«Արմենիան Քափըր Փրոգրամ»-ը կմասնակցի Ալավերդու մկնդեղի գերեզմանոցի վերակառուցմանը
ԵԱՀԿ Ալավերդու Օրհուս կենտրոնում ապրիլի 30-ին քննարկում էր կազմակերպվել՝ համայնքին իրազեկելու «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության պղնձաձուլական գործարանի գործունեության հետևանքով Ալավերդիում առկա բնապահպանական հիմնախնդիրների մասին: Քննարկման ժամանակ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Արզումանյանն ուշագրավ հայտարարություններ արեց: Նա ասաց, որ «Վալլեքս» խմբի ընկերությունների կողմից Ալավերդիում ժամանակակից պղնձաձուլական գործարան առայժմ չի կառուցվի:
Գագիկ Արզումանյանը քաղաքապետ Արտավազդ Վարոսյանին առաջարկեց Ալավերդու մկնդեղի գերեզմանոցը ընդունել որպես համայնքային սեփականություն: Սակայն քաղաքապետը չընդունեց առաջարկությունը: Այսուհանդերձ, վերջիններս երկխոսության արդյունքում համաձայնության եկան մկնդեղի գերեզմանոցի վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման ֆինանսավորման շուրջ: 50 տոկոս ֆինանսավորումը ստանձնեց «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը:
Գագիկ Արզումանյանը նաև պատրաստակամություն հայտնեց համաֆինանսավորմամբ մասնակցել Լոռու մարզի համայնքների կոյուղու կեղտաջրերի մաքրման կայան կառուցելու և Դեբեդ գետը կոյուղու կեղտաջրերից վնասազերծելու ծրագրերին, որոնք իրականացնելու են դոնոր կազմակերպությունները:
Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը կարևորեց այս քննարկումը. «Մենք 2014թ. բուժծառայությունների մատուցման ոլորտում բնապահպանական սուբվենցիաների միջոցներով իրականացնելու ենք կանխարգելիչ բժշկական միջոցառումներ»: «Վալլեքս» խմբի ընկերությունների մամուլի պատասխանատու Վահրամ Ավագյանը քննարկման մասնակիցներին հայտնեց, որ շրջակա միջավայրի վրա գործարանի վտանգավոր ազդեցությունները պայմանավորված են արտանետվող գազերի մեջ ծծմբային անհիդրիդի առկայությամբ: Նրա պարզաբանումներից հայտնի դարձավ, որ Ալավերդու շրջակա միջավայրի վրա գործարանի արտանետումների վնասները մեղմելու՝ ընկերության վերջին տարիների ձեռնարկած միջոցառումներից շատ թե քիչ արդյունավետ է եղել գործարանի ծխնելույզի տեղափոխումը Կոշաբերդ սարի գագաթ: «Ընկերությունն այս միջոցառումն ի սկզբանե համարել է ժամանակավոր լուծում: Արմատական լուծման ուղին ծծմբական թթվի արտադրություն ենթադրող ժամանակակից գործարանի կառուցումն է»,- ասաց Վահրամ Ավագյանը:
Ընկերության էկոլոգ Սուրեն Երիցյանը ներկայացրեց գործարանի արտադրական ծխնելույզը տեղափոխելուց հետ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 2012թ. նոյեմբերից սկսված մոնիտորինգի արդյունքները: Հաղպատի գյուղապետ Վահրամ Քառյանը կասկած հայտնեց մոնիտորինգի արդյունքների կապակցությամբ . «Դուք, հավանաբար, այնպիսի օրերի եք այդ հետազոտություններն անցկացրել, երբ գործարանը քիչ արտադրանք է տվել»,- ասաց գյուղապետը: Գործարանի արտադրության գծով տնօրեն Կոլյա Ֆեոֆանովը գյուղապետին բացատրեց, որ գործարանը վերջին 5 տարիներին աշխատել է ռիթմիկ, իսկ ծխի մեծ քանակությունը պայմանավորված է քամիով: Լոռու մարզպետարանի բնապահպանական բաժնի պետ Արտակ Դեմիրչյանը նշեց, որ ծխնելույզի բարձրացման հետևանքով այլ համայնքների դեպքում գազերի տարածման գործակիցը մեծացել է: Նա առաջարկեց մոնիտորինգ անցկացնել նաև Ախթալայում և հարևան համայնքերում:
Օձունի փոխհամայնքապետ Արմինե Միքայելյանը Գագիկ Արզումանյանին խնդրեց բացատրել, թե ինչու են նվազել Օձունի բնապահպանական սուբվենցիաները: Գագիկ Արզումանյանը, ամփոփելով քննարկումը, հայտնեց, որ ընկերությունը մոնիտորինգի կետերի ընտրությանը չի մասնակցել: Այն իրականացնում է բնապահպանության նախարարությունը: Կոնկրետ Հաղպատում տեղադրված են մոնիտորինգի 3 դիտակետեր, իսկ մոնիտորինգի արդյունքները հիմնականում չեն գերազանցում ՍԹԿ-ն: Գլխավոր տնօրենը հնարավոր համարեց որոշ համայնքների վրա արտանետումների ավելացումը:
Անդրադառնալով բնապահպանական վճարների նվազման վերաբերյալ Օձունի փոխհամայնքապետի հարցին՝ Գագիկ Արզումանյանը հայտնեց, որ ընկերությունը մասնակցություն չի ունենում բնապահպանական սուբվենցիաների բաշխմանը: Դա որոշում է ՀՀ կառավարությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել