HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եթե բանից բեխաբար մի արտասահմանցի զբոսաշրջիկ փորձեր դատողություններ անել

Լեւոն Զուրաբյանի ելույթը ապրիլի 30 հանրահավաքում

Նախ ցանկանում եմ խոսել մի հետաքրքրիր երեւույթի մասին: Եթե բանից բեխաբար մի արտասահմանցի զբոսաշրջիկ փորձեր դատողություններ անել Հայսատանի ներկա կառավարիչների մասին, ելնելով վերջիններիս հրապարակային վարքից, նա շատ զարմանալի եզրակացության կհանգեր: Նա կհայտնագործեր, որ Հայաստանի ղեկավարները քրիստոնեական բարոյականության եւ եռանդուն հայրենասիրության քայլող մարմնավորումներ են կամ ազգի պահապան հրեշտակներ: Եվ իսկապես` ո՞ր մի այլ երկրում է գլխավոր ոստիկանապետը հրահանգել բոլոր ոստիկանական բաժանմունքներում տեղադրել Տեր Հիսուս Քրիստոսի պատկերները, եւ ո՞ր երկրի ոստիկանապետին է երբեւէ հաջողվել հազարավոր ցուցարարներին ցրել ոչ թե ջրցան մեքենաներով եւ արդյունաբեր գազով, այլ նրանց առաջնորդած գործչի հետ աղոթելով, ընթացքում սովորեցնելով վերջինիս նորանոր աղոթքներ, իսկ աղոթքի ավարտից հետո աշխատանքից ազատելով ցուցարարների նկատմամբ ագրեսիվություն դրսեւորած Երեւանի ոստիկանապետին:

Նման տեսարաններից ապշած արտասահմանցին բնավ չգիտի, որ նույն այդ «քրիստոնեա» ոստիկանապետը ղեկավարում է մի համակարգ, որը, կեղծելով ընտրացուցակները, տպելով տասնյակ հազարավոր կեղծ անձնագրեր, ոստիկանության անձնագրային բաժիններին հրամայելով զանգվածաբար կեղծել գրանցման տվյալները, դարձել է ժողովրդի կամքի բռնաբարման եւ ընտրակեղծարարության, վարչախմբի կողմից իշխանության յուրացման գլխավոր գործիքը: Նա չգիտի, որ Երեւանի ոստիկանապետին հեռացնելով, Վովա Գասպարյանը նրա փոխարեն նշանակել է մի մարդու, ով Եվրոպական դատարանի վճռում անցնում է որպես անմարդկային խոշտանգումներ կատարած մի դահիճ: Հիրավի քրիստոնեական գթասրտությու՜ն:

Նույնքան զարմացած մեր անտեղյակ զբոսաշրջիկը կհետեւի իշխող Հանրապետական կուսակցության հայրենասիրական նժդեհական քարոզչությանը, նախանձելով Հայաստանի ղեկավարության նվիրվածությանը ազգային շահերին: Նա չգիտի, որ մարտունակ բանակի ստեղծման եւ հզորացման, Ադրբեջանին հակահարված տալու եւ Հայոց ցեղասպանության ճանաչման ռազմատենչ կոչերը ընդամենը ծխածածկույթ են` այդ կուսակցության կողմից հայ ժողովրդի անխնա թալանի քարոզչական սպասարկման նպատակով: Նա չգիտի, որ Հայաստանի ամենահայրենասիրական ուժը Երեւանի քաղաքապետ է առաջարկում մի մարդու, որն իր պաշտոնավարման ընթացքում ձեռք է բերել արաբական շեյխին հարիր հարստություններ, եւ լկտիություն ունի ժողովրդից թալանածը բացեիբաց ներկայացնել պաշտոնական հայտարագրերում: Շա՜տ են սիրում հանրապետական տղաները մեր հայրենիքը, եւ հիմնականում գույքի տեսքով:

Ամենամեծ աղետը մեր երկրում հենց սա է. քրիստոնեական բարոյականույթան եւ գթասրտության, հայրենասիրության եւ պարկեշտության դասեր մեզ տալիս են հենց այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ զբաղվել են միմիայն բռնությամբ, թալանով, կեղծիքով եւ հարստահարմամբ:

Ժամանակն է այս ամենի վերջը տալ եւ փրկել մեր երկիրը սրբապղծությունից:

Հիմա մեր անելիքների մասին: Ամեն ազգի պատմության մեջ լինում են պահեր, երբ ժողովուրդը հնարավորություն է ստանում անմիջական մասնակցությամբ ազդել երկրի համար բախտորոշ զարգացումների վրա: Մայիսի հինգին մեր ժողովուրդը ունենալու է սեփական ճակատագիրն իր ձեռքը վերցնելու բացառիկ հնարավորություն: Կասկած չկա, որ եթե ժողովուրդը, մերժելով ավազակապետերի ընտրակաշառքները եւ սպառնալիքները, քվեարկի հոգուտ «Հայ ազգային կոնգրեսի», ապա արդեն մայիսի 6-ին մենք կունենանք ավազակապետությունից ազատագրված մայրաքաղաք, եւ ամբողջ երկրում կհռչակվի ժողովրդի իշխանության ձեւավորման եւ արմատական փոփոխությունների գորընթացի սկիզբը: 

Պետք է հստակ գիտակցենք. մայիսի 5-ից հետո 4 տարի շարունակ Հայաստանում որեւէ ընտրությունն նախատեսված չէ, եւ եթե այս ընտրություններով մենք չհասնենք արմատական փոփոխությունների կամ գոնե չդնենք դրանց համար անհրաժեշտ հիմքերը, առաջիկա 4 տարիներին մեր երկիրը կհայտնվի քաղաքական ճահճի, արտագաղթի, պետության քայքայման գործընթացի մեջ:

Ուստի, ժամանակն է գործելու: Այսօր գլխավոր խնդիրը անտարբերությունն է: Ռեժիմը փորձում է իր կողմից գնված սոցիոլոգիական հարցումների, վարձու կեղծ Գելլափների, հնազանդ լրատվամիջոցների միջոցով համոզել մեր ժողովրդին, որ ամենինչ արդեն որոշված է: Մերժեք այս կեղծիքը:  Մենք այսօր ամբողջ Երեւանում դռնեդուռ քարոզչություն ենք անում, եւ ես կարող եմ ձեզ ասել, որ մեզ արդեն հաջողվել է հասնել նրան, որ բնակչության առնվազն 20 տոկոսը բացահայտ ներկայանում է որպես  Հայ ազգային կոնգրեսի կոմնակիցներ, ովքեր պատրաստ են քվեարկելու մեր շարժման օգտին: Օրեցօր իրավիճակը փոխվում է, Տարոն Մարգարյանի հանցագործությունների մասին բացահայտումները էապես թուլացրել են ռեժիմի դիրքերը այս ընտրարշավում:

Այս հանրահավաքի մասնակիցները պետք է ստանձնեն շարժման քարոզիչների դերը, եւ հաղթանակի վճռականությունը տարածեն բոլոր նրանց մեջ, ովքեր դեռ տատանվում են կամ անտարբեր են: Եկեք բոլորս լծվենք հաղթանակի կերտման գործին, եւ հաղթանակը մերը կլինի:

Մեկնաբանություններ (2)

henri
Դու ք հայաստանցիներդ ընդհանրապէս ապուշի տեղ կը դնէք զբօսաշրջիկները անոնք ոչ ձեր խաչերուն ոչալ աղօթքներուն վրայ կը դնեն իրենց յոյսը դա շատ հնամաշ քաղաքականութիւն է որ պատմութեան բոլոր բռնապետները փորձած են։մենք հայաստան կու գանք ձեր ցաւերը մօտէն տեսնելու՜մեր մորթին վրայ զգալու քանի հաւատացած ենք որ դուք մեր հերոս քոյրերն ու եղբայրներն էք հայրենիքի պահապանները։անսահման յարգանք ոնինք ձեզի հանդէպ։
alex
բեխաբար թուրքերեն է :ինչու եք տպագրում թե համ եք տալիս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter