
Հետախուզվում է ալիմենտ վճարելուց խուսափողը
Տավուշի մարզի դատարաններում մեծ թիվ են կազմում ամուսնալուծության, ալիմենտի պահանջով դատավարությունները: Հայաստանում տիրող սոցիալական դժվարին վիճակը, գործազրկությունը, առտնին բազում հոգսերը, ընտանիքում սիրո եւ փոխադարձ հանդուժողականության պակասը բարդացնում են ամուսնական առանց այն էլ հոգսաշատ կյանքը, միակ ելքը բաժանումն է թվում: Դրա հետեւանքով ամենից շատ տուժում են համատեղ կյանքում ծնված երեխաները:
Նոյեմբերյան քաղաքի 32-ամյա բնակչուհի Լուսինե Մամյանը դիմել էր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ նույն տարածաշրջանի Զորական գյուղի բնակիչ Ոսկան Ղարագյոզյանի: Նրանք փախստականներ են եւ Զորականում վերաբնակվել են Ադրբեջանի Շամխորի շրջանի հռչակավոր Չարդախլու գյուղից արտաքսվելուց հետո: Դատական հայցով Լուսինեն Ոսկան Ղարագյոզյանից պահանջում է կայուն դրամական գումարով ալիմենտ բռնագանձել:
Լուսինեի եւ Ոսկանի ամուսնական հարաբերություները քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայությունում իրավաբանորեն ձեւակերպված չեն եղել, նրանք գտնվել են փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ: Նրանց 7-ամյա դուստրը սովորում է Նոյեմբերյանի թիվ 2 միջնակարգ դպրոցում: Լուսինեի խոսքերով` ինքն արդեն 5 տարի միայնակ է մեծացնում դստերը: Թե ինչու՞ է ալիմենտի պահանջով դատարան դիմելու համար 5 տարի հապաղել` չի կարողանում պատասխանել:
Երեխայի խնամքը եւ կարիքները հոգալու պարտականություններն ընկած են միայնակ կնոջ ուսերին, ով գործազուրկ է: Լուսինեն վարձով է բնակվում: Սույն դատական գործով առաջին նիստը կայացել է հունիսի 16-ին: Պատասխանող Ոսկան Ղարագյոզյանը անդրանիկ դատական նիստին չէր ներկայացել: Հունիսի 28-ի դատական նիստին եւս պատասխանողը չէր ներկայացել: Դատավոր Արման Կուրեխյանը Լուսինեին հարցրեց Ոսկան Ղարագյոզյանի գտնվելու վայրի մասին: Վերջինիս պատասխանը փոքր-ինչ հակասական էր. նրա ասելով Ոսկան Ղարագյոզյանը գտնվում է Զորականում, նրան գյուղում տեսնող է եղել, Հայասատանի տարածքում ամուսնացած երկու քույր ունի, որոնց տներում կարող է հանգրվանել, որ նախկին ամուսինը հայտարարել է` ինքը դատարան չի ներկայանալու:
Լուսինե Մամյանի շահերը դատարանում ներկայացնում է «Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպության իրավաբան, Իջեւանի բնակչուհի Սիրանույշ Մարտիրոսյանը: Վերջինս նշեց, որ Ոսկան Ղարագյոզյանն արդեն երկրորդ անգամն է բացակայում դատական նիստից եւ դատարանին միջնորդեց պատասխանող Ոսկան Ղարագյոզյանի անձի եւ գույքի նկատմամբ հետախուզում հայտարարել: Դատավորը նրան հարցրեց, թե արդյոք այդ կապակցությամբ առկա՞ է դատարանին ուղղված գրավոր դիմում:
Նման դիմում չկար, թեեւ նախորդ դատական նիստից 12 օր էր անցել: Դատավորը 10 րոպե ընդմիջում հայտարարեց, որպեսզի Սիրանույշ Մարտիրոսյանը կարողանա գրավոր ներկայացնել միջնորդությունը: Դատարանը բավարարեց Սիրանույշ Մարտիրոսյանի գրավոր միջնորդությունը եւ որոշեց Ոսկան Ղարագյոզյանի անձի եւ գույքի նկատմամբ հետախուզում հայտարարել: Որոշման կատարումը դրվեց դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության վրա:
Մեկնաբանել