HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Անձնագիր չեն տրամադրում, փոխարենը ուզում են դատապարտել զինծառայությունից խուսափելու պատճառով

Լոռու մարզի քննչական բաժնում քննվում է Քր.օր.-ի 327 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործ` իսկական զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու դեպքի առթիվ: Վանաձորի բնակիչ Տիգրան Կոստանյանը դեռևս 1998-ին, երբ 13 տարեկան էր, մեկնել է Իսպանիայի Թագավորություն` մշտական բնակության: Հայրը գիտությունների թեկնածու է, դոցենտ, մանկավարժ, սակայն չէր կարողանում ապահովել ընտանիքի նվազագույն կենսամակարդակը, իսկ արտերկրում սնվելու, բուժվելու համար, որովհետև երեխան նաև որոշակի առողջական խնդիրներ ուներ, ավելի նպաստավոր պայմաններ կային: Ուստի, հաշվառումից դուրս գալով և հարազատների օգնությամբ մի կերպ ճանապարհածախսը հոգալով, ընտանիքով հեռացել է Հայաստանից: «Այդ ժամանակ դեռևս երեխայի բանակ մեկնելու-չմեկնելու հարցը չկար, և չէր կարող լինել, որովհետև այստեղ կյանքի խնդիր էր լուծվում: Մարդու բնական իրավունքն է. ուզում եմ հաց ուտել, չեմ կարող, որովհետև չեմ կարողանում աշխատել. բոլորիս հայտնի է, թե ինչպիսին էր 90-ականներին Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակը»,- ասում է Տիգրան Կոստանյանի շահերի պաշտպան Ռուբեն Հակոբյանը:

Իսկ արդեն տղայի 27 տարին լրանալուց հետո քրեական գործ է հարուցվել զինվորական ծառայությունից խուսափելու դեպքի առթիվ: Քննիչն այնուհետև որոշում է կայացրել նյութերով քրգործի հարուցումը մերժելու մասին` հանգելով հետևության, որ Տիգրան Կոստանյանը որևէ հանցագործություն չի կատարել, և նրա արարքում հանցակազմ չկա: Բայց դատախազությունը վերացրել է քննիչի այդ որոշումը` մեկնաբանելով, թե Տիգրան Կոստանյանը 13 տարեկանից կանխամտածված, հետագայում ծառայությունից խուսափելու նպատակով մեկնել է ՀՀ-ից: «Պետք չէ իրավաբան լինել, որպեսզի հասկանալ այդ ձևակերպման ոչ հիմնավոր լինելը, որովհետև նախ` 13 տարեկան անձը չի կարող հանցագործության սուբյեկտ լինել, և ապա` եթե ընտանիքը մեկնում է, երեխան չի կարող մնալ այստեղ ու ասել, որ չէ, 5 տարի հետո ես պետք է ծառայեմ: Ակնհայտ է, որ ինչ-որ անձնական ամբիցիաներից դրդված` դատախազը նման որոշում է կայացրել. 13 տարեկանում դեռ երեխա, իրենց գոյությունը չեն կարողանում պահել, մի կերպ Հայաստանից դուրս են գալիս, որ ապրեն, դատախազությունը մեկնաբանում է, որ կանխամտածված գնացել է, որ չծառայի»,- ասում է փաստաբան Հակոբյանը:

Սահմանադրությամբ ՀՀ քաղաքացին պարտավոր է զինվորական ծառայություն անցնել: Բայց տվյալ դեպքում անձը չէր կարող. օբյկտիվ պատճառներով Տիգրան Կոստանյանն Իսպանիայի Թագավորությունից հնարավորություն չի ունեցել վերադառնալու Հայաստան: Նախազորակոչային նախապատրաստություն, կցագրում չի անցել, երբևէ զինկոմիսարիատ չի հրավիրվել, ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից հետազոտության չի ենթարկվել, նրա պիտանելիությունը որոշված չէ, երբեք ծանուցում չի ստացել, և այդ ամենը` հաշվառված չլինելու պատճառով: «Հիմա ուզում է վերադառնալ, չի կարող, որովհետև անձը հաստատող փաստաթուղթ չկա: Դիմել է մեր պատկան մարմիններին, որ իրեն տրամադրեն անձնագիր, մեր չինովնիկները անձնագիր տրամադրելու փոխարեն քրեական գործ են հարուցել, ուզում են դատապարտեն, բայց չի կարող այդպիսի բան լինել»,- համոզված է փաստաբանը: Քրգործ հարուցելու մասին որոշումը Ռուբեն Հակոբյանը վերադասության կարգով բողոքարկել է Լոռու մարզի նորանշանակ դատախազին, որի կողմից բողոքը մերժվել է, փաստաբանի կարծիքով, չպատճառաբանված, չհիմնավորված ձևով: Մերժման որոշումը փաստաբանը բողոքարկել է դատարան, որպեսզի վերացվի իր վստահորդի իրավունքները խախտող որոշումը, և նրան ՀՀ քաղաքացու անձնագիր տրամադրվի, որպեսզի կարողանա վերադառնալ Հայաստան:

Մեկնաբանություններ (7)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Քրգործի հարուցումը անհեթեթություն է այս դեպքում: Երևի փող են ուզում պոկեն: Հենց «արտասահմանից» բառը լսում են, Հայաստանի «արդար ու անկախ» իրավապահ/դատական մարմինների լեզուները մինչև ծնկները կախվում է: Ճիշտ եք արել,որ գնացել եք մեդիա. դրանք բոլորը լույսից են վախենում:
Տաթև
ՀՀ-ն փաստացի հրաժարվում է իր քաղաքացիներից: Ուղղակի անհեթեթություն: Էսպիսի անօրինությունների փոխարեն ավելի լավ կլինի մտածեն ՝ ինչպիսի պայմաններ ստեղծեն, որ հայերը ետ գան կամ բանակում վիճակը կայունացնեն: Չեն մտածում, որ նման դեպքերում երկիրը կլքեն նաև հարազատները: Երկիրը շենացրեք, և ոչ թե սեփական գրպանի պարունակությունը ավելացրեք: ԱՄՈԹ է: Խայտառակում եք էս երկիրը:
KARO
Եթեանաղմուկ լուծեիք էս հոդվածն էլ չէր լինի,,,ամեն դեպքում անգրագետ որոշում են ընդունել ավելին , օրենքի տառից չբխող
Սոֆյա
Ու այս մարմիններին մենք պիտի վստահե՞նք: Ծիծաղելի է, երբ ՝ տվյալ դեպքում նորանշաակ դատախազը ինքն է խախտում օրենքը: Այսքանից հետո ինչպես կարելի է վստահել իրավապաշտպան մարմիներին: Նման դեպքերը միայն ավելացնում են քաղաքացիների հիասթափությունն ու արհամարհանքը: Որոշում կայացնողը այժմ դատարանն է, հուսանք որ որոշումը կլինի արդարացի և անկողմնակալ:
Tereza
Բնականաբար չեն տրամադրի. ամեն պատեհ առիթ պիտի օգտագործեն սեփական գրպանը լցնելու համար. լավ, չեք մտածում ինչ գնով եք էդ անում? Մի քիչ էլ ուրիշի քրտինքի հաշվին հարստացաք, ինչի եք հասնելու? Չեք մտածում, որ դիմողը Եվրոպայի բնակիչ է, որ կարող է հարցը միջազգային ատյանների հասցնել...զգուշացեք նրանից, որ էս երկրի դատական իշխանության առանց այն էլ վայ-համբավը հիմա էլ համաեվրոպական մասշտաբով զրոյի չհավասարեցնեք...ամոթ է:
Գրիգորյան Լուսինե
Հոդվածը կարդալուց հետո մեծ ափսոսանքով, բայց պետք է նշեմ,որ նման անգրագետ որոշումներն են հենց նպաստում արտագաղթի մեծացմանը: Եվ այստեղ հարց է առաջանում. մեր պետիրավական մարմինները այսպե՞ս են կարևորում ՀՀ ազգային անվտանգության համար առաջնահերթ խնդիր համարվող հայրենադարձությունը, այսպե՞ս են խրախուսում հայրենադարձությունը: Յուրաքանչյուր գիտակ մարդ հոդվածը ընթերցելուց հետո կհասկանա, որ տգիտություն է մտածել, թե երեխային 13 տարեկանում Հայաստանից տանում են, որպեսզի խուսափի ծառայությունից: Տվյալ ժամանակաշրջանում ՀՀ քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակը այնպիսին էր, որ մարդիկ 5 տարի առաջ ոչ թե մտածում էին երեխային հեռացնեին` ծառայությունից խուսափելու համար, այլ մտածում էին հեռանան, որպեսզի կարողանան ապրել և գոյատևել: Ամոթա, ձեր գրպանները լցնելու համար աբսուրդի հասնող որոշումներ եք կայացնում:
ԱՆՈՒՇ
Արտագաղթը շարունակվում է մինչև այսօր,թող մտածեն որ վաղը մարդ չի մնալու Հայաստանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter