HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համայնքների բյուջեների եկամուտները 2013թ. 1-ին եռամսյակում կազմել են մոտ 20,5 մլրդ դրամ՝ 92,6% կատարողական

ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում ներկայացվեց գյուղական համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակների ամփոփ գնահատման մեթոդաբանությունը: Փաստաթղթի մշակումը բխում է ՀՀ տարածքային զարգացման հայեցակարգի միջոցառումների ծրագրից: Ըստ ՏԿՆ տարածքային կառավարման և զարգացման վարչության պետ Հ. Գալստյանի՝ այս մեթոդաբանությունը, մշակված բանաձևերի հիման վրա, թույլ է տալիս ըստ համայնքների գնահատել դրանց խոցելիության մակարդակը:

Նիստը վարող փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը նշեց, որ համայնքներում տարբեր ծրագրերի իրականացումը, պետական աջակցության քաղաքականությունը հիմնվելու է այս մեթոդաբանության վրա, և այն պետք է լինի առավելագույն օբյեկտիվ: Նա առաջարկեց փաստաթղթի նախագիծը մեկ անգամ ևս ուղարկել շահագրգիռ կազմակերպություններին, ինչպես նաև հաջորդ ամիս տեղական և միջազգային համապատասխան կառույցների մասնակցությամբ կազմակերպել քննարկում և ամփոփել առաջարկությունները:

Փաստաթուղթը ՀՀ կառավարության քննարկմանը կներկայացվի հունիսին:

Տեղական ինքնակառավարման վարչության պետ Ա. Գիլոյանը տեղեկություններ ներկայացրեց համայնքների բյուջեների ընթացիկ տարվա առաջին եռամսյակի կատարողականի և աշխատավարձի գծով պարտքերի մարման գործընթացի վերաբերյալ: Ընդամենը եկամուտներն առաջին եռամսյակում կազմել են 20 մլրդ 590 մլն 448 հազար դրամ (Երևանը ներառյալ)՝ 92,6% կատարողական:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ փաստացի մուտքերն աճել են 9%-ով կամ 1 մլրդ 696 մլն 372 հազար դրամով: Սեփական եկամուտները կազմել են 5 մլրդ 383 մլն 354 հազար դրամ (կատարողականը՝ 98,9%): 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշն աճել է 13.3%-ով կամ 630 մլն 431 հազար դրամով: Նախորդ տարիների աշխատավարձի պարտքը 2013 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել էր 104 մլն 731 հազար դրամ, որից 2013 թ. ապրիլի 15-ի դրությամբ մարվել է 40 մլն 872 հազար դրամի չափով:

Ա. Գևորգյանն ընդհանուր առմամբ դրական համարեց սեփական եկամուտների հավաքագրման միտումները և հույս հայտնեց, որ դրանք կպահպանվեն նաև տարվա կտրվածքով: Միևնույն ժամանակ հանձնարարեց եկամուտների հավաքագրման, աշխատավարձերի պարտքի մարման մասով թերացումներ արձանագրած մարզերում ուսումնասիրել պատճառները:

Համայնքային ծառայության հարցերի վարչության պետ Ա. Սողոմոնյանը ներկայացրեց «Քաղաքապետարանների (գյուղապետարանների) աշխատակազմերի աշխատակիցների թվաքանակի որոշման օպտիմալ մոդելը», որում նաև առաջարկություններ կան բնակչության նույն թվաքանակ ունեցող համայնքների աշխատակազմերի աշխատակիցների օպտիմալ թվի վերաբերյալ:

Ա. Գևորգյանը նշեց, որ այս խնդիրը պետք է քննարկել և գտնել լուծման օպտիմալ տարբերակներ՝ հարցի լուծումը կարևորելով նաև համայնքների վարչական ծախսերի արդյունավետ տնօրինման տեսանկյունից:

Կոլեգիան ի գիտություն ընդունեց ուսումնասիրության արդյունքները, որոշվեց այն քննարկել նաև մարզպետարանների համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուների հետ: Այս մասին հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter