HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Շարբաթյանի գործով նախաքննական մարմինը նորից դադարեցրել է առերեսումները

Այս տարվա փետրվարի 6-ից փաստաբան Շարբաթյանի գործով մեղադրյալներ Սամվել Դիլոյանն ու Արեն Վերանյանն արգելանքի տակ են: Երկուսն էլ բացարձակապես չեն ընդունում իրենց մեղքը, ընդ որում՝ ոչ թե հերքում են, որ սպանություն են կատարել, այլ որ ընդհանրապես առնչություն ունեն փաստաբանի մահվան հետ: Նրանց կալանքի վերաբերյալ դատարանն արդեն 2 որոշում է կայացրել` փետրվարի 28-ին և ապրիլի 3-ին: Վերջին որոշմամբ կալանքի ժամկետը երկարացվել է ևս 2 ամսով: Դրա վերաբերյալ միջնորդությունը նախաքննական մարմնի ներկայացուցիչը դատարանում փորձել է հիմնավորել նաև առերեսումների անհրաժեշտությամբ: Բայց մինչ օրս մեղադրյալներից մեկի հետ մեկ վկայի մասնակցությամբ առերեսումից բացի` այլ գործողություն չի կատարվել:

Ինչպես պաշտպանական կողմին հայտնի է դարձել քննիչի ծանոթացրած փաստաթղթերից և կալանքի քննարկան ժամանակ նրա հայտարարություններից, երկու մեղադրյալների ցուցմունքներում առնվազն չորս անձանց հետ էական հակասություններ կան: Բայց մեղադրյալի դեպքում նույնիսկ էական հակասությունները պարտադիր չեն առերեսումների համար. մեղադրյալն իրավունք ունի առերես հարցեր տալ իր դեմ ցուցմունք տված անձանց` անկախ հակասություններից: Եթե մեղադրյալը նման ցանկություն է հայտնում, դրա իրականացումը նախաքննական մարմնի պարտականությունն է: Իսկ գործում կան անձինք, որոնց հետ մեղադրյալները պետք է առերես հարցաքննվեն: Մինչդեռ ընդամենը մեկ առերսում է արվել մեղադրյալներից միայն մեկի հետ:

Դիլոյանի և Վերանյանի օրինական շահերի պաշտպան Ռուբեն Հակոբյանին մտահոգում է նախաքննական մարմնի այս պասիվությունը, քանի որ, նրա խոսքով, հենց այդ առերեսումներից է կախված մեղադրանքի հիմնավոր կամ անհիմն լինելը: Իսկ պաշտպանական կողմի համոզմամբ` մեղադրանքը ոչ միայն հիմնավոր ու պատճաբանված չէ, այլև ապօրինի է, քանի որ կոնկրետ երկու մեղադրյալների արարքներում ընդհանրապես որևէ հանցակազմ տվյալ իրադրությունում չի էլ կարող լինել: Փաստաբան Հակոբյանն առանձնացնում է նախաքննական մարմնի պասիվության օբյեկտիվ և սուբյեկտիվ հնարավոր պատճառներ: Օբյեկտիվ պատճառ կարող է լինել, օրինակ, գործը վարող քննիչի ծանրաբեռնվածությունը, բայց տվյալ դեպքում առաջնայինը ոչ թե դա պետք է լինի, այլ մեղադրյալների իրավունքի ապահովումը: Կամ ինչ-որ տեխնիկական խնդիրներ` կապված վկաների ներկայությունն ապահովելու, եթե այլ տեղանքում են, օրենքով սահմանված կարգով հարցաքննության հրավիրելու և այլնի հետ:

«Բայց դարձյալ 2 ամիս 25 օրը այդ հարցը լուծելու համար բավականին երկար ժամանակ է,- նկատում է փաստաբան Հակոբյանը,- և ուբյեկտիվ պատճառ կարող է լինել այն, որ նախաքննական մարմինը հասկանում է, որ այդ առերեսումներից հետո ակներև է լինելու առաջադրված մեղադրանքի անհիմն լինելը, և, այսպես ասած, քաղաքացիական արիություն պետք է ունենալ և խոստովանել, որ իրենք սխալ են արել, սխալ մեղադրանք են առաջադրել»:

Օբյեկտիվությունն ու ճշմարտության բացահայտումը, ըստ նրա, բխում են իր պաշտպանյալների շահերից: Եվ որքան արագ պարզվեն գործի բոլոր իրական հանգամանքերը, առաջին հերթին դա նպաստավոր է լինելու հենց մեղադրյալների համար, որոնք, փաստաբանի փոխանցմամբ, մարտական են տրամադրված և ընկճված չեն: «Եթե նախաքննական մարմինը կարծում է, թե երկարատև կալանքի տակ պահելը կարող է նրանց ընկճել, եթե նման մտադրություն ունեն, սխալվում են: Շատ մարտական են տրամադրված, իրենց անմեղությունն ապացուցելու են օրենքով չարգելված բոլոր եղանակներով, հետագայում նաև պայքարելու են, որպեսզի իրենց իրավունքները վերականգնվեն, և խախտողներն էլ ենթարկվեն պատասխանատվության»,- ասում է Ռուբեն Հակոբյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter