
Բարձրաստիճան ոստիկանները Գյումրիում իրենց թույլ են տալիս սպառնալիքներ տեղալ փաստաբանի գլխին
Գյումրեցի փաստաբան Թամարա Յայլոյանն, ով հիմնականում մասնակցում է քրեական գործերի նախաքննություններին ու դատավարություններին, այսօր հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչները խոչընդոտում են իր մասնագիտական գործունեությանը: Փաստաբանը նշեց, որ ապրիլի 23-ին Գյումրու ոստիկանությունում իր հասցեին հնչեցրած սպառնալիքներն ու վիրավորանքն են ստիպել բարձրաձայնել այս մասին:
«Ապրիլի 23-ին ինձ դիմել էր Գեւորգ Ղուկասյանը՝ հայտնելով, որ որդուն՝ Կոլյա Ղուկասյանին, տարել են հարցաքննության Գյումրու ոստիկանության բաժին եւ փաստաբանի կարիք ունի: Ես արձագանքել եմ քաղաքացու խնդրանքին եւ թեպետ մեծ դժվարությամբ, բայց կարողացել եմ ներկա գտնվել Կոլյա Ղուկասյանի հարցաքննությանը, որը տեւել է 3 ժամ ու ավարտվել գիշերը 1-ին: Երբ ցանկանում էի իմ վստահորդի հետ հեռանալ բաժնից, ինձ տեղեկացրեցին, որ Կոլյա Ղուկասյանի հետ դեռ պիտի ինչ-որ օպերատիվ աշխատանք կատարեն: Այդ ամբողջ ընթացքում ինձ կոպիտ վերաբերմունք են ցույց տվել, վիրավորել են՝ փորձելով հրելով դուրս հանել շենքից»,- հայտարարեց փաստաբանը:
Թամար Յայլոյանն ասում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ իրեն սպառնացել են «գործ սարքել գլխին»: Ասուլիսին ներկա մյուս փաստաբաններն եւս հաստատեցին իրենց գործընկերոջ այն միտքը, որ նախաքննության ընթացքում ոստիկանություն տարված անձից շատ հաճախ ձգտում են ցուցմունք կորզել առանց փաստաբանի ներկայության: Եվ ամեն ինչ արվում է, որ ոստիկանություն հրավիրված անձը, տեղյակ չլինելով իր իրավունքներին, չօգտվի փաստաբանի ծառայությունից:
«Ես այս ամենի մեջ տեսնում եմ դիտավորություն,- նշեց Թամարա Յայլոյանը,- մեկ կվիրավորեն, մյուս անգամ կվախեցնեն, հաջորդ անգամ կհայհոյեն: Ո՞վ կարող է նման պայմաններում աշխատել: Մտածում են այդ կերպ վախեցնել եւ փաստաբանին հեռու պահել ոստիկանական բաժանմունքից: Իսկ ես այն փաստաբաններից չեմ, ով ոստիկանության ներկայացուցիչների կամ քննիչների հետ բաժանմունքում սուրճ է խմում, փոխանակ մտածի իր պաշտպանյալի մասին: Փաստաբանի գործը պաշտպանելն է, իսկ նման վարքագծով փորձում են կասեցնել իմ գործունեությունը: Ի՞նչ է նշանակում այս արտահայտությունը, թե «հենց կրակոցներ են հնչում, Թամարան հայտնվում է» կամ «Թամարան է մեղավոր, որ հանցագործները ազատության մեջ են»»:
Իր հետ տեղի ունեցածի հետ կապված փաստաբան Թամարա Յայլոյանը դատախազություն չի դիմել: Առայժմ ակնկալում է օգնություն փաստաբանական պալատից, որի անդամ է: Թամարա Յայլոյանը խուսափեց նաեւ անուններ հրապարակելուց, միայն նշեց, որ իրեն վիրավորողները շարքային ոստիկանները չեն: «Ես սպասում եմ պատասխանի փաստաբանական պալատից, իսկ հետո կհրապարակեմ անուններն այն բարձրաստիճան ոստիկանների, ովքեր իրենց նման ձեւով են պահում»,- խոստացավ փաստաբանը:
Մեկնաբանել