Դժվարանում եմ Lighthouse-ի երաժշտությունը ջազ անվանել. նախագծի մասնակից
Ջազ-ֆյուժն, ֆոլկ, նեոկլասիկա և նմանատիպ այլ ոճերի երաժշտություն նվագող Lighthouse New Jazz Project նախագիծը ստեղծվել է Երևանում 2011թ.: Հիմնական մասնակիցները կիթառահար Վարդան Գասպարյանն ու դաշնակահար Վարդան Հարությունյանն են: Քանի որ նրանք ոչ թե խումբ են, այլ նախագիծ, երբեմն նրանց միանում են բաս-կիթառը, հարվածային և այլ գործիքներ: Կիթառահար Վարդանն իրենց երաժշտությունը դժվարանում է ջազ անվանել դասական իմաստով: Նրանց մասին քչերը գիտեն Հայաստանում: Ինչ-որ առումով երկու Վարդանների հանդիսատեսին կարելի է ընտրյալներ համարել, քանի որ Lighthouse New Jazz Project-ի երաժշտությանը դժվար է զանգվածային, առավել ևս պոպուլյար անվանումը տալ: Պարզապես որակյալ և հաճելի երաժշտություն, որը պետք է շատ լսել, և քիչ խոսել դրա մասին: Այսպիսի տպավորություն ստացա՝ ներկա լինելով նախագծի համերգին, որից հետո գրվեց նաև այս հարցազրույցը:
Lighthouse New Jazz Project-ի հետ ծանոթությունս եղել է մերօրյա իրականության կարծես թե անփոխարինելի դարձած գործիքի՝ youtube-ի միջոցով, բայց այդ ծանոթությունն, այսպես ասած, «սարքովի» է եղել՝ ընկերներիցս մեկի «թեթև» ձեռքով, մինչ այդ պարզապես չգիտեի նախագծի գոյության մասին: Հետո զուր ջանքեր թափեցի՝ փորձելով համացանցի միջոցով մի փոքր տեղեկություն հավաքել նրանց մասին: Մի խոսքով, համոզվեցի հերթական անգամ, որ որակյալ երաժշտությունը և կոմերցիան հաճախ անհամատեղելի են:
Ֆեյսբուքի ձեր էջում կարդացի, որ նախագծի համար ընտրել եք Lighthouse (անգլ.՝ փարոս) անվանումը, որովհետև անկեղծորեն հավատում եք, որ երաժշտության միջոցով հնարավոր է հասնել այն բանին, որ մարդիկ ամբողջ աշխարհում ավելի լուսավոր ու երջանիկ լինեն:
Վ. Գասպարյան - Այո, բայց ես չեմ ուզում լույս դառնալ, հաղորդիչ լինել, նման բաները շեղում են աշխատանքից, ինչպես նաև մնացած շաբլոն դարձած խոսքերն ու աֆորիզմները: Եթե մի օր ինձ ասեն, որ բոլոր աֆորիզմները կարող են իմ ձեռքի տակ լինել, ու ես կարող եմ անել դրանց հետ ինչ ուզում եմ, ապա կվերցնեմ ամբողջը, 5 կմ խորության մեջ ցինկից արկղում կթաղեմ, հողը կլցնեմ, վրայից քարեր կդնեմ: Հենց այդ աֆորիզմներն են մարդուն զրկում ազատ մտածելու ունակությունից:
Ամեն դեպքում, երբեմն ստիպված եք ուղղակի որևէ ձևակերպում, անվանում տալ ձեր երաժշտությանը:
Վ. Գասպարյան - Համարենք, որ իմ երաժշտությունը ամենաանկապ երաժշտությունն է, ոչ մի բան է, զրո: Անվանումը ո՞րն, նվագելիս ես ջրիկանում եմ, որքան էլ կոպիտ հնչի դա: Իսկ իրականում, թե ինչ եմ անում, ես չեմ ասի, որովհետև դա այնպիսի բան է, որի մասին չեն խոսում: Անում են:
Այդ դեպքում կարելի՞ է ասել, որ արվեստը և ընդհանրապես մշակույթն այն է, ինչ այս պահին, ռեալ ժամանակում կա, իսկ մնացած ամենը, որն ինչ-որ կրիչների միջոցով փոխանցվել է, ուղղակի ժառագություն է կամ մշակույթի պատմություն:
Վ. Գասպարյան - Ծիծաղելի է ստացվում, երբ ես, օրինակ, Բախի երաժշտությունն անվանում եմ արվեստ: Անհասկանալի է: Կամ երբ ասում են՝ «վա՜յ, Վան Գոգի նկարները արվեստ են»: Իրականում այդ նկարները չեն արվեստ: Արվեստը Վան Գոգն է, իր կյանքը, ներաշխարհը, որը ըմբռնել չի ստացվի այլևս: Նկարներն ուղղակի այդ արվեստի ապացույցն են: Մնացել են Վան Գոգի նկարները, իսկ նա չկա:
![]() |
| Վարդան Գասպարյան (կիթառ) և Աշոտ Կորգանյան (հարվածային գործիքներ) |
Երաժշտական կրթությամբ՝ որպես այդպիսին, ձեր նախագծում կարող է «հպարտանալ» միայն Վարդանը: Ի՞նչ է տալիս, և ինչից է զրկում դասական, ակադեմիական դպրոցը:
Վ. Հարությունյան - Երաժիշտն ամեն դեպքում մնում է երաժիշտ և ինքն է որոշում, թե որ ճանապարհով գնա: Այս հարցում կոնկրետ ու պարզ բաժանում չկա: Պայմանական են այդ հասկացությունները: Համարում եմ, որ ինձ շատ են խանգարել կաղապարները, այնքան, որքան օգնել են: Եթե վերցնում ես այն բոլոր պլյուսները, որոնք տալիս է ակադեմիական կրթությունը՝ մի քանի տարում աճելով այնքան, որ չէիր էլ կարող սպասել, միևնույն ժամանակ նույնքան իջնում ես ներքև քո ազատամտության մեջ: Մտնում ես կաղապարի մեջ, թողնում ես, որ այն քեզ մշակի, որովհետև դա քեզ օգուտ է տալիս, բայց արդյունքն այն է լինում, որ դու արդեն դու չես: Եվ հետո նույնքան ժամանակ պետք է ծախսես, որ հետ գաս այդ կաղապարից, կոպիտ ձևով հետ գաս քո ճանապարհին
Դա գիտակցվա՞ծ է կատարվում: Որովհետև երաժշտական դպրոցում հայտնվում ես վաղ հասակում:
Վ. Հարությունյան - Այո, կարելի է ասել, որ դա գիտակցված զոհողություն է: Չեմ կարող ասել, թե ընդհանրապես ինչով կզբաղվեի, եթե մայրիկս առաջին դասարանում ինձ չտաներ երաժշտական դպրոց: Միգուցե չզբաղվեի երաժշտությամբ ու լինեի, օրինակ, պերֆորմեր կամ վիզուալ արտիստ, բայց համոզված եմ, որ ինչ-որ առումով կլինեի նույնը, ինչ հիմա եմ: Երաժշտությունն ինքնաարտահայտում է ինձ համար:
1-ին լուսանկարում ձախից՝ Վարդան Գասպարյան և Վարդան Հարությունյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել