
Գագիկ Բեգլարյանն ընդունեց «Ռասիա ՖԶԷ» և «Fortune Oil» ընկերությունների ներկայացուցիչներին
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանն ընդունել է «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բորկովսկուն, «Fortune Oil» չինական ընկերության ներկայացուցիչներին՝ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թի Կիամփունի գլխավորությամբ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «Ռասիա ՖԶԷ» ընկերության միջև ստորագրված պայմանագրի համաձայն՝ ընկերությունը կիրականացնի «Հայաստանի հարավային երկաթուղու» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհի» տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը, որի տնտեսական հիմնավորված լինելու դեպքում՝ նաև ֆինանսավորումը, նախագծումը, կառուցումը և շահագործումը:
Հանդիպման ընթացքում Ջոզեֆ Բորկովսկին Գագիկ Բեգլարյանին ներկայացրեց «Հայաստանի հարավային երկաթուղու» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհ» նախագծերի վերաբերյալ հակիրճ հաշվետվությունը, վերջին զարգացումները, դրանց տեխնիկական առաջադրանքների ընթացքը:
Բորկովսկին նշեց նաև, որ չինական « Fortune Oil » ընկերությունը նախատեսում է հանքաարդյունաբերության իրենց ծրագրի իրականացման շրջանակներում էականորեն ավելացնել երկաթուղային ծավալները:
«Համատեղ աշխատանքի արդյունքում պետք է ունենանք մի նախագիծ, որտեղ բոլոր կողմերի շահերը կհամընկեն, քանի որ «Հայաստանի հարավային երկաթուղի» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհ» նախագծերը ռազմավարական մեծ նշանակություն ունեն Հայաստանի համար: Նախարարությունը պատրաստ է հնարավորինս աջակցել դրանց արդյունավետ իրականացմանը»,-կարևորեց Գ.Բեգլարյանը: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:
Մեկնաբանել