկետը» (մանրամասները դիտեք տեսանյութում):

Շահառուների հետ հանդիպման օրակարգի առաջին հարցը ազդակիր համայնքերում ընկերության սոցիալական քաղաքականության առաջահերթություններն էր, որը ներկայացրեց դեռ 7 տարի առաջ ստեղծված «Մանես» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ավետիք Թամազյանը:

Նրա խոսքով՝ շահառուներին ներկայացվում են հիմնադրամի 2012թ. ապրիլի 1-ի դրությամբ իրականացված բարեգործական ծրագրերը: «Մանես» բարեգործական հիմնադրամի ներդրումները կատարվում են «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի անձնական ֆինանսական ներդրումներով:

Գործադիր տնօրենը նշեց, որ անցած 7 տարում Ալավերդի քաղաքի և տարածաշրջանի մյուս համայնքերի զարգացման համար հիմնադրամի միջոցներից ծախսվել է 880 մլն դրամ:

Ավետիք Թամազյանի տեղեկատվությունից հայտնի դարձավ, որ «Մանես» հիմնադրամը «Թումանյանական աշխարհ» թերթին հատկացրել է 13 մլն դրամ: «Անկյուն+3» հեռուստաընկերության «Քաղաքապետարանի ժամ», «Նոր հայացք», «Դեպի լույս և կյանք», «Երևակ», Լոռու մարզպետարանի «Մարզպետարանի ժամ» հաղորդաշարերի համար հատկացվել է 89 մլն 132 հազար դրամ, մարզային լուրերի, հաղորդումների հեռարձակման համար «Հրատ» ՀԿ-ին տրամադրվել է 18 մլն 795 հազար դրամ: «Անկյուն+3» և «Ֆորտունա» հեռուստաընկերությունների եթեր ապահովելու համար Սանահին, Օձուն, Ախթալա, Շնող, Թեղուտ հեռուստատեսային կապուղու ստեղծման համար հատկացվել է 41 մլն 544 հազար դրամ:

Հիմնադրամի տնօրենը ներկաներին ներկայացրեց հիմնադրամի միջոցներով կատարված բազմաթիվ այլ ծրագրեր: «Այնպիսի տպավորության ստացանք, ոնց որ հիմնադրամի տարեգրության հաշվետվություն լիներ, թե որտեղ ինչ եք արել: Մեզ ի՞նչ է հետաքրքրում՝ որտեղ ինչ եք արել: Մեզ հետաքրքրում է, թե Շնողում և Թեղուտում ինչ եք արել»,- ասաց Շնողի գյուղապետ Հովիկ Սահակյանը:

Վահրամ Ավագյանը բացատրեց, որ հիմնադրամի գործադիր տնօրենի ներկայացված տեղեկատվությունը նպատակ ուներ պարզաբանելու, թե ինչպիսին են հիմնադրամի առաջնահերթությունները և գործելաոճը:

Հովիկ Սահակյանը Թեղուտ ՓԲԸ-ի ղեկավարներին առաջարկեց 2 գյուղի` Շնողի և Թեղուտի զարգացման համար համատեղ մշակել ծրագրեր: «Վալլեքսի» պատասխանատուներն ընդունեցին գյուղապետի առաջարկը:

Թեղուտի ավագանու անդամ Ավետ Ավետյանը ներկայացրեց Թեղուտի գերակա շահ ճանաչված հողատերերի դժգոհությունը: Իրենց հողերը Թեղուտ ՓԲԸ-ին հանձնելուց հետո հողատերերն այլևս չունեն գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ զբաղվելու հնարավորություն:

Գագիկ Արզումանյանը պատասխանեց, որ Թեղուտ ՓԲԸ-ն ունի 50 հա-ից ավելի վարելահող, որը կարող է տրամադրել հողագործությամբ և անասնապահությամբ զբաղվելու ցանկություն ունեցող թեղուտցիներին:

Շահառուների հետ հանդիպման ընթացքում քննարկվեցի նաև Թեղուտ ՓԲԸ-ի կողմից նախատեսվող բնահպանական միջոցառումները, ընկերության տեղեկատվական միջոցառումները և այլ հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter